Առողջ մաշկն արդեն իսկ գեղեցիկ է։ Օրգանիզմում տեղի ունեցող ամենատարբեր պրոցեսները վտանգում են նաև մաշկի առողջությունը՝ ստիպելով նյարդայնանալ, անհանգստանալ, քողարկել։ Միակ գրահետ և ճիշտ որոշումը մասնագիտական բուժումն է։ Այն համակարգային ու խորքային է, երբ վերացվում են ոչ միայն էսթետիկ անհարմարությունները, այլև պատճառներն ու կանխվում են էսթետիկան խաթարող բուն գործընթացները։ Ակնեն մեկն է այն հիվանդություններից, որը քողարկել պարզապես չի կարելի։ Այն պետք է հստակ ախտորոշել, պատշաճ բուժել։ Ակնեի մասին ենք զրուցում ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» մաշկաբան Լաուրա Սուքիասյանի հետ։
-Բժշկուհի, խնդրում եմ ներկայացնել՝ ի՞նչ հիվանդություն է ակնեն։
-Ակնեն մաշկի քրոնիկական, բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է ճարպագեղձերի կողմից ճարպի գերարտադրություն, մազերի ֆոլիկուլների և ճարպագեղձերի խցանում և բակտերիալ ինֆեկցիայի միացում:
-Հիմնականում ո՞ր տարիքի մարդկանց է բնորոշ։ Կա՞ սեռային տարբերություն։
– 85% դեպքերում ակնե առաջանում է 12-24 տարեկան հասակում: Սակայն չպետք է մոռանալ, որ ակնե կարող է առաջանալ նորածինների, մանկահասակ երեխաների, ինչպես նաև հասուն տարիքի մարդկանց շրջանում: Կարևոր է հիվանդության սկզբի տարիքը, քանի որ, պայմանավորված դրանով, փոխվում են նաև բուժական մոտեցումները։
Դեռահաս տարիքում գերակշռում է արական սեռի, իսկ արդեն հասուն տարիքում ավելի հաճախ դիտվում է կանանց շրջանում:
-Ի՞նչ նշանակություն ունի օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը։
–Ճարպարտադրության գործընթացը կարգավորվում է որոշ սեռական հորմոններով ՝ անդրոգեններով (տեստոստերոն ,ԴՀԷԱ-Ս և այլն): Էնդոկրին որոշ հիվանդությունների ժամանակ նշված հորմոնների քանակը արյան մեջ կարող է բարձրանալ և դրանց կլինիկական արտահայտումներից մեկն էլ լինի ակնեն:
–Կա՞ արդյոք ժառանգականության գործոնը։
–Այո՛, ակնեի առաջացման պաթոգենեզում կարևոր դեր է կատարում գենետիկ նախատրամադրվածությունը, այդ իսկ պատճառով հաճախ դիտվում են ընտանեկան դեպքեր, երբ մոտ հարազատ ազգականները միաժամանակ դիմում են մասնագետի:
-Արդյոք այն ալերգիայի դրսևորում է։
-Ո՛չ, ակնեն ալերգիայի դրսևորում չէ, սակայն հաճախ սխալմամբ ախտորոշվում է և ընկալվում է, որպես ալերգիկ գործընթաց, ինչն էլ բերում է վիճակի բարդացման: Կարևոր է նաև իմանալ, որ ակնե ունեցողների մոտ կարող է լինել նաև ալերգիկ գերզգայունություն ինչ- որ նյութերի նկատմամբ, որը փոխում է հիվանդության կլինիկական ընթացքը և պահանջում է յուրահատուկ մոտեցում։
– Ի՞նչ է լինում, երբ ակնեն անտեսվում է։ Արդյոք հնարավոր են բարդացումներ, բշտերի խոցոտումներ և այլն։
-Ակնեն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Նույնիսկ, երբ ունենք ուղղակի ճարպոտ մաշկ, ապա պետք է սկսել մաշկի ճիշտ խնամք՝ ընտրել մաշկը ճարպազերծող լվացվելու գելեր և քսուքներ:
Անտեսման դեպքում իհարկե մեծ է հավանականությունը ունենալ բարդացումներ, որոնց բուժումը շատ ավելի բարդ և պատասխանատու է՝ ինչպես բժշկի, այնպես էլ բուժառուի համար:
Կորյակային հիվանդության նկատմամբ սխալ պատկերացումները, հատկապես ենթադրյալ կապը ամուսնանալու կամ տարիքի հետ, բերում է հիվադության բուժման սկզբի հետաձգման, ինչը միանշանակ բարդացնում և դժվարացնում է այդ գործընթացը։
-Հնարավո՞ր է ավարտուն բուժել ակնեն և չունենալ սպիներ։
-Այո՛, քիչ չեն դեպքերը, երբ ավարտում ենք ակնեի բուժումը և բուժառուն չի ունենում մաշկի սպիներ։ Դա նաև պայմանավորված է նրանով, թե մեր բուժառուն արդյոք չունի կորյակները «սեղմելու» սովորություն:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում բուժումը, արդյոք այն տեղային է, թե համակցված համակարգային դեղամիջոցներով։
-Բուժումը կարող է լինել և՛ տեղային և՛ համակարգային: Ամեն ինչ պայմանավորված է բուժառուի կյանքի և հիվանդության անամնեզից՝ (տարիք, ուղեկցող հիվանդությունների առկայություն, ակնեի բարդության աստիճան): Դրանք բոլորը քննարկվում է միասին և հետո նոր ընտրվում տվյալ բուժառուի համար բուժման լավագույն տարբերակը:
-Ի՞նչ անել, երբ ակնեից հետո հետքեր են մնացել։
-Ակնեի բուժման ավարտին մաշկի անհարթությունների, պոստակնե հետքերի, սպիների բուժման լավագույն մեթոդներից է մաշկի հարթեցումը CՕ2 լազերի միջոցով:
– Ի՞նչ անել, երբ ակնեն բուժվել է տասնյակ տարիներ առաջ, բայց սպիները դեռ մնացել են։
– Բնականաբար պետք է իրականացնել նաև սպիների բուժում, որը սովորաբար իրականացվում է մի քանի փուլով՝ պայմանավորված հիվանդության վաղեմությունից և ներկա պահին մաշկի վիճակից:
-Հնարավո՞ր է առաջին անգամ ակնե ունենալ մեծ տարիքում, կամ բուժումներից տարիներ անց։
– Իհարկե, ակնե կարող է առաջանալ ցանկացած տարիքում։
Եվ այո՛, բուժումից հետո հնարավոր է ակնեի կրկնություն




