Հետաքրքիր անվանումով այս համեղությունն ենք պատրաստելու: Մեզ այդ հարցում կօգնի Թամարա Գյուլզադյանը:
Պատրաստվեք, սկսում ենք:
Տետրերը բացեք, թելադրում եմ բաղադրիչները.
Խմորի համար
4 դեղնուց
1 բաժակ շաքարավազ
300 գ փափուկ կարագ
2 թեյի գդալ քացախ
0.5 թեյի գդալ սոդա
3 բաժակ ալյուր
Բեզեի համար
4 սպիտակուց
180 գ շաքարավազ (250 գրամանոց բաժակով ոչ լիքը)
1 բաժակ մանրացված ընկույզ
Կրեմի համար
1 տուփ եփած խտացրած կաթ
200 գ կարագ
Սկսեցինք:
Դեղնուցները հարում ենք շաքարավազի հետ միասին: Այստեղ չմոռանամ ասել, որ դեղնուցի վրա շաքարավազ լցնելիս, եթե ուզում եք, որ հետո գնդիկներ չառաջանան, անպայման նույն այդ պահին լցրեք ու սկսեք խառնել կամ հարել, հակառակ դեպքում շաքարավազն այրում է դեղնուցի պարկուճը, որից էլ եփովի կրեմի մեջ ու նման դեղնուցային խմորների մեջ կարող են անհարթություններ առաջանալ: Սա կարևոր է հատկապես եփովի կրեմների դեպքում, եթե ուզում եք լիարժեք հարթ զանգված ստանալ:
Սա միջանկյալ տեղեկատվություն էր)
Զանգվածը հարելուց հետո ավելացնում ենք փափուկ, սենյակային ջերմաստիճանի կարագն ու շարունակում հարել: Գուցե կարագը լիովին հավասար չտարածվի զանգվածի մեջ, ոչինչ,, խմորի պնդանալուն զուգահեռ այն կտարածվի հավասար, չանհանգստանաք:
Կարագն էլ բարեհաջող ավելացրեցինք, հիմա քացախի հերթն է: Ուշադրություն, քացախը սոդայի հետ չենք խառնում, ես այս մասին առանձին հրապարակում եմ արել: Կայքի փնտրման տողում հարկավոր է գրել ՛՛Իդեալական խմորի գաղտնիքները՛՛, ու կկարդաք իմ պատրաստած հատուկ հրապարակումը:
Քացախն ավելացնելուց հետո կրկին խառնում ենք ու ավելացնում ալյուրը՝ սոդայի հետ միասին:
Ստացվելու է պինդ խմոր: Բաժանում ենք 3 գնդի, ծածկում, թողնում հանգստանա: Եթե իմ՝ վերը նշված նյութը կարդացել եք, ապա լավ գիտեք, թե ինչու հենց սոդայով պինդ խմորները հանգստանալու կարիք ունեն:
Այս ընթացքում պատրաստում ենք բեզեն:
Սպիտակուցները հարում ենք շաքարավազի հետ այնքան, մինչև ստացվի պինդ զանգված: Ավելացնում ենք մանրացված ընկույզն ու զգույշ խառնում:
Խմորի գնդերից ամեն մեկը բացում ենք տապակի չափսով: Բեզեն աչքաչափով բաժանում ենք երեք մասի: Շերտի վրա քսում ենք բեզեի մի մասն ու դնում նախապես 140-150 աստիճան տաքացված ջեռոցը՝ մինչ պատրաստ լինելը:
Ջերմաստիճանի ցածրությունը կօգնի, որ բեզեն հասցնի չորանալ, իսկ խմորն այդ ընթաքում չայրվի:
Այսպես պատրաստում եքնք երեք շերտերն էլ ու իրար միացնում կրեմով:
Կրեմը պատրաստում ենք հետևյալ հեշտ ու արագ ձևով.
Փափուկ կարագը լավ հարում ենք այնուհետև գդալ-գդալ ավելացնում ենք եփած խտացրած կաթը: Բաղադրիչներից բոլորը պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի, որ կրեմը չկտրվի:
Վերջին շերտի վրա ևս քսում ենք մի փոքր կրեմից, վրան ընկույզ ենք շաղ տալիս ու ձևավորում ջնարակի նախշերով:
Ի դեպ, նույն կերպ փնտրելով ՛՛Փայլոն ջնարակ՛՛ վերնագրով նյութը, կարող եք ծանոթանալ իմ ջնարակի տարբերակին:
Այսքանը: Շատ համեղ ու գեղեցիկ այս խմորեղենը, վստահ եմ, անտարբեր չի թողնի ոչ ոքի:
Woman.am-ն օր օրի հարստանում է նոր բաղադրատոմսերով ու հետաքրքիր, օգտակար խորհուրդներով: Փնտրեք մեր նախորդ հանդիպումներն ու հետևեք թարմացումներին:
Մինչ նոր համեղ հանդիպումներ
Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)
