Եթե երբեք դեռ չեք պատրաստել, ճիշտ ժամանակն է փորձելու։ Դառը սուրճը պատրաստեք, իդեալ ենք վայելելու։
Այսօր Լիլիթ Մինասյանը սիրով կիսվում է իր փորձած բաղադրատոմսով։
Նախ հարկավոր է 6 ձուն լավ հարել 1.5 բաժակ շաքարավազի հետ, հարել այնքան, որ լավ սպիտակի, ստացվի թեթև զանգված։ Այնուհետև ավելացնել 3 ճաշի գդալ մեղր, 1 թեյի գդալ դարչին, 3 ճաշի գդալ կոնյակ կամ լիկյոր, ինչպես կուզեք։
Սա միայն համի համար չէ, ընդունված է համարել, որ կոնյակը խմորի մեջ փխրեցուցիչի արդյունք է տալիս։ Այս ամենը լավ հարիչով հարելուց հետո հարիչն անջատել։ Ալյուրն ավելացնելիս արդեն հարիչ հարկավոր չէ օգտագործել։ Ուրեմն էսպես, հարիչն արդեն անջատել եք, պետք է ավելացնել մի բաժակ մանրացված ընկույզ, 3 բաժակ ալյուր’ 2 լիքը թեյի գդալ սոդայի հետ խառնած։ Այստեղ արդեն գործի է դրվում ձեռքի զոպանակը կամ փայտե գդալը։
Խմորը աչքաչափով պետք է բաժանել 3 մասի, թխել յուրաքանչյուր շերտն առանձին’ յուղաթղթով տապակում’ մինչև վարդագունելը։
Կրեմ
Կրեմի համար 200 գ սենյակային ջերմաստիճանի կարագը լավ հարել, ավելացնել 1 տուփ եփած խտացրած կաթ, միասին հարել մինչև դառնա համասեռ զանգված։
Թխված ու արդեն հովացած շերտերը պետք է իրար միացնել կրեմով։
Իդեալը սովորաբար ձևավորում են վերջին շերտին կրեմ քսած, վրան’ մանրացված ընկույզ։
Փորձեք ու գնահատեք սիրված այս խմորեղենը’ Լիլիթի տարբերակով։ Իսկ թե ինչպես կստացվի, լավագույն վկայությունը լուսանկարն է’ բաղադրստոմսի հեղինակի սեղանից 🙂
Իդեալի տարբերակներ շատ կան, հետևեք մեզ, ու woman.am-ի էջերում կհանդիպեք նաև այլ փորձված տարբերակներ։
Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)
