Հուիսի 5-ին կայացավ «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովի հրավիրյալ բանախոսն էր համաշխարհային էքսպերտ պրոֆեսոր Օսամա Շաուքին (Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Al Ebtesama հիվանդանոց)։
Պրոֆեսորը մի քանի դասախոսությամբ հանդես եկավ՝ անդրադառնալով հիստերոսկոպիայի կիրառության ցուցումներին՝ մի շարք հաճախ հանդիպող հիվանդությունների ժամանակ։ Նա անդրադարձավ հիստերոսկոպիայի տեխնիկային՝ տեղում ցուցադրելով տարբեր հիվանդությունների բուժման դեպքում ընդունելի և արդյունավետ մոտեցումներ։
Պրոֆեսորը անձնական քննարկումներ ունեցավ հայ մասնագետների հետ, պատասխանեց բժիշկներին հուզող հարցերի։
Նախորդ օրերին հայ բժիշկները հնարավորություն ունեին մասնակցել «Մարգարյան ծննդատանը» իրականացվող հիստերոսկոպիկ միջամտություններին։
Գիտաժողովի ընթացքում ելույթներ ունեցան նաև հայաստանյան առաջադեմ գինեկոլոգները՝ անդրադառնալով կնոջ առողջության, կյանքի որակի պահպանման ընթացքում իրենց փորձին և ձեռքբերումներին։
«Որպես ռեպրոդուկտիվ օրգան՝ կնոջ արգանդը պահանջում է զգույշ, պրոֆեսիոնալ մոտեցում։ Անել այնպես, որ հետագայում այն չդառնա այլ մասնագետների համար պրոբլեմ»,- նշեց «Մարգարյան ծննդատան» կլինիկայի ղեկավար Արմեն Բլբուլյանը։

«Ուզում եմ շատ բարձր գնահատել նման կոնֆերանս կազմակերպելու գաղափարը և կազմակերպիչների աշխատանքը։ Նման կոնֆերանսները առողջապահության ոլորտում պարտադիր են, որով ապահովվում է բժիշկների շարունակական կրթությունը։ Երբ բժշկական հանրությունը հավաքվում է և միմյանց է փոխանցում սեփական փորձը և գիտելիքները, բարձրանում է ընդհանուր առողջապահական ծառայության որակը և մակարդակը»,- նշեց ՀՀ ԱՆ գլխավորմանկաբարձ-գինեկոլոգ Վրույր Գրիգորյանը։

Գինեկոլոգ-վիրաբույժ (Աստղիկ ԲԿ) Արման Կարապետյանը կարևորեց կոնֆերանսը՝ նշելով՝ «Ես ներկայացնում եմ այն սերունդը, որը տեսել է, թե ինչպես է զարգանում էնդոսկոպիկ վիրաբուժությունը տարիների ընթացքում։ Վերջին 20-25 տարիների ընթացքում հսկա էվոլյուցիա է արձանագրել էնդոսկոպիկ վիրաբուժությունը։ Ամենակարևորը՝ այն վիրահատությունները, որոնց տարիներ առաջ անիրականանալի էին թվում, այսօր իրականություն են։ Կատարվում են օրգանպահպանող վիրահատություններ, որոնց մասին տարիներ առաջ պատկերացում անգամ չունեինք»։

Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ևս կարևորեց կոնֆերանսի դերը հայ բժիշկների շարունակական կրթության հարցում՝ «Մենք բոլորս, մեր ամբողջ կյանքի ընթացքում, եթե բժիշկ ենք համարում մեզ, պետք է սովորենք։ Գալիս է մի պահ, երբ և սովորում ենք, և սովորեցնում։ Գիտաժողովի ընթացքում խոսում եմ արգանդի միոմաների մասին, եթե նախկինում համարվում էին արգանդը հեռացնելու պատճառ, ապա այսօր դրանք վիրահատվում են հիստերոսկոպիկ եղանակով՝ պահպանելով կնոջ արգանդը»։

«Ես՝ որպես ուռուցքաբան, ներկայացնելու եմ մի հետաքրքիր թեմա՝ ինչպե՞ս է հնարավոր արգանդի քաղցկեղով կնոջ արգանդը պահպանել և օգնել նրան հղիանալ։ Մի քանի տարի առաջ դա համարվում էր անհավանական, և երիտասարդ կանայք, որոնք քաղցկեղ ունեին, կորցնում էին արգանդը, և հույսը՝ երեխա ունենալ։ Այսօր այդ շանսը կա։ Մենք նման դեպքեր ունենք»,- պատմեց ուռուցքաբան գինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը Նաիրի ԲԿ, ՀՀ ԱՆ ԱԱԻ)։

Գիտաժողովին ելույթ ունեցավ նաև «Ավագ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ, բգթ Վահան Մանվելյանը՝ բանախոսելով «Ներարգանդային կպումներ: Վարման առանձնահատկությունները» թեմայով։

Գիտաժողովի ամբողջ ընթացքը հագեցած էր կնոջ առողջությանն ու կյանքի որակին, պատշաճ բուժումներին և հատկապես նորագույն տեխնոլոգիաների կիրառությանը նվիրված սրտացավ և գիտահեն ելույթներով, քննարկումներով։
Ժամեր շարունակ մի հայ բժիշկներն ու գիտնականները ներկայացնում էին իրենց փորձառությունը, վերլուծություններն ու տվյալները, համադրում դրանք միջազգային չափանիշներին և մոտեցումներին։




