Site icon woman.am

Սև շոկոլադ

Ես գիտեի, որ կշատեպեիք միանալ ինձ: Դե ինչ, գոգնոցները կապեք, թուղթ ու գրիչով զինվեք, որպեսզի նախ գրանցենք՝ ինչ է հարկավոր.

Խմորի համար

5 ձու
1 .5 բաժակ շաքարավազ
1 բաժակ կաթ
Մոտ 50 գ շոկոլադե սալիկ
1 սուրճի բաժակ ձեթ կամ 100 գ հալեցված կարագ
1 ճաշի գդալ կոնյակ
1 լիքը թեյի գդալ փխրեցուցիչ
3 ճ գդալ կակաո
2 բաժակ ալյուր

Կրեմի համար

1 տուփ եփած խտացրած կաթ
150 գ կարագ
Մոտ 50 գ շոկոլադե սալիկ

Խմորի և կրեմի համար միասին օգտագործում ենք մեկ տուփ սև, ցանկալի է դառը  շոկոլադե սալիկ:

 

Մինչ գործի անցնելն հիշեցնեմ, որ իմ մյուս բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group հասցեում:

Հարմար ամանի մեջ կոտրում ենք ձուն, հարում շաքարավազի հետ այնքան, մինչ զանգվածը լավ թեթև ու փրփրուն դառնա, շատ երկար կարիք չկա: Ես հարել եմ ձեռքի ոչ էլեկտրական հարիչով՝ զսպանակով: Այնուհետև ավելացնում ենք նախապես եռացված ու սենյակային ջերմաստիճանի հասցված կաթը: Լցնում ենք նաև նախապես գոլորշու վրա հալեցված ու կրկին սենյակային ջերմաստիճանի հասած շոկոլադը, ավելացնում ենք ձեթը կամ կարագը:

Մի կարևոր դիտարկում անեմ. եթե խմորի մեջ կա կակաո և որևէ յուղային բաղադրիչ՝ ձեթ, հալեցված կարագ կամ մարգարին, ապա ցանկալի է կակաոն ավելացնել այդ բաղադրիչի հետ խառնած: Ես առավել հաճախ ձեթով եմ պատրաստում, հետևաբար, կակաոն լցնում եմ ձեթի հետ, խառնում, նոր միայն ավելացնում: Սա օգնում է առավել արտահայտիչ դարձնել կակաոյի շոկոլադային գույնն ու համը:

Այնուհետև ավելացնում ենք կոնյակն և իրար խառնած ալյուրն ու փխրեցուցիչը:

Եթե որոշել եք փխրեցուցիչի փոխարեն սոդա ավելացնել, ապա կոնյակից հետո մի թեյի գդալ քացախ ավելացրեք:

Պետք է ստացվի թույլ խմոր, որը բաժանում ենք երկու մասի, մի մասը լցնում ենք յուղաթղթով տապակի մեջ ու թխում 180-200 աստիճան տաքացված ջեռոցում: Աշխատեք ջեռոցում երկար չթողնել: Պատրաստ լինելը ստուգեք չոփիկով՝ մեջտեղի հատվածներում, որտեղ ամենաուշն է եփվում:

Պատրաստ լինելուն պես դուրս բերեք, երկար մնալու դեպքում խմորը չորանում է:

Դուրս ենք բերում, շուռ տալիս սրբիչի վրա, ազատում խմորը յուղաթղթից ու թողնում սառչի: Այդ ընթացքում թխում ենք երկրորդ շերտը:

Հեշտ, արագ ու շատ որակով: Մնաց կրեմը, մի փոքր էլ ձեզ չարչարեմ:

Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք մինչ լավ սպիտակի, գդալ-գդալ ավելացնում ենք եփած խտացրած կաթն ու հարում մինչ համասեռ զանգված դառնա: Որից հետո ավելացնում ենք կամ նախապես պատրաստված 2-3 ճաշի գդալ գլազուրը, կամ հալեցված շոկոլադ (խմորի համար օգտագործված սալիկից մնացած մասը), կամ էլ կարող եք 2-3 ճաշի գդալ կակաոյի վրա լցնել մի քիչ ձեթ, այնքան, որ նուտելլայի խտության զանգված ստացվի, ոչ ջրիկ, ու վերջ, կարող եք սա ավելացնել կրեմին: Ինչպես կցանկանաք: Ես բոլոր տարբերակներով էլ պատրաստում եմ ու հավասար հավանում բոլորն էլ:

Սառած շերտերի արանքում քսում ենք կրեմի ուղիղ կեսը, մյուս կեսը քսում ենք վերջին շերտին ու ձևավորում՝ ինչպես ցանկանանք: Ես, չգիտես ինչու, այս խմորեղենը միշտ ձևավորում եմ խմորի փշրանքներով կամ քերած շոկոլադով, դուք կարող եք ձևավերել նաև ջնարակով (գլազուր): Ջնարակի լավ տարբերակ կարող եք գտնել Woman.am-ի խոհանոցում կատարած իմ գրառումներում, պետք է միայն փնտրման տողում գրել փայլուն ջնարակ:

Ահա և վերջ: Դուք վայելեք ձեր հասանելիք սև շոկոլադը, իսկ ես փնտրեմ նոր համեղ պատմություններ՝ ձեզ հետ կիսվելու համար: