«Ձմռանը սիրտը տաք պահելն իրական հաղթանակ է, իսկ մաշկն առողջ պահելն իրական դժվարություն»,- ասում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մաշկաբան Նարինե Պարսամյանը։ Նրա հետ մենք զրուցել ենք ձմռանը մաշկի առողջության և հատուկ խնամքի մասին։
-Ձմեռային եղանակը հակված է առաջացնել մաշկային ու համակարգային հիվանդություններ`ցրտով միջնորդավորված: Որո՞նք են դրանք և ինչո՞վ են պայմանավորված:
-Ձմռանը պայմանավորված օդի անբավարար խոնավությամբ ու ցածր ջերմաստիճանով մաշկը չորանում է, գրգռվածություն է նկատվում, քոր, ցանավորում։ Կան մի շարք վիճակներ, որոնք սրվում կամ հրահրվում են ցրտի պատճառով։ Այդ թվում են պսորիազը, էկզեման (ատոպիկ մաշկաբորբ), ակնեն, ցրտային եղնջացանն ու ցրտային պաննիկուլիտը, ճաքճքած շուրթերը, պերնիոզը, ձմեռային քորը:
-Ինչպե՞ս վարվել ձմռանը սրացող կամ նոր առաջացած ցանավորումների դեպքում:
-Արդեն ախտորոշված հիվանդությունների սրացման ու չճշգրտված բնույթի ցանավորումների դեպքում պարտադիր է դիմել մաշկաբանի՝ հետագա քայլերի ճշգրտման նպատակով:
-Կա՞ն քայլեր, որոնք կարող են կանխարգելել մաշկային հիվանդությունների սրացումները ձմռանը:
-Հիմնական կանխարգելիչ խորհուրդներն են` օգտագործել խոնավացնող միջոցներ, օրական առնվազն մեկ անգամ: Արևապաշտպան միջոցների կիրառում: Կրել փափուկ, բամբակյա հագուստ (որպես վերնահագուստ բրդյա հագուստը կարող է կիրառվել): Օգտագործել բավարար քանակով հեղուկներ: Վերահսկել սթրեսը: Խրախուսվում է օմեգա-3 և այլ օրգանական միացություններով հարուստ սննդի օգտագործումը։ Իսկ կոֆեին պարունակող ու ալկոհոլային խմիչքները պետք է չչարաշահել: Կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը: Տան օդը նույնպես պետք է խոնավ պահել։

