Site icon woman.am

Ամանորի գիշերն ընտանիքի համար տոն դարձնելու ձևերը

Հաշված օրեր են մնացել Ամանորին։ Ժամանակն է մտածել ընտանիքի համար այդ գիշերն իրական հեքիաթ դարձնելու մասին: Տարբեր երկրներում Ամանորի գիշերը մարդիկ դիմավորում են տարբեր ձևով և տարբեր վայրերում: Ոմանք Նոր տարին դիմավորում են էկզոտիկ երկրում` հազարավոր զբոսաշրջիկների ու օտարերկրացիների ներկայությամբ կամ հյուրանոցի առանձին համարում, ոմանք Ամանորը դիմավորում են որևէ ռեստորանում ընկերների կամ հարազատների հետ, ոմանք էլ մնում են տանը և ընտանեկան ջերմ միջավայրում ճանապարհում անցնող տարին և դիմավորում նորը:

Հենց այս տարբերակն էլ ամենաընդունելին է գրեթե բոլոր հայ ընտանիքների համար: Սակայն պետք է խոստովանել, որ ամեն տարի նույն ձևով նշելը մի փոքր ձանձրալի կարող է լինել:
Իսկ ի՞նչ անել, որպեսզի ամանորյա գիշերը Ձեր ընտանիքի համար վերածվի իսկական հրաշքի, տարբերվի մնացած բոլոր տարիներից և հիշվի ողջ կյանքի ընթացքում:

Էլ ի՞նչ Նոր տարվա գիշեր առանց սիրելի խմիչքի ու համեղ ուտեստների։ Նախ պետք է պլանավորել, թե ինչ ուտեստներ են դրվելու սեղանին, չէ՞ որ տանը սիրելի կնոջ ու մայրիկի ձեռքերով պատրաստված ուտելիքն անփոխարինելի է ամուսնու ու երեխաների համար:

Պետք է հաշվի առնել ընտանիքի անդամների նախասիրությունները և պատրաստել այնպիսի ուտեստներ, որոնք վստահաբար դուր կգան նրանց: Իսկ շամպայնով լի բաժակները կլրացնեն տոնական սեղանի տեսքը և այսկերպ ամենօրյա սովորական ընթրիքն այդ գիշեր կվերածվի տոնական ու ուրախ խնջույքի:

Ամանորյա սեղանի բաղկացուցիչ մաս են կազմում մրգերն ու քաղցրավենիքը, որոնք այնքան սիրելի են երեխաների համար: Եվ այսպես, դարձյալ չմոռանալով սիրելիների նախասիրությունների մասին, տոնական սեղանը զարդարեք տոնական տորթով:

Իսկ երբ ավարտվել է տոնական ընթրիքը, և հնչել են բոլոր կենացները, պետք է մտածել տոնն ուրախ տրամադրությամբ շարունակելու մասին: Ի՞նչ կարծիքի եք ընտանիքով որևէ խաղ խաղալու կամ երաժշտական խումբ ստեղծելու մասին, օրինակ՝ ընտանիքից մեկը կարող է նվագել, մյուսը՝ երգել, մեկ ուրիշը պարել. ահա և իսկական տոնական մթնոլորտ:

Մի փոքր ուրախանալուց հետո հիանալի տարբերակ է միացնել հեռուստացույցը կամ համակարգիչը և դիտել Նոր տարվա մասին որևէ գեղեցիկ ֆիլմ: Հիանալի տարբերակ է ընտանեկան արխիվից տեսանյութեր դիտելը, ինչը կարող է զվարճացնել ու հաճելի հիշողություններ արթնացնել:

Շատ կարևոր է հիշել տունը զարդարելու, ամանորյա տրամադրություն հաղորդող դեկորացիաներ պատրաստելու կամ գնելու մասին: Պատկերացնու՞մ եք՝ այդ գեղեցիկ ձևավորման ֆոնին արված ընտանեկան լուսանկարները որքան կգեղեցկացնեն ու կհարստացնեն Ձեր ընտանիքի լուսանկարների ալբոմը:

Տունը զարդարված է գեղեցիկ դեկորացիաներով, տոնական սեղանը բուրում է համեղ ու ախորժալի, իսկ ինչպիսի՞ տեսք ունեն երեկոյի հերոսները: Այս մասին ևս պետք է նախապես մտածել: Ներդաշնակ ու համահունչ միջավայր ստեղծելու համար կարելի հագնել նույն կամ նման երանգներով զգեստներ: Հիանալի կլինի նաև ընտրել մի թեմա, օրինակ՝ որևէ ֆիլմ կամ հեքիաթ, և ընտանիքի յուրաքանչյուր անդամ կերտի ընտրված թեմայի որևէ հերոսի կերպարը: Այդկերպ ընտանիքի բոլոր անդամներն իրենց առանձնահատուկ ու անփոխարինելի կզգան ողջ երեկոյի ընթացքում:

 

Եվ վերջապես պետք է մտածել նաև նվերների մասին, որոնք պետք է լինեն սպասված ու հաճելի: Չէ՞ որ սա հիանալի հնարավորություն է երեխաներին հավատացնելու, որ ամանորյա հրաշք իսկապես գոյություն ունի, և որ Ամանորին կարող են կատարվել բոլորի երազանքները: Իսկ ամուսնու համար նվեր ընտրելիս պետք է մտածել, թե ինչ է պետք նրան և  թե ինչից նա կարող է անչափ ուրախանալ:

Սրանք ընդամենը փոքրիկ հուշումներ են: Իսկ թե ինչպես կարող եք Ամանորի գիշերը Ձեր ընտանիքի համար տոն դարձնել, գիտեք միայն Դուք: