Բնության կողմից կնոջ համար ստեղծված լավագույն կոսմետիկ միջոցը առողջ քունն է:

Քնի տարբեր տեսակի խանգարումները կարող են փչացնել անգամ ամենախնամված ու ամենագեղեցիկ կնոջ արտաքին տեսքը: Պատահական չէ, որ կարևոր միջոցառումներից ու հասարակական ելույթներից առաջ հայտնի շատ մարդիկ առաջին հերթին պահպանում են քնի ռեժիմը, միայն դրանից հետո նրանք վերջնական տեսքի են բերում իրենց մարմինն ու դեմքը:

Կնոջ օրգանիզմի համար քնի նշանակությունն  ու կարևորությունը իսկապես ավելի մեծ է:  Ապացուցված է, որ տղամարդիկ ունակ են օրվա վերջում հեշտ լիցքաթափվելու և խորը քնելու, հետևաբար, համեմատաբար կարճ քնի շնորհիվ նրանք կարողանում են վերականգնել օրվա ընթացքում ծախսված էներգիան ու արթնանալ առույգացած և լիովին թարմ:

Կանայք էլ, լինելով ավելի էմոցիոնալ ու դեպրեսիաների հակված, ավելի դժվար են կարողանում հաղթահարել օրվա լարվածությունն ու խորը քնել: Տեսակի նման առանձնահատկության պատճառով կնոջ քունը նաև գրեթե միշտ ընդհատվող է ու խիստ մակերեսային: Խրոնիկ քնի խանգարումները հատուկ են կանանց մեծ մասին: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները դուրս են բելեր առողջ քնի  օպտիմալ ժամանակը:  7 ժամվա լիարժեք, խորը քունը լավագույն հակադեպրեսանտն է մշտապես աշխույժ ու անվերջ տպավորություններով ապրող գեղեցիկ սեռի համար:

առողջ քուն

Քնի հոգեբանությունն ուսումնասիրող ամերիկյան համալսարաններից մեկում եկել են այն եզրակացության, որ քնի խանգարումը հատկապես կանանց մոտ կարող է  բերել հոգեկան տարբեր տեսակի խնդիրներից մինչև շաքարային դիաբետի առաջացման:

Մասնագետներն ուսումնասիրելով 200 տղամարդու և կնոջ՝ պարզել են, որ քնի անկանոն ռեժիմն ու անքնությունը կործանարար ազդեցություն են ունենում ավելի շատ հենց կանանց օրգանիզմի վրա: Այն առաջացնում է սրտանոթային տարբեր տեսակի խնդիրներ, սրվում են բորբոքային տարատեսակ պրոցեսներն ու ի վերջո առաջ է գալիս տրամադրության անկում ողջ օրվա ընթացքում:

Վաղուց արդեն հնացած ու անընդունելի են քնի մասին թյուր պատկերացումները, որոնց համաձայն մարդն իր կյանքի կարևոր ժամերը ապարդյուն վատնում է քնի վրա: Այժմ արդեն ապացուցված է,  որ այդ կյանքի առողջության ու նույն այդ կյանքը լիարժեք ընկալելու, վայելելու համար ավելորդ ժամանակի կորուստ համարվող այդ քունն ուղղակի անհրաժեշտություն է:

Բավական է հաշվի առնել միայն մի քանի կարևոր առանձնահատկություն, որոք կապված են հենց քնի հետ:

Երիտասարդության հորմոն համարվող մելատոնինն, օրինակ, օրգանիզմում սկսում է  արտադրվել օրվա երեկոյան ժամերին՝ 20.00-ից սկսած: Գործընթացն իր գագաթնակետին է հասնում կեսգիշերից մինչ առավոտյան ժամը 4-ը: Այս մասին տեղյակ են շատ հայտնի չծերացող աստղեր: Սոֆի Լորենը շատ հարցազրույցներում որպես իր հավերժական երիտասարդության գաղտնիք նշում է ճիշտ քնի ռեժիմը՝ երեկոյան 21.00-ից մինչ առավոտյան ժամը 6.00:

Հայտնի է նաև, որ մարդու օրգանիզմում բնությունը ներդրել է քաշի կարգավորման խելացի մի մեխանիզմ: Գրելին կոչվող հորմոնն, օրինակ, ազդակ է ուղարկում մեր ուղեղին՝ քաղցածության վերաբերյալ: Սնունդն ընդունելիս հագեցվածության մասին էլ մեր ուղեղին ազդակ է հասնում արդեն լեպտին կոչվող հորմոնի շնորհիվ: Պարզվում է, որ քնի խանգարման դեպքում այս հորմոնների արտադրումն օրգանիզմում տեղի է ունենում քաոսային կարգով: Որպես հետևանք՝ ախորժակի կառավարման հետ խնդիրներ ու երբեմն հագենալու զգացողության բացակայություն: Ստացվում է՝ քնի խանգարումը էականորեն ազդում է ողջ օրվա ընթացքում մեր ախորժակի վրա՝ դառնալով ավելորդ քաշի պատճառ:

Ավելորդ չէ նաև  նշել, որ աճի հորմոնը ևս ակտիվանում է մարդու օրգանիզմում հենց քնած ժամանակ: Պատահական չէ, որ փոքրիկները ավելի հաճախ են քնի կարիք ունենում, քան մեծերը:  Մեծերի մոտ սակայն դա մի փոքր այլ կերպ է գործում, ու հորմոնն ազդում է նյութափոխանակության ու օրգանիզմը մաքրելու ֆունկցիաների վրա: Հետևաբար քնած ժամանակ նիհարելու մասին դատողություններն ու պնդումները ավելի քան հիմնավոր են:

jobs.am

Ստացվում է, որ քնի մասին գիտելիքներն ու այս բնական մեթոդի ճիշտ կիրառումը կնոջը կօգնի լինել մշտապես գեղեցիկ և թարմ՝ պատրաստ օրվա առաջադրած փորձությունները հաղթահարելուն: Մի անտեսեք սա. գեղեցիկ սեռը նաև ուժեղ չլինելու իավունք չունի: