Զրուցում ենք «Էվա մեդ» բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Արթուր Ալեքսանյանի հետ
-Բժիշկ, խնդրում եմ ներկայացնել, ի՞նչ է վարիկոզ հիվանդությունը և ո՞րն է վերջինիս վտանգը։
-Մակերեսային ենթամաշկային երակների, մագիստրալ անոթների լայնացման և նրա ճյուղերի լայնացման դեպքում զարգանում է վարիկոզ հիվանդությունը։ Ժամանակակից դասակարգմամբ հիվանդությունը վեց աստիճան ունի։ 1-ին և 2-րդ աստիճանում հիվանդությունն ասիմպտոմ է ընթանում, այսինքն կրում կոսմետիկ բնույթ։ Սկսած 3-րդ աստիճանից համարվում է, որ հիվանդությունը բերում է վերջույթներում խրոնիկական կայուն անբավարարության։ Եվ սկսած այդ աստիճանից հիվանդության բուժումը վիրաբուժական է։ Բնականաբար 4-րդ ստադիայում ավելի արտահայտված է։ Տրոֆիկ փոփոխություններ նկատվում են 5-րդ և 6-րդ աստիճաններում։ Բնականաբար, 1-ին, 2-րդ փուլի դեպքում ցուցված է պրոֆիլակտիկա՝ կոմպրեսիոն տրիկոտաժի կրում, քաշի պակասեցում, մենք խորհուրդ ենք տալիս ֆիզիկական ծանրաբեռնվածությունից զերծ մնալ, և որոշակի պրեպարատների պարբերաբար ընդունում։ Սակայն պետք է նշել, որ հիվանդությունն իր բնույթով այնպիսին է, որ նմանատիպ միջոցառումները չեն կարող կանխել հետագա զարգացումը, ուղղակի այս հվանդության զարգացումը կարելի է դանդաղեցնել։
-Ինչի՞ց է առաջանում այս հիվանդությունը։ Արդյոք սա կենսակերպով պայմանավորված է։
–Հիվանդության առաջացման գործոնները բազմաթիվ են։ Սակայն հիմնականում ժառանգական նախատրամադրվածության մասին պիտի խոսենք։ Ավելորդ քաշը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, իսկ կանանց պարագայում նաև հղիություններն ու ծննդաբերությունները հանգեցնում են վարիկոզ հիվանդության առաջացման։
-Որո՞նք են այն գանգատները, որոնց պետք է ուշադիր լինել։
–Այն դեպքում, երբ հիվանդի մոտ կա սիմպտոմատիկա, հիմնականում հիվանդները նշում են վերջույթների ծանրություն, բութ բնույթի ցավեր, ֆիզիկակա ծանրաբեռնվածության ժամանակ օրվա 2-րդ կեսին նշում են ոտքերի այտուց, հիմնականում սրունքի ստորին երրորդականում, սրունք-թաթային հոդերի շրջանում։ Օրինակ 4-րդ փուլում այս գանգատներն արդեն լինում են կայուն։ Եթե այտուցի այլ պատճառներ չլինելու դեպքում հիվանդները նշում են, որ արթնանում են արդեն իսկ այտուցված վերջույթով, ուրեմն պետք է փաստել, որ կա կայուն երակային անբավարարություն։
-Արդյոք այս վիճակները կյանքի սպառնալիք ունեն և ո՞ր դեպքում է, որ պետք է անմիջապես վիրահատել։
-Վիրահատական միջամտություննխուսափելի է՝ իհարկե ոչ 1-ին և 2-րդ աստիճաններում։ Բայց սա այն հիվանդությունն է, որը վիրահատվում է պլանային կարգով և շտապ վիրահատության կարիք չի լինում։ Ա յսինքն սրանք վիճակներ են, որոնց դեպքում պետք է պլանային կարգով վիրահատել։ Իհարկե, ինչքան հիվանդության աստիճանը բարձր է, այնքան առաջարկում ենք այս խնդիրը լուծել կարճ ժամկետում։ Բոլոր երակային անբավարարությունները, պետք է նշենք, որ կյանքի կյանքին կամ վերջույթին չեն սպառնում, պարզապես սրանք հիվանդագին վիճակներ են, որոնք կյանքի որակի վրա են ազդում։
-Իսկ ո՞ր դեպքում է, որ իրավիճակը գնում է դեպի վերջույթներ կորցնելու սպառնալիք։
-Վարիկոզի դեպքում, նմանատիպ իրավիճակներ չեն լինում։ Պարզապես կարող են այնպիսի տրոֆիկ փոփոխություններ լինեն, որ այդ վերքերը խորանան, ինֆեկցվեն, բայց վերջույթը կորցնելուն չի սպառնում։ Հիմնականում զարկերակային պաթոլոգիաներն են դրան տանում։ Երակային ու մանավանդ մակերեսային երակների դեպքում նման խնդիրներ չի լինում։
-Ի՞նչ է իրենից ներկայացնում վիրահատական միջամտությունը, ի՞նչ պրոցես է սա։
-Վերջույթի վրա ունենք երկու մագիստրալ անոթ՝ մեծ և փոքր ենթամաշկային երակները։
Հիմնականում ախտահարվում է մեծ ենթամաշկային անոթը, ավելի քիչ դեպքերում՝ փոքրը։ Պատահում է, որ լայնանում են թե՛ մեծ, թեծ փոքր անոթները։ Մեր խնդիրն է, որ վիրահատական եղանակով հիվանդ մագիստրալ անոթը լիկվիդացնենք, արյան շրջանառությունից հանենք։
Այս գործընթացի համար տարբերակաները մի քանիսն են՝ մեր տրադիցիոն բաց վիրահատական միջամտությունն է, երբ մեծ ենթամաշկային երակը և դրա հիվանդ ճյուղերը հեռացնում ենք, հիմա ավելի կիրառելի է ներերակային լազերային օբլիդերացիան․ ուլտրաձայնի հսկողության տակ կոագուլյացիա ենք անում, այսինքն այդ երակը այրում ենք, փակում։ Զուգահեռ կատարվում է լազերային վիրահատություն մինիֆլեբէկտոմիա, փոքր, մանր, իրենից դուրս եկող ճյուղերը հեռացվում են։ Հիմնականում այս երկու եղանակն ենք կիրառում։ Իհարկե, կա նաև սկլերոթերապիայի եղանակը, երբ երակի ցողունը սկլերոզանյութով է պատվում, բայց դա ավելի ինդիվիդուալ դեպքերում է կիրառվում։ Այս մեթոդն ավելի շատ կիրառում ենք կոսմետիկ նկատառումներով՝ 1-ին և 2-րդ ստադիաներում։ Այն ժամանակ, երբ հիվանդությունը կոսմետիկ բնույթ է կրում, ճյուղերն ենք վերացնում։

