Կրկին ու կրկին գաթա: Հայկական գաթայի թեման անսպառ է: Այս անգամ պատրաստում ենք մածունով գաթա՝ շատ փափուկ ու նուրբ խմորով:
Նախ գրանցեք բաղադրիչները.
3 բաժակ ալյուր
Կես թեյի գդալ սոդա
Վանիլին
Կես բաժակ շաքարավազ
1 տուփ կարագ կամ մարգարին
2 ձու
250 գ մածուն
Անցանք գործի:
Մինչ սկսելը հիշեցնեմ, որ իմ մյուս բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group-ում:
Ուրեմն այսպես, մեծ թասի մեջ մաղում ենք ալյուրը, ավելացնում ենք շաքարավազը, սոդան ու վանիլինը: Խառնում ենք ու սառնարանից դուրս բերում լավ սառը կարագը: Քերում ենք ալյուրի զանգվածի մեջ ու ձեռքերով արագ փշուրի վերածում: Աշխատում ենք արագ ու մատներով, ձեռքի ափերով աշխատելիս մեր ձեռքերի ջերմաստիճանն ենք փոխանցում, դրանից կարագը կարող է հալվել ու ավելի շատ ալյուր պահանջել: Դա նշանակում է, որ մեր պատրաստած գաթան մի փոքր ավելի չոր կստացվի, քան ցանկանում էինք: Իսկ ես ձեզ փափուկ գաթա եմ խոստացել)
Փշուրը ստանալուց հետո զանգվածի կենտրոնում փոս ենք անում, կոտրում ենք ձուն (1 դեղնուցը պահում ենք երեսին քսելու համար) , ավելացնում ենք մածունն ու հունցում փափուկ, չկպչող խմոր: Խմորը բաժանում ենք 2-3 գնդի, փաթաթում ենք սննդային թաղանթով ու 30 րոպեով դնում սառնարանը:
Ժամանակը լրանալուց հետո գնդերը հերթով դուրս ենք բերում, գրտնակում ենք ոչ շատ բարակ, վրան տարածում ենք խորիզն ու փաթաթում ոչ շատ պինդ: Պինդ փաթաթելու դեպքում խմորը թխվելիս ուռչում է ու դուրս հրում խորիզը: Սրա արդյունքում է, որ երբեմն գաթաների եզրերից խորիզը շատ է դուրս գալիս:
Փաթաթուկը կտրատում ենք 2-3 սմ, կամ ավելի մեծ կտորների, տեղափոխում բուսայուղ քսած տապակի վրա, երեսին հարած դեղնուց ենք քսում ու թխում ենք նախապես 200-220 աստիճան տաքացված ջեռոցում՝ մինչ գեղեցիկ ոսկեգունելը:
Միջանկյալ նշեմ, որ գաթաները ցածր ջերմաստիճան չեն սիրում, չորանում են: Նրանք պետք է արագ թխվեն, երկար թխվելուց որակը կորցնում են: Խոսքը վերաբերում է սոդայով ցանկացած գաթայի:
Խորիզի բաղադրատոմսը կարող եք գտնել woman.am-ի փնտրման տողում խորիզ բառը գրելով:
Ահա և վերջ, համեղ ու անուշ բուրմունքով փափուկ գաթան ձեր սեղանին է, մնում է թեյը լցնել ու կանչել ընտանիքի անդամներին: Մնացեք սիրով:
Մինչ նոր համեղ հանդիպումներ:
