Site icon woman.am

Շոկոլադային բիսկվիթ

Շոկոլադի երկրպագուները թող հավաքվեն: Կրկին համեղ ու բուրումնավետ շոկոլադի համն ու բույրն ենք վայելելու:

Սիրո՞ւմ եք, ուրեմն եկեք միասին պատրաստենք:

Մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

Խմորի համար

4 ձու

1 բաժակ շաքարավազ

100 գ հալած կարագ

3 ճաշի գդալ կակաո

100 գ կաթ

1 ճաշի գդալ կոնյակ

Վանիլին

1 թեյի գդալ սոդա

ալյուր

Կրեմի համար

0.5 տուփ եփած խտացրած կաթ

50-100 գ կարագ

Ի դեպ, նշեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group-ում:

Թասի մեջ կոտրում ենք ձուն ու հարիչով հարում շաքարավազի հետ: Հարել պետք է այնքան, մինչ զանգվածը լավ փրփրուն ու թեթև դառնա:

Կարագը հալեցնում ենք, տաք վիճակում մեջը լցնում կակաոն ու խառնում, թողնում ենք գոլանա, որից հետո գդալ-գդալ լցնում ենք ձվի զանգվածի վրա ու շարունակում հարել: Համասեռ զանգված ստանալուց հետո ավելացնում ենք կաթը, կոնյակն ու կրկին հարում: Հարիչն անջատում ենք դնում մի կողմ, շարունակելու ենք աշխատել ձեռքի հարիչով:

Մի բաժակ ալյուրի մեջ խառնում ենք սոդան, վանիլինը ու մաղելով ավելացնում խմորի վրա:

Լավ խառնում ենք ու ավելացնում կրկին մաղելով ևս այնքան ալյուր, որ ստացվի թթվասերի խտությամբ խմոր: Շատ թույլ խորհուրդ չէի տա պատրաստել, մի փոքր ծորացող միայն:

Թխում ենք մեկ շերտով՝ նախապես յուղաթուղթ փռած տապակով: Ես թխել եմ 180 աստիճան նախապես տաքացված ջեռոցում մինչ պատրաստ լինելը: Դա էլ ստուգել եմ չոփիկով: Տապակիս չափսը՝ 30×40 սմ:

Պատրաստի խմորի շերտը դուրս եմ բերել ջեռոցից, սրբիչի վրա թողել եմ սառչի, որից հետո վրան քսել եմ կրեմն ու ձևավորել կակաոյով ու ջնարակով: Այստեղ արդեն կրկին գործի դրեք ձեր երևակայությունը; Կարելի է ամբողջությամբ խմորեղենը ծածկել ջնարակով, որի մասին մանրամասն գրել եմ իմ փայլուն ջնարակ նյութում: այն գտնելու համար կայքի փնտրման տողում հարկավոր է գրել փայլուն ջնարակ: Կարող եք կրամի վրա ուղղակի շաղ տալ կակաո, կամ քերել շոկոլադ…

Պատմեմ նաև կրեմի մասին: Այն իրականում շատ հեշտ է ու արագ պատրաստվող:

Կրամի համար սենյակային ջերմաստիճանի կարագը լավ հարում ենք, մոտ 5 րոպե, որից հետո գդալ-գդալ ավելացնում ենք եփած խտացրած կաթն ու շարունակում հարել: Ես կրեմին ավելացրել եմ հալեցված 30 գ շոկոլադ, կարող եք ավելացնել նաև մի քանի գդալ գլազուր, կամ ուղղակի ձեթով բացված 1-2 ճաշի գդալ կակաո:

Շոկոլադային բիսկվիթ

Այսքանը: Առավոտյան ձեր ընտանիքի անդամները սիրով կվայելեն այս շոկոլադային հրավառությունն ու հաստատ գոհ կմնան:

 

Woman.am-ի էջերում համեղ, շոկոլադային անուշեղենի բաղադրատոմսեր շատ կան, փնտրեք մեր էջերում և հետևեք նորույթներին:

Մինչ նոր համեղ հանդիպումներ