Մաքրամեն ինտերիերում, հագուստում և հարսանիքին

Սոֆիյա Մովսիսյան-Ալեքսանյանի համար մաքրամեն հոբբիից վերածվել է բիզնեսի: Նա ստեղծում է ինտերիերի պարագաներ, որոնք նոր շունչ են հաղորդում միջավայրին, խիստ անհատական հագուստ ու աքսեսուարներ: Ներկայացնում ենք մեր զրույցը:

Սոֆիյա, խնդրում եմ ներկայացնել՝ ինչպե՞ս առաջացավ այս գեղեցիկ զբաղմունքը բիզնես հիմքերի վրա դնելու գաղափարը:

-Ի սկզբանե մաքրամեն հոբբի էր՝ գործում էի, նվիրում ընկերներիս, մտերիմ մարդկանց՝ գոտիներ, վզնոցներ, դրամապանակներ, տան մեջ կիրառվող դեկորատիվ իրեր։ 2017թ-ին որոշեցի սիրելի աշխատանքս վերածել բիզնեսի և ստեղծվեց SofEli Macrame-ն՝ իմ և դստերս անուններից՝ Սոֆիյա և Էվելինա։

-Ի՞նչ պրոդուկտներ եք ստեղծում: -Ձեր էջում տեսնում ենք ինչպես հագուստի տարրեր, այնպես էլ տարատեսակ պարագաներ:

-Մաքրամեն դեկորտիվ կիրառական արվեստի ճյուղերից մեկն է, կիրառելի է թե՛ կենցաղում, թե՛ աքսեսուարների, թե՛ հագուստի մեջ, այսինքն երևակայելու, ստեղծագործելու լայն հնարավորություն է տալիս։ Հագուստի մոդելավորումից բացի մեզ մոտ կան շատ հետաքրքիր դիզայներական լուծումներով բրոշներ, կախազարդեր, գոտիներ, պայուսակներ, թևնոցներ, գլխազարդեր և այլ աքսեսուարներ։ 2020թ-ին Հայաստանում առաջին անգամ հարսանեկան բոհեմյան ոճի workshop իրականացրեցինք, ֆոտոնկարչուհի Արուսիկ Մարկոսյանի հետ, որը եզակի էր իր ոճով, որտեղ բոլոր աքսեսուրները մաքրամեից էին։ Ունենք նաև կենցաղում օգտագործվող դեկորներ, իրեր՝ ամբողջությաբ մաքրամեից։

-Որտեղի՞ց եք վերցնում գաղափարը: Դրանք հեղինակային աշխատաքնե՞ր են:

Երբ ստեղծվեց ապրանքանիշը, առաջնային նպատակը բացառիկ նմուշներ ստեղծելն էր։ Մաքրամեից աքսեսուրաներ, դեկորատիվ իրեր շատ կան, բայց մաքրամեով գործած հագուտի դիզայնով քչերն են զբաղվում, քանի որ շատ բարդ է ու մեծ համարձակություն է պահանջում: Այդպես որոշեցի ռիսկի դիմել և առաջարկել հենց մաքրամեից հագուստ, քանի որ սիրում եմ տարբերվել և ուզում եմ այլընտրանքային, տարբերվող ոճ առաջարկել։ Ասեմ, որ տարածաշրջանում SofEli Macrame-ն միակն է, որ հենց մաքրամեով գործած հագուստի դիզայնով է զբաղվում։ Մեր աշխատանքները հեղինակային են ու չկրկնվող։ Ոգեշնչման աղբյուր կարող է դառնալ ամեն ինչ՝ եղանակը, երաժշտությունը, տրամադրությունը, անգամ մարդկանց հետ շփումը։ Գաղափարները երբեմն ծնվում են շատ պատահաբար՝ ֆիլմ կամ տեսահոլովակ դիտելիս, երեխաներիս հետ խաղալու ընթացքում, լինում են դեպքեր, երբ որևէ այլ աշխատանք եմ կատարում ու այդ պահին չգիտես, թե որտեղից հայտնվում են հագուստի կամ դեկորի դետալների նոր ձևով կիրառելու մտքեր։

-Ի՞նչ նշանակություն եք տալիս հումքին:
-Լավ որակ, հարմարավետություն ու տեսք ապահովելու համար, անշուշտ, շատ կարևոր է որակյալ հումքով աշխատելը։ Իմ գործունեության դեպքում թելերը պետք լինեն համապատասխան գործվածքին, որպեսզի և՛ աշխատանքի ողջ գեղեցկությունն ու նախշերի տարբերությունը երևա, և՛ հագուստը կրողին լինի հարմարավետ, պրակտիկ ու հակալերգիկ, և դեկորները լինեն կենցաղում երկարակյաց։ Ցավոք, տեղական արտադրության թելերի առաջարկը այդքան էլ շատ չէ, չնայած լիահույս եմ, որ շուտով այդ բացն էլ շուկայում կլրացվի։

-Ովքե՞ր են Ձեր պրոդուկտների հասցեատերերը՝ ու՞մ համար եք ստեղծագործում:
-Վերջին տարիներին Հայաստանում բոհեմյան ոճի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է, երբ մարդիկ տենսում են, թե ինչպես է ստեղծվում մաքրամեն, հետաքրքրությունը կրկնապատկվում է։ Հայուհիները սիրում են տարբերվել, ունենալ իրենց ձեռագիրը, և դա է պատճառը որ մեզ են ընտրում։ SofEli Macrame ապրանքանիշի առանձնահատկությունը նաև այն է, որ միևնույն աքսեսուրը, հագուստը կարելի է և’ առօրյայում կրել, և’ երեկոյան զգեստների հետ օգտագործել, և՛ հատուկ առիթներին որևէ հագուստի լրացում դարձնել: Ցանկացած տարբերակով, հետաքրքիր լուծում կլինի և կերպարը լրացնելու ինքնատիպ տարբերակ: Հավելեմ, որ մեր ապրանքանիշն ընտրողը կարող է վստահ լինել, որ աշխարհի որ ծայրում էլ լինի, երկրորդ այդպիսի հագուստը, աքսեսուարը չի գտնի։ Մեր աշխատանքները չեն կրկնվում, ես չեմ կրկնօրինակում անգամ իմ ստեղծագործությունները։

-Ի՞նչ պլաններ ունեք նմուշների քանակի մեծացման, նոր շուկաների ներգրավման հետ կապված:
-Կարծում եմ, որ ցանկացած ստեղծագործողի համար ամենամեծ ցանկություններից է միջազգային շուկայում ներգրավված լինելը։ Երբ դեռ ունես ասելիք, ունես նորը ստեղծելու ձգտում, ուզում ես հայրենիքի սահմաններից դուրս ևս փոխանցել քո ասելիքը։ Հատկապես ստեղծված իրավիճակում, առավել քան երբևէ Հայը պետք է ի լուր, ինչու չէ ի հեճուկս ողջ աշխարհի ստեղծի, արարի, ապացուցի, որ մենք չենք կոտրվում, մենք չենք նահանջում, չենք դադարում ստեղծագործել՝ խեղդելով արցունքներն ու ցավը։

-Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար նորաձևությունն ու անհատական մոտեցումը:
-Ես կլինեմ շատ անկեղծ՝ երբևէ ինքս նորաձևության թրենդերին չեմ հետևել, սակայն ունեցել եմ իմ՝ ուրիշներից տարբերվող ու չկրկնօրինակող ոճը՝ օգտագործելով նորաձևության որոշ էլեմենտներ։ Անձը հագուստի միջոցով ենթագիտակցական մակարդակում իր մասին որոշակի տեղեկություններ է հաղորդում շրջապատին։ Ինչ խոսք, ցանկացած հագուստ պետք է լինի ոչ միայն ոճային, այլև հարմարավետ, որպեսզի այն կրողը լինի ինքնավստահ։ Հագուստներ, աքսեսուարներ ստեղծելիս չափազանց կարևորում եմ անհատական մոտեցումը։ Երբ փորձում եմ անհատական հագուստ գործել որևէ մեկի համար, միաժամանակ փորձում եմ բացահայտել տվյալ մարդու ներաշխարհը, նախասիրությունները, իհարկե, չեմ մոռանում մասնագիտության մասին։ Երբ այս բոլորը մեկտեղվում են, ստեղծվում է հենց այն միակ նմուշը, որն ինչպես արդեն նշեցի չի կարող կրկնվել։

-Որո՞նք են մաքրամեի կիրառության հնարավորությունները ժամանակակից նորաձևության պայմաններում:
-Նորաձևությունը փոփոխվում է, բայց հիմքը միևնույն է մնում է այն, ինչ ստեղծվել է տարիներ առաջ։ Մաքրամեն եկել է շատ հնուց, բայց ես ուզում եմ այն կիրառելի դարձնել նաև հիմա, հանգույցների ու թելերի աշխարհը բերել մեր առօրյա կյանք։ Նորաձևության մեջ մաքրամե իր ուրույն տեղն ունի՝ հատկապես վերջին տարիներին։ Տարիների ընթացքում հասկացա, որ պետք է անընդհատ շարժման մեջ լինել, պետք է անդադար փորձել, համադրել, հինը փոփոխելով ժամանակակիցը գտնել, որպեսզի ծնվեն նոր գաղափարներ։ Ինչպես մեր երևակայութունը, մեր երազանքները, այնպես էլ մաքրամեն անհավանական գաղափարի ծնունդ է և վերարտադրություն։

-Արդյոք կիրառվում են հայկական ավանդական զարդանախշեր ու հյուսքի ձևեր, թե սա համընդհանուր մոեցում ունի՝ անկախ ազգային պատկանելիությունից:
-Մաքրամեի հայրենիքը կարելի է համարել Հին Չինաստանն և Ճապոնիան, սակայն կան փաստեր, որ եգիպտական դամբարաններում ևս գտնվել են հանգուցային հյուսվածքի օրինակներ, որոնք 4000 տարվա վաղեմություն ունեն։ Հանգուցային այս տեխնիկան Եվրոպայում 19-րդ դարում են սկսել օգտագործել։ Հայաստանում ևս այն տարածված է եղել։ Ինչպես մյուս երկրներում, մեզ մոտ ևս մաքրամեն տարիների ընթացքում բազմաթիվ անգամ մոռացության է մատնվել և նորից վերածնվել՝ բերելով նոր ձևեր, նոր նյութեր և օգտագործման տեխնիկական միջոցներ: Ի դեպ մենք այն քիչ ազգերից ենք, որ մաքրամեի պատմության մեջ ևս թողել ենք մեր ձեռագիրը։ Ինչպես հայտնի է կան հարյուրավոր հանգույցների տեսակներ, ու բոլոր հանգույցներն ունեն իրենց անվանումները։ Մաքրամեում կա Հայկական հանգույց, որը շատ կիրառելի է ու գեղեցիկ տեսք է հաղորդում աշխատանքին։ Դեռ փոքրուց միշտ իմ աշխատանքներում (անկախ նախշից) պարտադիր մի հատված գործում եմ Հայկական հանգույցով ինչ որ բան։ Կարծես դրանով իսկ ցանկանում եմ Հայկական շունչ հաղորդել ու Հայաստանում ստեղծված լինելու փաստը ընդգծել։ Ի դեպ մոտ մեկ տարի է, ինչ աշխատում եմ «Հայուհի» հավաքածուի վրա, որտեղ կիրառվում են հայկական զարդանախշերից էլեմենտներ։ Հուսամ շուտով կկարողանամ ավարտին հասցնել և հանձնել ձեր դատին։

 

Leave a Comment