Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնը շարունակաբար համալրվում է նոր սարքավորումներով, որոնք նոր որակ են հաղորդում ամենատարբեր հիվանդությունների արդյունավետ բուժմանը։ Հերթական ձեռքբերման մասին ենք զրուցել Կենտրոնի մաշկաբան Ջուլիետա Աբրահամյանի հետ։
– Ի՞նչ սարքավորմամբ է համալրվել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնը։
– Excilite µ էքսիմերային լազեր սարքավորումը իտալական Deka ընկերության վերջին նորարական տեխնոլոգիաներից լավագույնն է։ Սարքավորումը հաջող կերպով օգտագործվում է աշխարհի մի շարք երկրներում և այժմ արդեն մեծ ոգևորությամբ պետք է նշեմ, որ այն կիրառելի է նաև Մաշկաբանության և այրվածքաբանության ազգային կենտրոնում։
-Ի՞նչ նշանակություն ունի սարքավորումը։ Ի՞նչ հնարավորություններ ունի։
-Excilite µ լազերային համակարգը առաջին ժամանակակից էքսիմեր լուսային թերապիայի համակարգն է, որը օգտագործվում է մի շարք աուտոիմուն հիվանդությունների բուժման նպատակով, այդ թվում՝ վիտիլիգո, պսորիազ, ատոպիկ մաշկաբորոբ, օջախային մազաթափություն։
– Ո՞ր հիվանդությունների դեպքում է այն կիրառվում։ Ի՞նչ կփոխի այն հիվանդությունների բուժումների ընթացքում։
-Համակարգը արագացնում է վերոնշյալ հիվանդությունների լավացումը և թույլ է տալիս հասնել երկարատև և կայուն ախտադադարի շրջանի։ Կարևոր է, որ միջամտությունները թույլ են տալիս հրաժարվել հորմոնալ դեղամիջոցների երկարատև ընդունումից։ Միջամտությունները անցավ են և տհաճություն չեն պատճառում բուժառուին։
-Ինչպիսի՞ն է սարքի ազդեցության մեխանիզմը։
–Ֆոտոթերապիան իրականացվում է մոնոքրոմ էքսիմերային լույսով, որի ալիքի երկարությունը կազմում է 308 Նմ, ինչը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում հասնել բավարար արդյունքի՝ մինիմալի հասցնելով կողմնակի ազդեցությունները։ Սարքի գլխիկները թույլ են տալիս ախտահարման օջախում բաշխել էներգիան հավասարաչափ, դրա հետ մեկտեղ կատարել միջամտությունը առանց առողջ մաշկը վնասելու։
– Արդյոք այն կիրառվում է որպես մոնոթերապիա, թե համալիր բուժման մի մասն է։
-Թերապիան կարելի է իրականցանել ինչպես տեղային և համակարգային դեղորայքի հետ համակցված, այնպես էլ որպես մոնոթերապիա, եթե հակացուցված է որևէ դեղորայքի օգտագործումը։

