Աշխարհի բոլոր ծայրերում՝ որտեղ էլ լինեք, ծաղիկ նվիրելը համարվում է ուշադրության ու առանձնահատուկ վերաբերմունքի նշան:
Մարդկության պատմության ընթացքում դարեր ի վեր հղկված ու գեղեցիկ ավանդույթ դարձած այս երևույթը արմատներով գնում է դեպի նախնադար: Այո, պետք չէ զարմանալ:
Հազարամյակներ առաջ տղամարդիկ որսի գնալիս նկատել են ծաղիկների ու խոտաբույսերի օգտակար հատկությունները: Պարբերաբար հավաքել են դրանք ու վերադարձին բերել իրենց հետ: Կանայք էլ դրանք չորացրել են, տեսակավորել ու պատրաստել հատուկ դեղաբույսեր և անուշաբույր յուղեր:
Դրանիցի շատերի մասին վկայությունները հասել են մինչ մեր օրերը, որոշ տեսակների պատրաստման տեխնոլոգիան ու նշանակությունը սակայն մինչ օրս բացահայտված չէ:
Հայտնի է, որ այս դեղաբույսերը երբեմն այնքան գեղեցիկ են եղել ու գայթակղիչ, որ կանայք դրանցով սկսել են զարդարել իրենց բնակավայրն ու կրել իրեն մազերի մեջ՝ որպես զարդ:
Ահա թե որտեղից է գալիս կանանց ծաղիկ նվիրելու գեղեցիկ ավանդույթը:
Հետաքրքրական է, որ ծաղիկներն աստիճանաբար դադարեցին լինել միայն օգտակար ու գեղեցիկ բույսեր:
Արևելքում, օրինակ, որտեղ կանանց ու տղամարդկանց շփումն արգելված էր, ծաղիկները գաղտնի տեղեկատվություն էին փոխանցում: Դրանք ստացողը գիտեր թե որ ծաղիկն ինչ է ակնարկում, կարևոր էր ոչ միայն դրանց տեսակը, այլ նաև քանակը, գույնը, թե ինչ տեսակներ էին համադրված մեկ փնջում…. Նույնիսկ այն, թե ինչպես էր այն պահվում բերողի ձեռքերում:
Ի դեպ, արևելքում այս ֆունկցիայի շնորհիվ ընդունված էր ծաղիկ նվիրել ոչ միայն կանանց, քանի որ կանայք ևս իրենց ստացած հաղորդագրությանը պատասխանելու կարիք ունեին:
Հենց այստեղից էլ առաջացել է տղամարդկանց ևս տարբեր առիթներով ծաղիկներ նվիրելու սովորությունը, որը, սակայն, այնքան էլ շատ տարածում չի գտել աշխարհում: ոչ միայն արևելքում, այլ քաղաքակիրթ երկրներում դա թեկուզ հազվադեպ, բայց նորմալ երևույթ է համարվում:
Նման գաղտնագրերը ճանապարհորդների շնորհիվ հասել են նաև Եվրոպա ու տարածվել այնտեղ: Միջնադարում նույնիսկ ծաղիկների լեզուն թարգմանող բառարաններ են լույս ընծայել՝ գեղեցիկ ու շատ պերճախոս փնջերը ճիշտ մեկնաբանելու և ըստ անհրաժեշտության ճիշտ փնջեր կազմելու համար:
Եկատերինա 2-րդ կայսրուհին, օրինակ, իր իշխանության տարիներին սահմանել էր ծաղիկների գույնի հատուկ նշանակության ցանկը, որի համաձայն կարմիր ծաղիկը սեր էր խորհրդանշում, կանաչը՝ հույս, երկնագույնը՝ հավատարմություն, սևը՝ տխրություն, դեղինը՝ դավաճանություն: Դեղին գույնը սակայն աշխարհում մինչ օրս ընդունված է համարել լույսի, ջերմության ու բարի նպատակների խորհրդանիշ:
Ծաղիկների ոչ միայն տեսակը, այլ նաև քանակը կարող էր ակնարկել սրտում թաքնված զգացմունքների մասին:
Այսպես, օրինակ՝ մեկ ծաղիկ նվիրելն ուշադրության նշան է համարվում, երեք ծաղիկը՝ հարգանքի նշան է: Հինգ ծաղկով կարելի է խոստովանել հոգու խորքում թաքնված տարատեսակ ապրումներն ու գաղտնիքները. այն հենց խոստովանության խորհուրդն ունի: Իսկ ահա 7 ծաղիկ նվիրելիով ձեր սիրտը կարող եք նվիրված համարել սիրո առաջկային.7 ծաղիկը սիրո խորհրդանիշն է:
Ժամանակի ընթացքում սակայն գաղտնի նամակագրության անհրաժեշտությունը վերացավ:
Ռոմանտիկ ժամանակաշրջանի խոսող փնջերի փոխարինելու եկան իրական բացիկներով ու հաղորդագրություններով փնջերը: Այստեղ արդեն ծաղիկները լռում են՝ միայն գեղեցիկ տրամադրություն հաղորդելով դրանք ստացողին:
Ողջ աշխարհում դեռևս սրբորեն պահպանվում է ժամադրության գնալիս սիրած օրիորդին գեղեցիկ ու ցանկալի է նուրբ գունային երանգավորմամբ ծաղիկներ նվիրելու սովորությունը, այս առումով նախընտերլի են սպիտակն ու նուրբ վարդագույնը, որոնք անմեղության, մաքրության ու երիտասարդության խորհրդանիշն են: Վարդագույնը հաճախ նաև համարվում է նոր ծնվող սիրո խորհրդանիշ, իսկ ահա վառ կարմիր կամ ավելի մուգ երանգի ծաղիկներն արդեն հասուն սիրո ու կրքի մասի են խոսում: Սրանք առաջին ժամադրությանը տանելուց առաջ մի լավ ծանրութեթև անել է պետք:
Առաջին ժամադրությանը դեղին ծաղիկներով գնալուց առաջ ևս պետք է մի լավ մտածել: Եթե սիրելի օրիորդը նախապաշարմունքներ չունի, ապա նա դրանց մեջ կտեսնի արևի գույնն ու ձեր լավ մտադրությունները միայն, իսկ եթե նա ծաղիկների գույնին նշանակություն է տալիս, ապա ձեր նվիրած ծաղիկները կարող են ակնարկել մոտալուտ բաժանման կամ հնարավոր դավաճանության մասին: Ինչ խոսք, ժամադրության գնալիս նման թեմաներով խոսող ծաղիկները հաստատ տեղին չեն:
Աշխարհի որ ծայրում էլ ապրեք, ինչ լեզվով էլ խոսեք ու ինչ կրոն էլ դավանեք ծաղիկների լեզուն հասանելի է բոլորին, թեկուզ և վերջին ժամանակներում դրանց նշանակությունն ըստ գույների ու տեսակների այնքան էլ կարևոր չէ: Մի փոքրիկ փունջը կլինի ձեր հոգու և սրտի ամենաճշմարիտ թարգմանը՝ հազարավոր բառերի փոխարեն:
