Բացի ծխելու հետևանքով առաջացող հիմնական հիվանդություններից՝ սրտի ու ուղեղի կաթվածներ, թոքային հիվանդություններ, քաղցկեղ և այլն, որոնք հաշվի չեն առնում ո՛չ սեռ և ո՛չ էլ տարիք, կան այնպիսի հիվանդություններ, որոնք զարգանում են ծխող կնոջ օրգանիզմում, այն է՝ կանանց սեռական օրգանների քաղցկեղ, օստեոպորոզ (այս հիվանդության ժամանակ մեծանում է անսպասելի կոտրվածքների վտանգը) և այլ քրոնիկ կամ կյանքին սպառնացող առողջական խնդիրներ:
Համաձայն ԱՄՆ-ի Առողջապահական գլխավոր ծառայության տվյալների՝ ամեն տարի այս երկրում ծխելուց մահանում է ավելի քան 400.000 մարդ, իսկ 2005թ. ամբողջ աշխարհում ծխելու պատճառով մահացել է շուրջ 1 մլն մարդ, ընդ որում, մեծամասնությունը կազմում են կանայք:
Ծխախոտի ծուխն ազդում է մարմնի յուրաքանչյուր օրգանի վրա՝ նվազեցնելով արյան հոսքը դեպի օրգաններ: Կանանց թոքերի քաղցկեղի մոտ 80%-ն առաջանում է ծխելու հետևանքով: Նույն աղբյուրի իրականացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ծխող կանանց մոտ ավելի մեծ է կրծքագեղձի քաղցկեղ առաջանալու ռիսկը: Երկարատև ծխողների մոտ հիվանդության առաջացման ռիսկը կազմում է 35-ից մինչև 50%: Կին ծխողները երկու անգամ ավելի շատ են ախտորոշվում արգանդի վզիկի քաղցկեղ հիվանդությամբ, քան այն կանայք, ովքեր չեն ծխում: Հետազոտությունները պարզել են, որ հատկապես հետծննդաբերական շրջանում գտնվող կանանց մոտ ավելի հաճախ են հանդիպում օստեոպորոզը և ոսկրային այլ հիվանդությունները:
Ծխող կանայք ավելի հաճախ են տառապում անպտղությամբ. նրանց մոտ նկատվում է վերարտադրողական ֆունկցիայի անկում և դաշտանային ցիկլի խանգարում: Կանայք, ովքեր ծխում են հղիության ընթացքում, ունենում են ավելի փոքր քաշով երեխաներ, քան սահմանված է նորմայով: Այսպիսի քաշով նորածինները հակված են ունենալ տարբեր հիվանդություններ: Բացի այդ՝ հղիության ընթացքում ծխելու դեպքում մեծ է վաղաժամ ծննդաբերության, վիժման և պտղի մահվան հավանականությունը:
Ծխելը, ըստ էության, ազդում է նաև կանանց արտաքին տեսքի վրա. առաջանում են կնճիռներ ու մազաթափություն, ատամները դեղնում են, շնչառությունը՝ դժվարանում: Այս ամենը հեռու է պահում ծխող կնոջը ցանկալի և գրավիչ լինելուց: Ծխող կանանց մեծամասնությունը կազմում են երիտասարդ կանայք և դեռահաս աղջիկները, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց արտաքին տեսքին: Նրանց կարծիքով` ծխելը մոդայիկ է, բարձրացնում է ինքնավստահությունն ու ինքնագնահատականը: Բացի այդ, նրանք չեն ուզում հետ մնալ իրենց ընկերուհիներից: Հաճախ նրանք փորձում են նմանվել համաշխարհային ճանաչում ունեցող սեքսուալ ու գրավիչ կանանց, ովքեր ծխում են:
Հիշեք՝ կինը սեքսուալ է ու գրավիչ, եթե առողջ է: Այնպես որ՝ պետք է առաջին հերթին հոգ տանել առողջության մասին:

