Թրենդ և անհրաժեշտություն․ կոպերի պլաստիկա

Էսթետիկ վիրաբուժությունն անընդհատ զարգացման պրոցեսում է։ Տեխնոլոգիաները, վիրաբուժական մեթոդաբանությունն ու տեխնիկաները մշտապես են թարմանում։ Իսկ թե ինչպիսի արդյունք են ունենալու մարդիկ պլաստիկ վիրաբույժի աշխատասենյակից կամ վիրահատությունից հետո, որոշում է Բարձր նորաձևությունը։ Մեր հագուստի, աքսեսուարների, մեյքափի, կեցվածքի ու նախասիրությունների թրենդերն ամբողջանում են նաև դեմքի ու մարմնի՝ էսթետիկ վիրաբուժություն ենթադրող շտկումներով։

Անդրադառնալով կոպերի պլաստիկայի թրենդերին՝ զրուցել ենք Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ Գուրգեն Մխիթարյանի հետ։

-Որո՞նք են մեր օրերում կոպերի պլաստիկայի տարածված թրենդերը։
-Նախ նշենք, որ կոպերի պլաստիկա իրականացվում է, երբ անհրաժեշտ է ձգել և բարձրացնել վերին կոպերը։ Այս միջամտությունն արվում է, երբ պացիենտի մոտ առկա է մաշկի ավելցուկ ստորակնակապճային շրջանում։ Ինչպես նաև՝ երբ անհրաժեշտ է վերացնել մաշկային անհարթությունները։

Իհարկե, բլեֆարոպլաստիկան՝ կոպերի պլաստիկան ևս ունի իր թրենդերը։ Վերջին տարիներին թրենդ է դարձել Foxy eyes՝ աղվեսի աչքերի նմանությամբ միջամտությունը։

-Կոպերի թրենդային միջամտությունները ո՞ր տարիքից է ճիշտ իրականացնել։
-Կոպերի շրջանում որևիցէ միջամտություն կարելի է կատարել 18 տարեկանից սկսած։ Հիմնականում այդ տարիքում աճն ու զարգացումը մոտենում են իրենց ավարտին, որի ժամանակ կարելի կատարել այս կամ այն միջամտությունը՝ հստակ ցուցումներով և նպատակ ունենալով անցանկալի բարդություններից

-Արդյոք կան հակացուցումներ ու վտանգներ տեսողության պահպանման առումով։
Ինչպես ցանկացած վիրահատական միջամտություն այս դեպքում նույնպես կան հակացուցումներ և ռիսկեր։ Հակացուցումներից են ակնագնդի որոշ հիվանդությունների, այդ թվում՝ նաև ինֆեկցիոն և ալերգիկ բնույթի։ Նման պրոցեսների ժամանակ կարող է առաջանալ նույնիսկ տեսողության կորուստ։

Չափազանց կարևոր է, որ պացիենտը մանրակրկիտ հետազոտություն անցնի՝ անկաբույժի ներգրավմամբ՝ ի սկզբանե կանխարգելելու հնարավոր բարդությունները։

-Ի՞նչ միջամտություն է իրականացվում Foxy eyes ստանալու համար։
Foxy eyes ստանալու համար միջամտությունը կատարվում է ակնակապճի դրսային անկյան շրջանում․ այն ձգելով ավելի վերև ստացվում է ներկայում թրենդ համարվող աղվեսի հայացք։

Ընդունված է համարել, որ այս միջամտության արդյունքում աղվեսի զուտ նմանությունից բացի ունենում ենք ավելի խորաթափանց, երբեմն առեղծվածային հայացք։

-Արդյոք այն տեղային անզգայացմամբ է իրականացվում։
Կոպերի շրջանում ցանկացած պլաստիկա իրականացվում է հիմնականում տեղային անզգայացման պայմաններում, պրոցեսը լիարժեք անցավ է։ Իհարկե, որոշ ցուցումներ, ինչպես նաև պացիենտի ցանկությունը հաշվի առնելով կարող ենք իրականացնել նաև ընդհանուր անզգայացմամբ։

-Որքան ժամանակ է պացիենտը մնում հիվանդանոցում։
Միջամտությունից հետո սովորաբար պացիենտները մեկ ժամ մնում են դինամիկ հսկողության համար, որից հետո կարող են գնալ տուն։ Դա այն դեպքում երբ միջամտությունը կատարվել է տեղային անզգայացմամբ։ Ընդհանուր անզգայացման դեպքում պացիենտը ստացիոնար պայմաններում մեկ օր է անցկացնում, ինչը պայմանավորված է ընդհանուր անզգայացման հետ։ Հաջորդ օրը դուրս է գրվում։

-Ի՞նչ է արվում այն ժամանակ, երբ փոխվում են թրենդերը և կարիք է լինում արդեն իսկ վիրահատված կոպերը այլ թրենդին համապատասխանեցնելու։

Մեր պացիենտներին խորհուրդ կտամ չգնալ անընդհատ ի հայտ եկող և փոփոխվող  թրենդների հետևից, որոնք վիրաբուժական միջամտություն են ենթադրում, որովհետև օրգանիզմը «անսպառ» չէ և հնարավոր չէ հատկապես էսթետիկ գոտիներում ապահովել անընդհատ փոփոխվող թրենդները։ Կրկնակի վիրահատություններ հնարավոր են հստակ ցուցումներով և անհրաժեշտության դեպքում, այլ պարագայում գալիս է մի սահման, երբ հնարավոր չէ օգտագործել մաշկային ծածկույթների ռեսուրսը և ստանալ լիարժեք արդյունք։

-Ձեր դիտարկմամբ որո՞նք են եկող թրենդերը ու ինչո՞վ են դրանք պայմանավորված։

-Աշխարհում ամեն բան անընդհատ փոփոխվում է և մեր ժամանակներում ամեն ինչ շատ ավելի արագ է տեղի ունենում, քան մի քանի տարի առաջ։ Ամեն օր թրենդեր են առաջանում բոլոր ոլորտներում։ Այս պահին թրենդային է Foxy eyes կոչվածը, հաջորդը, կարծում եմ, կլինի Barbie տիկնիկի թրենդը։ Իհարկե ես ինքս նորամուծություններին կողմնակից եմ, սակայն եկեք հիշենք, որ դա պիտի արվի բացառապես «մի՛ վնասիր» սկզբունքով։

Leave a Comment