Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում բազում փոփոխություններ են արձանագրվում, ինչի հետևաքով ի հայտ են գալիս տարատեսակ հիվանդագին վիճակներ, կամ դրանց սրացումներ։ ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մաշկավեներաբան Կարեն Վարդանյանի հետ քննարկել ենք հղիության դերմատոզ երևույթը։
-Ի՞նչ է հղիության դերմատոզը։
–Հղիության դերմատոզները ոչ թե մեկ, այլ ոչ հստակ տարբերակումով, քորով ուղեկցվող, մաշկի բորբոքային ցանավորումներով ընթացող հետերոգեն հիվանդությունների խումբ է, որոնք հանդիպում են առավելապես հղիության ընթացքում և/կամ վաղ հետծննդյան շրջանում։ Տարիների ընթացքում նրանց դասակարգումն էլ է ենթարկվել փոփոխության, և ներկայում առանձնացնում են 5 հիմնական տարատեսակներ։
-Ի՞նչ առանձնահատկություններ ունեն՝ ի տարբերություն ոչ հղի կանանց մոտ առաջացող դերմատոզներից։
–Իհարկե ինչպես նշեցինք առաջին առանձնահատկությունը կայանում է հենց պոպուլյացիոն գործոնում՝ ասել է թե այս խնդիրների հանդիպում են հղիության ընթացքում և/կամ վաղ հետծննդյան շրջանում։
Կա աքսիոմալ կարծիք, որ ցանկացած հղի, ով ունի քոր, կարիք ունի մաշկաբանի խորհրդատվության ու առաջնահերթ պետք է դիտարկվի հղիության դերմատոզների տեսանկյունից։ Այսինքն, հաջորդ առանձնահատկությունը քորի գանգատն է։ Ի դեպ, անգամ եթե այդ գանգատը չի ուղեկցվում մաշկի ցանավորմամբ, մասնավորապես ներլյարդային խոլեստազի դեպքում։
Կարևոր է նաև դրանց տարբերակումը հղիության ընթացքում մաշկի, եղունգների, մազերի, քրտնա- և ճարպագեղձերի ու տեսանելի լորձաթաղանթների հետ տեղի ունեցող ֆիզիոլոգիական՝ նորմա հանդիսացող փոփոխություններից և նախկինում ունեցած մաշկային խնդրի ակտիվացումից։
-Ինչու՞ է այն առաջանում հղիների մոտ։
–Իհարկե զարգացման մեխանիզմները շատ բարդ են և մեկ նախադասությամբ դժվար է բոլոր դեպքերը նկարագրել։
Օրինակ հղիների պեմֆոգոիդի դեպքում աուտոիմուն մեխանիզմն է՝ հակածնի և հակամարմնի միաձուլումը մաշկի բազալ շերտում խթանում է բորբոքային կասկադ, ինչն էլ իր հերթին բերում է էպիդեմիսի շերտազատման բուն դերմայից, որն էլ իր հերթին արտահայտվում է մաշկի բշտային ախտահարումով։
Իսկ օրինակ հղիների պոլիմորֆ ցանավորումների դեպքում դիտարկվում է այն, որ որովայնի մաշկի գերձգվածության արդյունքում առաջանում է շարակցական հյուսվածքի վնասում, որն իր հերթին ակտիվացնում է մաշկային հակածիններն ու մեկնարկում բորբոքային պրոցեսը։ Այս վարկածի օգտին խոսում է այն հանգամանքը, որ բազմապտուղ և գերջրությամբ հղիությունների դեպքում հանդիպում է ավելի հաճախ։
-Հղիների պարագայում դերմատոզն ի՞նչ վտանգեր ունի, ինչպես է անդրադառնում կյանքի որակի և առողջության վրա։
-Բարեբախտաբար դեպքերի ճնշող մեծամասնությունում հղիության դերմատոզների ելքը բարենպաստ է։ Դրանք ինքնաբերաբար անցնում է ծննդաբերությունից հետո կամ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում։
Բնորոշ է հաջորդ հղիությունների ընթաքում սրացումները, և կարող է ամեն հաջորդ անգամն ավելի բուռն արտահայտվել։
Սակայն հղիների պեմֆիգոիդի որոշ դեպքեր կարող են լինել վտանգավոր հղիի ու պտղի համար։ Մասնավորապես առկա է վաղաժամ ծննդաբերության և անհաս նորածնի բարձր ռիսկ՝ պայմանավորված ընկերքային թեթև աստիճանի անբավարարությամբ։
Հղիների ներլյարդային խոլեստազի ռիսկերն առավել մեծ են հենց պտղի համար։ Այն կարող է բերել վաղաժամ ծննդաբերության, պտղի ներարգանդային մահվան, նեոնատալ ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի։ Հղիների համար կանխատեսումն ավելի բարենպաստ է։
Հղիների պուստուլյոզ պսորիազի դեպքում կանխատեսման առումով՝ ելքն անբարենպաստ է ծննդկանի, և մասնավորապես պտղի համար։ Ընկերքային արտահայտված անբավարությամբ պայմանավորված՝ այս դեպքում առկա է վաղաժամ ծննդաբերության, անհաս նորածնի, և անգամ մեռելածնության բարձր ռիսկ։ Հետևաբար նման հղիներին հաճախ կարիք է լինում վաղաժամ ծննդալուծման՝ խուսափելու համար վերոնշյալ ռիսկերից։
-Ինչպե՞ս է իրականացվում ախտորոշումը։
–Ախտորոշումը սկսվում է մաշկաբանի կողմից հղիության դերմատոզի առկայության ռիսկի գնահատումից։ Տվյալների մանրամասն հավաքագրման և զննության ընթացքում նախ բացառվում են ֆիզիոլոգիական վիճակներն ու նախկինում ունեցած մաշկային խնդիրների սրացումը։ Հղիության ժամկետը, ախտահարման տեղակայումն ու ձևը հուշում է այս կամ այն դեմատոզի մասին։ Որոշ դեպքերում՝ ախտորոշման համար իրականացվում են նաև լաբորատոր և գործիքային հետազոտություններ՝ մինչև անգամ մաշկի բիոպսիա հետագա հյուսվածաբանական քննությամբ։
-Ի՞նչ բուժում է ենթադրվում՝ հաշվի առնելով կնոջ կարգավիճակը կա դեղորայքի սահմանափակում։
–Բուժման տակտիկան ընտրվում է համատեղ՝ մաշկաբանի առաջարկությամբ, համաձայնեցնելով հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի հետ և անհատական յուրաքանչյուր դեպքի համար՝ կախված տեսակից ու ծանրության աստիճանից։ Մի դեպքում դա կարող է լինել արտաքին օգտագործման դեղամիջոցներ, մեկ այլ դեպքում՝ կախված ծանրության աստիճանից, լաբորատոր ցուցանիշներից և հնարավոր ռիսկերի կանխարգելման նպատակից, բուժումն իրականցվի ստացիոնար պայմաններում արտաքին բուժումը զուգակցելով ներքին ընդունման դեղամիջոցների հետ։ Դեղամիջոցներն ընտրվում են ռիսկ/օգուտ հարաբերակցությամբ։
Ամփոփում
Կան մշակված ալգորիթմներ, որոնք օգնում են հղիության դերմատոզի առկայության ռիսկը գնահատել, սահմանում են ախտորոշման չափանիշներ, և առաջարկում բուժման սխեմաներ։ Ժամանակին և ճիշտ ախտորոշումը ոչ միայն լավացնում է հղիի առողջական վիճակն ու հղիության ընթացքը դարձնում ավելի հարմարավետ, այլ նաև կառավարելի է դարձնում ծննդկանի և պտղի համար վտանգ ներկայացնող ռիսկերը։

