Site icon woman.am

Տորթ՝ Կարամելային

Աննա Մելոյանի հետ այսօր պատրաստում ենք այս ախորժալի խմորեղենը: Քաղցրակերներ, միացեք մեզ, սկսում ենք:

Նախ գրանցենք բաղադրիչները:

Մեզ անհրաժեշտ է

Խմորի համար

6 ձու

200 գ շաքարավազ

200 գ ալյուր

50 գ եգիպտացորենի օսլա

90 գ կարամել

90 գ ձեթ

50 գ սառը ջուր

2 թեյի գդալ փխրեցուցիչ

1/3 թեյի գդալ աղ

Վանիլին

1 թեյի գդալ աղացած հիլ

Ալյուր

 

 

Կրեմի համար

500 մլ սերուցք

300 գ կարամել

 

Օշարակի համար

250 մլ ջուր

2 թեյի գդալ լուժվող սուրճ

4 ճաշի գդալ շաքարավազ

 

Կարամելի համար

120 գ բարձր յուղայնությամբ սերուցք

150 գ շաքարավազ

30 գ կարագ

 

 

 

Խմորի համար նախատեսված ձվի սպիտակուցներն առանձնացնում ենք ու հարում նախ աղով, ապա շաքարավազի հետ միասին: Հարկավոր է հարել այնքան, որ ստացվի պինդ, բեզեյանման զանգված:

Որևէ առանձին ամանի մեջ հարում ենք դեղնուցն ու մնացած բաղադրիչները միասին: Վանիլինը, փխրեցուցիչն ու հիլը ավելացնում ենք ամենավերջում՝ ալյուրի հետ միասին:Ստացված խառնուրդին ավելացնում ենք նախապես հարած սպիտակուցը: Խառնում ենք զգուշորեն՝ վերից վար շարժումներով մինչ ստացվի համասեռ զանգված: Թխում ենք 180 աստիճան նախապես տաքացված ջեռոցում մոտ  40 րոպե: Կարելի է թխել 24-30 սմ տրամագծով կաղապարով՝ տակն անպայման յուղաթուղթ փռած:

Պատրաստի բիսկվիթը թողնում ենք սառելու ցանցի վրա, իսկ մենք անցնենք կրեմին:

Կրամի համար սերուցքը պետք է հարել այնքան, մինչ պնդանա, որից հետո արդեն կարելի է ավելացնել կարամելը:

Կարամելը պատրաստվում է  հետևյալ կերպ:

Որևէ հաստ տակով կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազն ու միջին կրակի վրա թողնում, հենց նկատում ենք, որ շաքարավազի տակի մասը մգացել է ու վերին շերտն է սկսում հալվել, զգուշերոն գդալով կողքերից շաքարը բերում ենք մեջտեղ, որ առանց տակը վառելու ողջ շաքարը հալվի: Նույն ժամանակ կրակի վրա տաքացնում ենք սերուցքը, բայց չենք եռացնում, տաք վիճակում ավելացնում ենք հալված շաքարավազի վրա ու խառնում, որ համասեռ զանգված ստացվի: Դրանից հետո արդեն կարող ենք ավելացնել կարագն ու կրկին խառնել: Շաքարավազը հալեցնելու ընթացքում այն խառնել խորհուրդ չի տրվում, որքան էլ որ զգացվի դրա կարիքը, այստեղ ևս միայն մի փոքր եզրերից ենք օգնում, ոչ ավել:

Այս զանգվածը սառեցնում ենք ու օգտագործում կրեմ պատրաստելու համար:

Մինչ այս ամենը կպատրաստենք, բիսկվիթն արդեն շատ լավ սառել է: Այն բաժանում ենք 3-4 շերտի, շերտերի արանքում քսում ենք կրեմն ու վերջում զարդարում ըստ ցանկության: Աննայի ձևավորման տարբերակը տեսնում եք գլխավոր լուսանկարում:

 

Համեղ, կարամելային նուրբ համ ու հոտով տորթն արդեն սեղանին է, սուրճ ցանկացողները թող ձեռք բարձրացնեն…

Woman.am-ն արդեն իսկ ունի հարուստ բաղադրատոմսերի տեսականի, կարող եք գտնել մեր նախորդ հանդիպումներն ու հետևել թարմացումներին:

Մինչ նոր համեղ հանդիպումներ:

Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)