Մեզնից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ բույրն ունի, դա մեզ օգնում է մարդկանց բազմազանության մեջ գտնել մեր այն միակին, ով իր առանձնահատուկ, բայց մեզ համար նախատեսված բույրով կգրավի մեր ուշադրությունն  անգամ բազմության մեջ:

Ահա, թե որքան կարևոր է բույրը մարդու կյանքում:

Պարզվում է, որ մարդու օրգանիզմն արտազատում է ֆերամոն կոչվող նյութը: Այն ունի արտասովոր հոտ ու բնությամբ նախատեսված է հակառակ սեռին գրավելու համար: Մարդկային ցեղը պետք է շարունակվի, իսկ հիմնական բնազդը միշտ արթուն պահելը բնության կարևորագույն առաքելություներից մեկն է:

Գիտական մոտեցման շնորհիվ հաջողվել է պարզել ֆերամոնների տեսակներն ու որոշ հատկություններ:

Գոյություն ունեն արական ֆերամոններ, որոնք գրավում են կանանց, և իգական ֆերամոններ, որոնք, համապատասխանաբար, գրավում են տղամարդկանց:

Օծանելիքի արդյունաբերության մեջ արդեն սովորել են օգտագործել այս բնական խթանիչը: Շատ հայտնի արտադրողներ ավելի ու ավելի հաճախ են իրենց հաճախորդներին առաջարկում այս հրաշք բույրերը, որնք թույլ չեն տա նրանց աննակատ մնալ շրջապատում:

Սակայն պետք է նկատի ունենալ, որ նման միջոցների արթնացրած զգացումները ամենևին սիրո ու նման լուրջ զգացնմունքների հետ խառնելու կարիք չկա: Ֆերամոնի ազդեցությունը շատ կարճ է ու ունակ է արթնացնելու միայն կարճատև սեռական ձգողականություն: Այսինքն, Ֆերամոնով օծված կինը տվյալ պահին տղամարդկանց ուշադրության պակաս հաստատ չի ունենա:

Սակայն որոշ անհատական գործոններ թույլ չեն տալիս դրանց ազդել բոլորի վրա: Մարդիկ դեռևս չեն սովորել լիովին վերարտադրել բնական ֆերամոնը: Հետևաբար, դրանց ազդեցությունը ոչ միայն կարճաժամկետ է, այլ կարող է  չազդել հենց այն տղամարդու վրա, որը ՛՛ձեր թիրախում է՛՛:

Սա աշխարհում հավասարակշռություն պահպանելու համար խիստ կարևոր է: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե ցանկացած մարդ ունակ լիներ նման միջոցներով ենթագիտակցական մակարդակով ազդելու ցանկացած մեկի վրա: Աշխարհում կտիրեր բնազդային մղումներով ու անգիտակցական ցանկություններով հագեցած քաոս:

Օծանելիքը որքան էլ լավ է բուրում և հաճելի է ընկալվում շրջապատում, միևնույն է, ունակ չէ փոխարինելու ֆերամոնի բույրին: Հակառակը, դրանք հաճախ խանգարում են ու անընկալելի դարձնում մարդու իրական ֆերամոնների բույրը, և ով գիտե, գուցե ձեր թանկարժեք օծանելիքի պատճառով մի օր բաց եք թողել ձեր այն միակին…

Արհեստական ֆերամոններով օծանելիքի բույրը ամենևին էլ պարտադիր չէ, որ հաճելի լինի: Այն հիմնականում բավական սուր ու արտահայտիչ հոտ ունի և ու որպես օծանելիք այն, բառի բուն իմաստով, դժվար թե իր գործն անի:

Ինչպես օգտագործել ֆերամոնով օծանելիքը:

Ասում են՝ կանայք անուշաբույր յուղերով օծում են հատկապես մարմնի այն հատվածները, որտեղ կցանկանային համբույր ստանալ: Սա ևս ենթագիտակցական մակարադակում է:

Մասնագետները խորհուրդ են տալիս ցանկացած տեսակի օծանելիքի բույր ավելի արտահայտիչ դարձնելու համար օծել դաստակը՝ հենց զարկերակի վրա, ականջից քիչ ներքև գտնվող քներակի հատվածը, ինչպես նաև արմունկների հակառակ կողմը՝ հենց ծալքի հատվածում, որտեղից, ըստ մասնագետների, ավելի հեշտ է բացվում մարդու մարմնի բնական բույրը:

Գոյություն ունի կույր Դաշնակահար Ջորջե Շիրինգեի մասին լեգենդը: Դրա համաձայն Շիրինգեն բույրով սովորել էր որոշել կնոջ գրավչության աստիճանը: Դրա համար բավական էր, որ կնոջ հետ նա կարճ ժամանակով մենակ մնար նույն սենյակում: Ասում են՝ կորցնելով կարևոր զգայարաններից մեկը, մարդը ձեռք է բերում հենց այն՝ վեցերորդը:

Ոչ մի արհեստական ճանապարհով ստեղծված օծանելիք ու նյութ ունակ չէ սեր արթնացնելու դիմացինի մեջ: Արհեստական ճանապարհով ձեռք բերված հմայքն ու գրավչությունն էլ թիթեռի կյանք ունեն:

Եղեք բնական ու իրական, իսկ գրավչության ու ձգողականության մասին մեր փոխարեն հոգացել է ամենակարող բնությունը: