Site icon woman.am

Հայտնի մաշկային հիվանդություններ՝ նոր մոտեցումներ

Մաշկային հիվանդությունների բուժման հնարավորություննրը ժամանակի ընթացքում կատարելագործվում են։ Ի հայտ են գալիս մեթոդներ ու սարքավորումներ, որոնք լրացնում են արդեն իսկ ընդունված մեխանիզմներին։ Դրանցից հերթականն է օրինակ ֆոտոթերապիան՝ UVB թերապիան։ Վերջինս հաջողությամբ գործում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում։ Ցուցումների և ազդեցության մեխանիզմների մասին ենք զրուցում կենտրոնի մաշկաբան Անի Ալեքսանյանի հետ։

-Խնդրում եմ ներկայացնել ի՞նչ է Ֆոտոթերապիան /UVB թերապիան/։
-Ֆոտոթերապիան, նույն ինքը լուսաբուժությունը, համարվում է մաշկաբանության մեջ կիրառվող թերապևտիկ բուժման էֆեկտիվ մեթոդներից մեկը, որը իրականացվում է ոչ իոնիզացված արհեստական ծագման անդրմանուշակագույն ճառագայթների հետևողական և թիրախավորված ուղղորդմամբ։

Բուժական նպատակով կիրառելի են անդրմանուշակագույն ճառագայթի Ա (UVA, UVA – 1, PUVA) և Բ (BN UVB, NB UVB) միջակայքերը։ Ներկայումս բուժական նպատակով ավելի մեծ կիրառություն է ստացել հատկապես NB UVB թերապիան, որը համարվում է էլ ավելի անվտանգ մեթոդ։

– Ի՞նչ սարքավորմամբ է իրականացվում այն։
– Միջամտությունն իրականացվում է հատուկ բժշկական սարքավորումների միջոցով, որոնք զինված են անդրմանուշակագույն ճառագայթի հստակ երկարության միջակայք ճառագայթելու հնարավորությամբ պրոֆեսիոնալ լուսային լամպերով։ Սարքը կիրառվում է մաշկաբանի կողմի, ով ունի հստակ մասնագիտացում։

-Ո՞րն է մեթոդի ազդեցության մեխանիզմը։
– NB UVB ճառագայթները կլանվում են վերնամաշկի և բուն մաշկի վերին շերտերի կերատինոցիտների և Լանգերհանսի բջիջների կեղմից և գործարկում են իմունաճնշիչ, հակաբորբոքային և ցիտոստատիկ ազդեցության։

– Ո՞ւմ է ցուցված։
– NB UVB թերապիան ցուցված է ինքնաիմուն ախտածագմամբ հիվանդություններ ունեցող անձանց, օրինակ մարդկանց, ում մոտ ախտահարման մակերեսը կազմում է մարմնի մակերեսի 20 տոկոսից ավելին, կամ, երբ տեղային միջոցները արդյունավետ չեն, կամ այլևս հնարավոր չէ վերջիններիս կիրառումը, քանի որ հիմնականում ինքնաիմուն մաշկախտերի բուժման նպատակով կիրառվում են ազդեցության տարբեր ինտենսիվության տեղային գլյուկոկորտիկոստերոիդային քսուքներ։ Իսկ դրանց թույլատրելի օգտագործման տևողությունը խիստ սահմանափակ է։
-Կխնդրենք ներկայացնել մի քանի հիվանդություններ և վիճակներ, որոնց պարագայում կա ցուցում, և յուրաքանչյուրի դեպքում ինչ արդյունք է ստացվում։
-Այս մեթոդը հաջող կերպով կիրառվում է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են օրինակ պսորիազը, պարապսորիազը, վիտիլիգոն, սեբորեային դերմատիտը, սկլերոդերմիան, ատոպիկ դերմատիտը, քորը, գրեթե բոլոր աուտոիմուն ծագման քորվող մաշկախտները, սնկաձև միկոզը, էկզեման։

Այս մեթոդը հնարավորություն է տալիս միամոմենտ ներազդել մաշկի մեծ մակերեսների վրա, հասնել մաշկային ցանի, թեփոտվող հանգուցիկների, վահանիկների վերացման և լրիվ առողջ մաշկի վերականգնման, հետևաբար հիվանդության ախտադադարի փուլի։ Վիտիլիգոյի դեպքում առաջնահերթ հասնում ենք տեղային իմուն բորբոքման ճնշման և ապա գունակազրկված օջախների ռեպիգմենատացիայի (գունակի վերականգնման)։ Քորվող մաշկախտների դեպքում ի սկզբանե հիվանդության գլխավոր գանգատի քորի և ապա մաշկի ցանավորման վերացմանը NB UVB լուսաբուժությունը լինելով մատչելի մեթոդ, հնարավորություն է տալիս բուժառուներին հիվանդության ավելի վաղ կանխարգելման և ախտաբանական գործընթացների կասեցման՝ չթողնելով հիվանդության հետագա զարգացումը, որի բուժումը ավեի մեծ ֆինանսական միջոցներ է պահանջելու:

 -Այս մեթոդը միայն բավակա՞ն է Ձեր կողմից նշված հիվանդությունները բուժելու համար, թե զուգորդվում է այլ միջոցների հետ։

– NB UVB թերապիան կարող է իրականացվել և՛ որպես մոնոթերապիա, ինչը և համարվում է այս մեթոդի գլխավոր առավելությունը, երբ կարիք կա խուսափել դեղորայքի կիրառումից, այնպես էլ համակցված՝ թե՛ համակարգային, թե՛ տեղային բուժման հետ։