Site icon woman.am

Ձևավորված ջնարակ

Միայն գեղեցիկ ու երկար պահպանվող փայլով ջնարակով այսօր արդեն ոչ ոքի չես զարմացնի: Մի քայլ առաջ գնալու ժամանակն է:

Առաջարկում եմ ձևավորել գեղեցիկ ջնարակը՝ գեղեցիկ ժանյականման նախշերով: Ինչպե՞ս: Գլխավոր նկարին նայեք 

Դե սպիտակ կրեմն էլ տարբերակ է, բայց այն ցանկացած պահի կարող է անզգույշ շարժման արդյունքում խառնվել ջնարակին, հատկապես, որ իմ առաջարկած այս փայլուն ջնարակը չի չորանում երբեք:

Հետևաբար, փորձում ենք պատրաստել ամենահեշտ ու արագ պատրաստվող տարբերակով՝ թագավորական այսինգով: Սա հենց այն նույն այսինգն է, որով ձևավորում ենք ամանորյա իմբիրով մարդուկնեն ու մյուս տոնական թխվածքաբլիթները:

Իրականում շատ բան անհրաժեշտ չէ՝ միայն մի փոքր սպիտակուց ու շաքարի փոշի:

Տնային տնտեսուհիներից շատերի համար խոհանոցում աշխատանքը ավելի շատ աչքաչափով է ստացվում, ուստի նկարագրեմ այսպես: Մի ձվի սպիտակուցի կեսը վերցնում ենք, մի փոքր հարում, որպեսզի ոչ թե փրփրի, այլ ուղղակի նրա մեջ առկա ալգումինի ու ջրի կապերը խզվեն, պարզ լեզվով ասած՝ սպիտակուցը համասեռ դառնա: Ինչու եմ նշում կե՞սը, որովհետև թխվածքաբլիթ չենք ձևավորում, որ պատրաստենք շատ ու օգտագործվի ամբողջը: Կես սպիտակուցից բավական կրեմ կստացվի՝ նման նուրբ նախշ ստանալու համար:

Այս պահից սկսած մաղելով ավելացնում ենք շաքարի փոշին: Կարևոր է հաշվի առնել, որ աշխատելու ենք ջնարակի վրա, որպեսզի գծերը ստացվեն նուրբ ու չտարածվեն ջրիկ միջավայրում, ցանկալի է, որ այսինգը լինի սովորական կրեմի խտության, ոչ թույլ: Ձևավորման ընթացքն ու նախշի ընտրությունն էլ արդեն կախված է ձեր երևակայությունից ու այդ պահին ունեցած տրամադրությունից: Նշեմ, որ ես աշխատել եմ ձևավորման մեկանգամյա տոպրակներով, որի մեջ լցրել եմ կրեմը, ծայրին մի քանի մմ կտրվածք եմ արել ու սկսել նկարել: Հա, կիտրոնի մի քանի կաթիլ հյութն էլ ավելացնեմ, որ այսինգը փայլի: Պարզապես ավելացրեք պատրաստի կրեմին ու վերջ: Թթվային այս հավելման հետ աշխատելիս զգույշ եղեք. ավելորդ ավելացնելու դեպքում այսինգը կդառնա ավելի ճկուն, ճիշտ է, բայց և կխանգարի մանր նախշեր անելիս: Այն պարզապես չի ցանկանա պոկվել ձևավորման տոպրակից, երբ ցանկանաք փոքրիկ կետիկներ անել, կամ ավարտել նախշը կոկիկ:

Եթե նկարչական ընդունակություններ չունեք կամ ուղղակի ցանկություն չունեք նման նախշեր ստանալու, կարելի է պարզապես, օրինակ, մարս խմորեղենի վրա այս տարբերակով գրել ՄԱՐՍ:

Ես այս տարբերակով ձևավորում եմ նաև տոնական տորթերը: Նույն Սպարտակ խմորեղենը պատրաստում եմ կլոր տեսքով: Միացնում եմ շերտերը կրեմով: Կողքերին, սակայն, ոչինչ չեմ քսում, շերտերի գեղեցիկ դասավորությունն ընդգծելու համար: Հո իզուր չե՜նք չարչարվել թխելիս ու ստացել դրանք:

Խմորեղենի վրա գլազուր եմ լցնում, զգույշ տարածում այնպես, որ եզրերից չհոսի, կամ էլ որոշակի կոկիկ կաթիլներ միայն հոսեն: Հատուկ դրա համար երբեմն ջնարակից մի փոքր մաս լցնում եմ ձևավորման տոպրակի մեջ՝ որպեսզի եզրերի կաթիլները լինեն մտածված ու թափթփված տեսք չհաղորդեն տորթին: Գեղեցիկ հիմքը ստացանք, ժամանակն է տոնական տորթին հենց տոնական տեսք հաղորդելու: Սա, ինչպես վերևում նշեցի, իրականացնում եմ հենց այսինգով: Կարելի է գրել հոբելյարի տարիքն ու անունը՝ մի կողմի վրա գեղեցիկ ժանյակ նկարելով: Այս ամենը գեղեցիկ կեզրափակեն շոկոլադե դեկորները, որոնք ևս շատ հեշտ է ստանալ տնային պայմաններում:

Ջրային գոլորշու վրա հալեցնում ենք սպիտակ շոկոլադը, լցնում ենք մեր ձևավորման տոպրակների մեջ, որի ծայրը փոքր բացվածք պետք է ունենա, ու դրանով յուղաթղթի կամ ուղղակի A4 ֆորմատի թղթերի համար նախատեսված ֆայլերի վրա նկարում ենք ցանկացած նախշ: Օրինակ՝ թեթեռնիկի թևիկներ, թողնում ենք սառչի, չորանա, որից հետո զգուշորեն դուրս ենք բերում թղթի վրայից ու  օգտագործում՝ ինչպես կամենանք: Ես այս թևիկները օգտագործում եմ այսինգային ժանյակներին ծավալուն նախշի տեսք տալու համար:

Սպիտակ շոկոլադի, ինչպես նաև այսինգի մեջ կարելի է լցնել ցանկացած սննդային ներկ ու ստանալ առավել հետաքրքիր ու գունեղ պատկերներ: Սա արդեն ավելի շատ հարմար է թխվածքաբլիթները ձևվորելու համար:

Իսկ թե ինչպես պատրաստել Սպարտակ խմորեղենը, որի մասին այսքան երկար պատմեցի, կամ ինչպես ստանալ նկարելու համար հարմար թխվածքաբլիթներ, ծանոթացեք Woman.am-ի խոհանոցային էջերում: Հետևեք նաև թարմացումներին:

Ստեղծագործեք՝ ժամանակավորապես վերածելով ձեր խոհանոցը արվեստանոցի… Երբեմն դա նաև տնային հոգսերը մոռանալու, լիցքաթափվելու համար հարմար միջոց է…