Այս անգամ բերել եմ մեծ, տոնական այս իդեալը: Ինչու տոնակա՞ն: Որովհետև բավական շատ է ստացվում և կարելի է հյուրասիրել միաժամանակ մեծ թվով հյուրերի:
Լուսանկարում իմ սանուհու՝ Գոհար Պետրոսանի պատրաստած իդեալն է: Ինքս հաճախ եմ պատրաստում: Ասեմ ավելին, վերջին մի քանի տարում տոնական տորթերի բիսկվիթները փոխարինել եմ իդեալի շերտերով: Որքան մնում, այնքան փափկում է, աննման համ ունի, տարբորվող է:
Ահա այսպես:
Հիմա բաղադրատոմսի մասին:
Խմորի համար մեզ անհրաժեշտ է
10 ձու
2.5 բաժակ շաքարավազ
2 ճաշի գդալ մեղր
1 լիքը թեյի գդալ սոդա
Վանիլին
1 բաժակ մանրեցված ընկույզ՝ ըստ ճաշակի
2.5 բաժակ ալյուր
Կրեմի համար
250 գ կարագ
1 տուփ եփած խտացրած կաթ վանիլին
Կոնյակ
1 բաժակ մանրեցված ընկույզ՝ ըստ ճաշակի
Դուք բաղադրիչները գրանցեք, իսկ ես հիշեցնեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերին, մշակումներին ու խորհուրդներին կարող եք ծանոթանալ իմ Arusyak Hokhikyan’s group ֆեյբուքյան խմբում:
Սկսենք խմորից
Ձուն լավ հարում ենք շաքարավազի հետ: Մոտ 5 րոպե հարել է հարկավոր: Լավ արդյունքի համար անհրաժեշտ է, չանտեսեք սա:
Այնուհետև ավելացնում ենք քիչ գոլացված, թուլաված մեղրն ու խառնում ենք: Եթե պատրատտում ենք ընկույզով, ապա այս պահին այն ավելացնելու ճիշտ ժամանակն է:
Դրանից հետո խառնում ենք իրար սոդան, վանիլինն ու ալյուրը, մաղելով լցնում խմորի զանգվածի վրա:
Կրկին խառնում ենք, բայց արդեն առանց հարիչի:
Ասեմ, որ այս խմորեղենը ես հաճախ պատրաստում եմ նաև կակաո ավելացնելով: Կարող եք ավելացնել՝ ըստ ցանկության՝ 3-4 ճաշի գդալ կակաո: Այդ դեպքում, սակայն, ալյուրի նախատեսված քանակից նույնքան պակասեցնել է հարկավոր:
Ահա, ստացանք մի քիչ իրիսանման քսվող խմոր:
Բաժանում ենք երեք հավասար մասերի և թխում միջինը 200 աստիճան նախապես տաքացված ջեռոցում:
Շերտերը թողնում ենք սառեն հարթ մակերեսին՝ սրբիչի վրա:
Շերտերն առաջին հայացքից ցածր կթվա, ռեզինանման: Չվախենաք: Հենց էդպես էլ պետք է լինի: Կրեմ քսելուց մի քանի ժամ անց անճանաչելիորեն կփոխվեն, ծակոտիները կբացվեն, կնրբանա անհավանական:
Շերտերն իրար ենք միացնում կրեմով:
Պատրաստենք կրեմը
Սա ավելի քան հեշտ է:
Սենյակային ջերմաստիճանի կարագը լավ հարում ենք, հետո գդալ-գդալ ավելացնում կրկին սենյակային ջերմաստիճանի խտացրած կարագը:
Եթե ընկույզով եք պատրաստում, ապա կարող եք ընկույզը վերջում խառնել կրեմին, կամ առատորեն շաղ տալ շերտերին քսված կրեմի վրա: Դասական Իդեալի բաղադրատոմսը հենց այդպիսինն է:
Վերջում մեր տոնական խմորեղենը զարդարում ենք մանրեցված ընկույզով:
Պատրաստեք և հյուրասիրեք, վստահ եղեք՝ բոլորը գոհ կմնան:
Woman.am-ի էջերում իդեալի այլ տարբերակներ ևս կան, կարող եք փնտրել՝ կայքի աջ վերին անկյունում՝ փնտրման տողում, Իդեալ բանալի բառը գրելով:
Մինչ նոր համեղ հանդիպումներ
Սիրով՝ Արուսյակ Հոխիկյան
