Ով չի սիրում սնիկերս, բայց շոկոլադը չէ, այլ սիրով, հայուհու ձեռքերով թխված տնական Սնիկերս խմորեղենը: Եթե սիրում եք, առաջարկում եմ պատրաստել միասին: Այս հարցում այսօր մեզ օգնում է Գայանե Խաչատրյանը: Եթե պատրաստ եք, սկսեցինք:
Խմոր
Թասի մեջ կոտրեք 6 ձվի դեղնուց, լավ հարեք 1 բաժակ շաքարավազի հետ, ավելացրեք 250 գ նախապես փափկեցված կարագ կամ մարգարին, լցրեք մեկ ճաշի գդալ քացախ՝ 1 թ գդալ սոդայի հետ խառնած: Այս ամենը լավ խառնեք, որ ստացվի համասեռ զանգված, որից հետո ավելացրեք 2-3 բաժակ ալյուր՝ անպայման նախապես մաղած: Պետք է ստացվի պինդ խմոր, որը ձեռքերին կկպնի, բայց ոչինչ, փաթաթեք սննդային տոպրակով ու դրեք սառնարանը 20 րոպեով:
Սառնարանից դուրս բերելուց հետո խմորը բաժանեք երկու մասի, գրտնակեք յուղաթղթի վրա ու թխեք նախապես տաքացված ջեռոցում, ջերմաստիճանը 200 աստիճան: Առանձին մաքուր ու չոր ամանի մեջ հարեք 6 սպիտակուցը 1 բաժակ շաքարավազի հետ: Նախ հարեք միայն սպիտակուցը՝ մի պտղունց աղի հետ միասին, երբ լավ փրփրի, քիչ-քիչ ավելացնրեք շաքարավազն ու հարեք այնքան, մինչև զանգվածը լավ պնդանա, ստացվի պինդ բեզե: Սա արդեն հավասար տարածեք յուղաթղթի վրա ու թխեք 100-120 աստիճան տաքացված ջեռոցում մինչև լավ չորանա:
Կրեմ
Կրեմը պատրաստվում է շատ հեշտ. սենյակային ջերմաստիճանի կարագը նախապես լավ հարեք, այնուհետև ավելացրեք մեկ տուփ եփած խտացրած կաթ, միասին հարելուց հետո հարկավոր է ավելացնել մի քանի ճաշի գդալ եփովի կրեմ կամ սպիտակ խտացրած կաթ: Խմորեղենը հավաքվում է հետևյալ կերպ. առաջին խմորի շերտին պետք է կրեմ քսել, վրան շարել կորիզները հանած ու կտրատած խուրմա, վրան դնել առանձին թխված, կամ, ավելի ճիշտ, չորացված բեզեի շերտը, շերտի վրա կրկին կրեմ քսել, վրան շաղ տալ այս անգամ արդեն մանրացված ընկույզ: Սրա վրա դնել երկրորդ խմորի շերտը, վրայն նորից կրեմ քսել ու զարդարել ըստ ճաշակի:
Ահա և պատրաստ է մեր ախորժելի, շատ համեղ սնիկերսը: Խորհուրդ եմ տալիս կտրել միայն ժամեր անց, երբ կրեմը կներծծվի խմորի շերտի մեջ, որից և խմորը կնրբանա, և խմորեղենն ամբողջությամբ ավելի միասնական ու նրբահամ կդառնա, կտրվածքն էլ, բնականաբար, այդ դեպքում արդեն ավելի գեղեցիկ կլինի:
Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)
