Մայիսի 18-ից մեկնարկեց COWO meetup շարքը: Այս հանդիպումների շարքը նախատեսված է Հայաստանում ՏՏ ոլորտի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների վերհանմանը, լուծման ուղիներ գտնելուն:
Առաջին հանդիպումն ընթացավ պանելային քննարկման ձևաչափով: Թեման բավական արդիական էր ու ընտրվել էր հենց ոլորտի ներկայացուցիչների հետ տևական քննարկումների արդյունքում: ‹‹Որոնելով պրոդակտ մենեջեր Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ›› խորագրով պանելային քննարկումը միավորել էր ոլորտի առաջատար կազմակերպությունների մասնագետների:

Իրենց փորձառությամբ կիսվելու էին եկել PlayEngine ընկերության համահիմնադիր և պրոդակտ մենեջեր Ռաֆայել Մկրտչյանը, MIIIND ընկերության հիմնադիր և պրոդակտ տնօրեն Արման Կուչուկյանը, Vineti ըներության ներկայացուցիչ Ներսես Օհանյանը, Krisp-ի պրոդակտ տնօրեն Կարապետ Գյումջիբաշյանը: Նշված ընկերություններից յուրաքանչյուրն իր գործունեության արդյունքում աշխատում է ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի շուկաներում, հետևաբար, պրոդակտ մենեջերի ընտրության ու կոմպետենտության հարցը իրապես մարտահրավեր է:

Ներկայում ՏՏ ոլորտի ընկերությունների հաջողության նշանակալի բաղկացուցիչը պրոդակտ մենեջերի աշխատանքն է: Հետևաբար, նրա կոմպետենտությունը նշանակալի մրցունակություն կարող է բերել ընկերությանը:
Պանելային քննարկման ընթացքում վեր հանվեցին բոլոր հիմնախնդիրները, քննարկվեցին այն իրավիճակները, որոնց բախվում են ընկերությունները կադրերի պակասի կամ բացակայության առումով: Իհարկե, մեծ նշանակություն է տրվում կրթությանը, շարունակական զարգացման հիմնախնդրին, իսկ հետագայում արդեն տվյալ մասնագետից ակնկալվող պարտականությունների ճիշտ բաշխմանն ու զարգացմանը:

Հանդիպմանը ներկա էին նաև մեծ թվով մասնակիցներ՝ ամենատարբեր ընկերություններից: Հարցադրումների ու հետաքրքիր դիտարկումների արդյունքում ստացվեց դինամիկ ու կառուցողական հանդիպում:
COWO meetup –ի հերթական հանդիպումը հունիսին է:




