Մարսն ունի բավական արտահայտված կոնյակի համ ու շատ շոկոլադային է: Թերևս, հենց այս համադրությունն է, որ դարձնում է այն բոլոր տեսակներից տարբերվող, չնայած, պատրաստման ընթացքը ևս նման չէ մյուսներին:
Հետաքրքրե՞ց, ուրեմն եկեք մեր խոհանոց, Մարս ենք թխում:
Նախ ասեմ, որ այս խմորի համար պետք է ջրային բաղնիք ապահովել: Այսինքն որևէ ամանով ջուր ենք եռացնում, վրան տեղավորում ենք որևէ հարմար աման, որ հարմար տեղավորվի եռացող ջրով ամանի վրա, ու սկսում ենք աշխատել:
Խմորի ամանի մեջ կոտրում ենք 6 հատ միջին չափսի ձու, մի փոքր հարում ենք միայն, որ մի փոքր համասեռ դառնա, շատ պետք չէ, այնուհետև ավելացնում ենք 250 գրամանոց բաժակով մեկ շաքարավազ: Խառնում ենք իրար ու դնում գոլորշու վրա, թույլ խառնելով թողնում ենք մինչ շաքարավազը հալվի, այնուհետև ավելացնում ենք 2 ճաշի գդալ մեղր, խառնում ենք, ավելացնում 1 սուրճի բաժակ ձեթ:
Ի դեպ, ասեմ, որ վերջերս փորձել եմ նաև հալված կարագ ավելացնել: Ավելացրել եմ 100 գ նախապես հալված կարագ ու ստացել եմ շատ լավ արդյունք: Կարագը նախապես հալեցրել եմ, քանի որ գոլորշու վրա այս խմորը ցանկալի չէ երկար եփել, իսկ կարագը հալվելու համար այդ ժամանակը հաստատ կերկարեր: Այս խմորը շոկոլադային է, պահանջվում է 4-5 լավ լիքը ճաշի գդալ կակաո:
Չնայած, որ սովորություն կա կակաոն ավելացնել ալյուրի հետ խառնած, բայց ասեմ, որ հալեցված կարագի կամ ձեթի հետ խառնած կակաոն ավելի արդյունավետ է՝ և շոկոլադային արտահայտիչ համի, և լավ մուգ գույնի առումով: Հետևաբար, խորհուրդ եմ տալիս նախապես այն խառնել առանձին ամանի մեջ կարագի կամ ձեթի հետ, նոր ավելացնել խմորին:
Քանի դեռ հիշում եմ, ասեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group-ում:
Որտեղ կանգ առանք: Հա, կարագից կամ ձեթից հետո ավելացնում ենք մեկ ոչ լիքը թեյի գդալ սոդա, խառնում ենք ու վերցնում կրակից (լուսանկարում հենց ձեթով տարբերակն է, արտաքինից կարագով ու ձեթով տարբերակները չեն տարբերվում, կարագովը պարզապես ավելի հեշտ ու գեղեցիկ կտրվեց):
Ուշադրություն: Մի կարևոր հանգամանք նշեմ կրկին ու կրկին. եթե ձեր խմորի մեջ օգտագործել եք բնական մեղր, ապա քացախի կարիք առհասարակ չկա, սա վերաբերում է բոլոր մեղրով խմորներին, իսկ եթե մեղրը արհեստական է եղել, կամ մուրաբայի հյութ եք օգտագործել, ապա անպայման սոդան լցնելուց հետո ավելացնում եք քացախն ու վերցնում խմոր թասը կրակից:

Հիմա խմորը պետք է հանգստանա, սառի, որ շատ ալյուր չտանի, բայց հաճախ եմ կրկնել, հիմա էլ կասեմ, թույլ խմորի մեջ սոդան շատ շուտ է ռեակցիայի մեջ մտնում թթվային միջավայրի հետ, դրա համար այս ընթացքում ցանկալի է, որ խմորը պինդ լինի: Հենց դրա համար կրակից վերցնելուց անմիջապես հետո այս խմորի վրա մաղում ենք 2 բաժակ ալյուր, խառնում, նոր դնում ենք սառչելու: Սպասում ենք մի 20 րոպե, հետո ավելացնում ենք մնացած ալյուրը: Ալյուրի չափսը կողմնորոշվեք խմորի խտությամբ: Տարբեր չափսի ձու տարբեր քանակի ալյուր է պահանջում: Էլ չեմ խոսում կակաոյի որակից, որի տարբերությունը կարող է ալյուրի քանակի վրա էականորեն ազդել: Ուստի, խորհուրդ եմ տալիս ստանալ փափուկ պլաստիլինի պես, գուցե մի փոքր կպչուն խմոր: Այն բաժանում ենք հավասար մասի: Յուրաքանչյուրը բացում ենք A4 ֆորմատի թղթից մի փոքր մեծ չափսով, ծակծկում ենք մի քանի տեղով ու թխում ալյուրոտած տապակի հակառակ կողմի վրա մինչ պատրաստ լինելը:
Մեղրով նման խմորներն առհասարակ յուղաթուղթ ու նման բաներ չեն պահանջում: Եթե տապակը նոր է լվացված ու դրանից հետո որևէ բան դրանով չեք թխել, ապա ցանկալի է այն թխելուց առաջ մի լավ տաքացնել, սառեցնել, նոր օգտագործել: Տատս ասում է՝ ՙՙՏվեք՝ կրակը վախեցնի, որ էլ չկպնի՚՚
Թխում ենք 180-200 աստիճան նախապես տաքացված ջեռոցում մինչ պատրաստ լինելը:
Թխելուց հետո ընտրում ենք շերտերից որևէ մեկը, որ երեքից ամենաանհաջողն է։ Բլենդերով կամ որևէ այլ հարմար տարբերակով մանրացնում ենք, մանր հավասար փոշու վերածում: Միաժամանակ բարակ եզրով դուրս ենք բերում նաև մյուս երկու շերտի արտաքին եզրերից, որոնք այսպես թե այնպես կտրվելու են, իսկ մենք այն կօգտագործենք միջուկի մեջ: Սա ևս խառնում ենք փշրված շերտին ու մանրացնում:
Առանձին ամանի մեջ իրար ենք խառնում 2 ճ գդալ եփած խտացրած կաթը, 1 օղու բաժ-ակով կոնյակը, 2 ճ գդալ մեղրն ու խառնում: Այս խառնուրդը ավելացնում ենք շերտի փշրանքի վրա: Պետք է ստացվի ոչ շատ պինդ խորիզի խտության զանգված: Եթե փշուրը շատ լինի, միջուկը շատ չոր ստացվի, կարող եք դա կարգավորել կոնյակ կամ մեղր ավելացնելով:
Շերտերն ունենք, միջուկը բարեհաջող պատրաստեցինք, մնաց կրեմը:
200 գ կարագը լավ հարում ենք, մի 5 րոպե, վրան գդալ-գդալ ավելացնում ենք եփած խտացրած կաթը: Հիշում եք, միջուկի համար երկու գդալ վերցրել էինք, այստեղ ավելացնում ենք մնացած խտացրած կաթը:
Որպեսզի այս կրեմը շետրերի գույնի լինի ու կտրվածքում անհարթ գույնով տարբերվող կրեմը չերևա, ես կրեմի մեջ ավելացնում եմ մի փոքր ձեթով բացած երկու ճաշի գդալ կակաո: Կակաոյի վրա քիչ-քիչ լցրեք ձեթն ու խառնեք, պետք է ստացվի խիտ նուտելլայի պես զանգված: Սա եփած խտացրած կաթի հետ միասին լցրեք կարագի հետ ու հարեք: Այս զանգվածը նաև կնվազեցնի ձեր կրեմի՝ կտրվելու հավանականությունը:
Մի բան էլ, այս խմորեղենի միջուկի ու կրեմի խտությունը պահպանելը կարևոր է, քանի որ կտրելուց թույլ միջուկն ու կրեմը դուրս են գալիս ու գեղեցիկ, համաչափ կտրվածք չի ստացվում:
Ահա և վերջ: Հավաքում ենք մեր ստացած մասերը:
Նախ շերտերից մեկը դնում ենք սկուտեղի վրա, ես խմորեղենը հավաքում եմ սկուտեղի հատառակ կողմի վրա, որ կտրելիս սկուտեղի եզրերը ինձ չխանգարեն: Առաջին շերտի վրա քսում եմ ստացված կրեմի 1/3 մասը, վրան տարածում միջուկը: Մյուս շերտի վրա ևս քսում ենք մնացած կրեմի կեսը, ու հենց կրեմոտ երեսով դեպի ներքև դնում ենք այն միջուկի վրա: Ստացվում է՝ մեր միջուկը մնում է երկու կրեմների արաքում: Այս վերջին շերտի վրա էլ հավասար քսում ենք մնացած կրեմը, հնարավորինս հարթեցնում ենք ու դնում սառնարանը:
Հարթեցնելը կարևոր է, քանի որ վերջում վրան ջնարակ ենք անելու, անհարթ մասերում մեր ջնարակը կկուտակվի, իսկ կտրելուց դրա պատճառով կծորա: Հետևաբար, մաքուր կտրվածքի համար կարևոր է նաև հարթ արտաքին շերտը:
Այ հիմա իսկապես վերջ:
Մնում է պատրաստել որևէ հարմար ջնարակ, խմորեղենը մի քանի ժամ թողնել սենյակային ջերմաստիճանի, որ կրեմը ներծծվի շերտերի մեջ ու փափկեցնի, որից հետո այն արդեն հարկավոր է պահել սառնարանում: Ցանկալի է կտրել սառնարանից անմիջապես հանելուց հետո, որպեսզի միջուկը ևս հավասար կտրվի:
Բայց, ինչպես միշտ նշում եմ, պատրաստում ենք տնական խմորեղեն, փորձում ենք անել ամեն բան, որ մեր աշխատանքը կոկիկ ու մաքուր լինի, բայց իդեալական արդյունք մեզնից ոչ ոք չի պահանջում։
Ջնարակի իմ տարբերակին կարող եք ծանոթանալ Woman.am-ի խոհանոցային էջերում, ինչպես նաև կարող եք այս խմորեղենը պատրաստել հալեցված շոկոլադով, ինչպես որ նշվում է շատ բաղադրատոմսերում:
Պատրաստեք ու կհասկանաք, թե ինչու էի սկզբում նշում կոնյակի արբեցնող համն ու բույրը և շոկոլադային հագեցած համը:
Մեր էջերը պարբերաբար թարմացվում են, հետևեք նորույթներին ու փնտրեք այլ հետաքրքիր տարբերակներ, մեր էջերում հետաքրքիր ու շատ հեշտ բաղադրատոմսերի ընտրությունն արդեն շատ մեծ է:
