Նախաճաշին համեղ, տնական ու շատ փափուկ բուլկիները անփոխարինելի են՝ մի բաժակ թեյի ու տնական ելակով մուրաբայի հետ: Համաձայն չե՞ք: Ելակով մուրաբան պատրաստելու համար արդեն ուշ է, իսկ այ բուլկին խոստանում եմ՝ միասին կստանանք:
Համեցեք մեր խոհանոց: Տետրերը չենք մոռանում:
Մեզ հարկավոր է
3-4 ձու
12 ճաշի գդալ շաքարավազ
100 գ կարագ
70 գ ձեթ (կես սուրճի բաժակից քիչ ավելի)
Կես թեյի գդալ աղ
400 գ կաթ
1 ճաշի գդալ խմորիչ
1 ճաշի գդալ շաքարավազ՝ խմորիչի հետ օգտագործելու համար
Ալյուր
հիշեցնեմ նաև, որ իմ բոլոր բաղադրատոմսերին կարող եք ծանոթանալ այս հասցեով՝ Arusyak Hokhikyan’s group:
Գոլից քիչ տաք 200 գ կաթի մեջ լցնում ենք խմորիչն ու մի ճաշի գդալ շաքարավազը, դնում ենք մի կողմ, որ խմորիչը սկսի աշխատել:
Ջրային բաղնիք ենք պատրաստում: Հենց ջուրը եռա, կրակը հնարավորինս իջեցնում ենք, հարմար էմալապատ կամ չժանգոտվող մետաղից ամանի մեջ լցնում ենք ձուն, շաքարավազը, մնացած 200 գ կաթը, խառնում ենք, որ շաքարավազը հալվի, դրանից հետո ավելացնում ենք կարագն ու ձեթը: Թողնում ենք այնքան, մինչ կարագն ամբողջությամբ հալվի:
Կարագը հալվելուց հետո մի քանի րոպե խառնելով այս զանգվածը եփում ենք գոլորշու վրա, որից հետո ստուգում ենք, որ ջերմաստիճանը շատ բարձր չլինի ու ավելացնում ենք մեր արդեն լավ փրփրած ու լավ բարձրացած խմորիչով կաթը, խառնում ենք ու վերցնում կրակի վրայից, արագ խառնելով ավելացնում ենք ալյուրն ու հունցում խմոր: Ասեմ, որ մեր սովորական գնդվող խմորի խտությունը ստանալու կարիք չկա: Պետք է լինի թուլոտ զանգված, որը լավ կպնում է ձեռքերին ու թասի պատերին: Ոչինչ, ձեռքերը ձեթոտելով աշխատում ենք սա լավ հունցել: Որքան շատ տանջեք, այնքան վերջում արդյունքն ենք լավ ստանալու: Որպես գաղտնիք ասեմ, որ նման կպչուն խմորի հետ մենք ևս պակաս չենք տանջվի:
Այս խմորը ծածկում ենք ու դնում որևէ տաք տեղ, 1-1.5 ժամից վրահունց ենք անում ու թողնում, որ կրկին բարձրանա: Երկրորդ անգամ լավ փքվելուց հետո արդեն ևս 1-1.5 ժամ անց կրկին ձեռքերը ձեթոտելով շարունակում ենք հուցել: Ինտենսիվ հունցելու արդյունքում խմորը դադարում է կպչուն լինել, եթե մի փոքր կպչունությունը մնա, հոգ չէ, կամ մի փոքր ալյուր կամ ձեթ օգտագործեք: Ասեմ այսպես՝ որքան թույլ եղավ խմորը, այնքան ավելի լավ ու թեթև են ստացվում այս բուլկիները: Կրկին հիշեցում՝ այս խմորը մեր սովորական բուլկու գնդվող խմորից բավական թույլ է ստացվում:
Խմորը բաժանում ենք գնդերի, տալիս ենք մեր ցանկացած տեսքն ու դնում ջեռոցի տապակի վրա: Աշխատեք դնել իրարից հեռու, քանի որ հանգստանալու ու թխվելու ընթացքում դրանց ծավալը բավականին մեծանալու է:
Տապակի վրա դասավորելուց հետո ծածկում ենք սրբիչով ու տաք տեղում թողնում ենք վերջնական հասունանա մի 30 րոպե:
Ջեռոցը դնելուց առաջ վրան քսում ենք դեղնուց+մի քանի կաթիլ կաթ կամ ջուր խառնուրդը: Ցանկության դեպքում կարող եք մեխակի սերմեր կամ քունջութ շաղ տալ, կամ ուղղակի առանց դրա, ինչպես հարմար է:
Բուլկիները թխվում են 200 աստիճան նախապես տաքացված ջեռոցում մինչև գեղեցիկ դեղնակարմրավուն երանգ ստանան:
Ջեռոցից դուրս բերելուց առաջ բուլկիների վրա որևէ խիտ օշարակ կամ մեղր ենք քսում ու շատ կարճ ժամանակով նորից դնում ջեռոցը: Դուրս ենք բերում ջեռոցից փայլուն, լավ կարմրած ու շատ գեղեցիկ փքված բուլկիները:
Կանչեք տանեցիներին, թող հիանան, իսկ վայելելը մի փոքր ուշ՝ սառելուց հետո…
Նշեմ, որ այս բուլկու մեջ կարող եք նաև չամիչ ավելացնել: Չամիչը ցանկալի է ավելացնել ալյուրի հետ խառնած՝ հավասար տարածվելու համար:
Ընտանեկան փոքրիկ հավաքույթների ու բոլորին սեղանի շուրջ հավաքելու շատ առիթներ է Woman.am-ը ստեղծել ձեր ընտանիքների համար: Փնտրեք մեր նախորդ բաղադրատոմսերն ու հետևեք նաև թարմացումներին:
