Հաց ու պանրի տեսակներից առավել հայտնի խաչապուրին հազարավոր իմպրովիզային տարբերակներ ունի: Ես էլ առաջարկում եմ իմ տարբերակը՝ հեշտ ու շատ արդյունավետ:
Մեզ անհրաժեշտ է
Խմորի համար
- 100 մլ գոլ ջուր
- 0.5 ճաշի գդալ շաքարավազ
- 0.5 ճաքշի գդալ խմորիչ
- 150 մլ մածուն
- 0.5 թեյի գդալ սոդա
- 50 մլ ձեթ
- 3 ճաշի գդալ հալած կարագ
- Մոտ 3 բաժակ ալյուր
Միջուկի համար
- 200 գ կաթնաշոռ
- 100 գ հալվող պանիր
- Կանաչի /սամիթ, համեմ/՝ ըստ ցանկության
Մինչ գործի կանցնեք, հիշեցնեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group հասցեով:
Գոլ ջրին ավելացնում ենք շաքարավազն ու խմորիչը, դնում ենք մի կողմ: Մոտ 10 րոպե անց խմորիչը պետք է որ լավ փրփրած լինի: Եթե դա տեղի չունեցավ, այս խմորիչով շարունակելու իմաստ չկա, վերցրեք նոր, թարմ խմորիչ:
Ժամանակը լրանալուց հետո այս զանգվածին ավելացնում ենք կրակի վրա նախապես մի փոքր գոլացված մածունը, ձեթը, հալած կարագը: Լավ խառնում ենք: Մաղելով ավելացնում ենք ալյուրն ու հունցում փափուկ, թեթև խմոր: Երկար հունցեք, խմորիչով խմորները սիրում են դա:
Խմորը ծածկում ենք սրբիչով, հետո նաև որևէ տաք ծածկոցով ու դնում տաք սենյակում: Սպասում ենք, որ հասունանա, բարձրանա ավելի քան 2 անգամ:
Ի դեպ, իմ բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group-ում
Պատրաստ լինելուն պես խմորը կարելի է օգտագործել: Այն բաժանում ենք ոչ շատ փոքր գնդերի, կամ ինչ չափսի որ ցանկանաք: Գնդերից ամեն մեկը ոչ շատ բարակ բացում ենք, մեջտեղում դնում ձեռքով գունդ արած միջուկը, խմորի եզրերը խնկալիի պես հավաքում ենք մեջտեղում, ամրացնում ենք ու շուռ տալիս, որ միացման մասոը հայտնվի ներքևում: Ձեռքով կամ գրտնակով զգուշորեն գրտնակում ենք խաչապուրին այնպես, որ միջուկը ներսում համաչափ տարածվի ու եզրերին ևս հասնի: Բացում ենք ոչ շատ բարակ՝ 1-2 սմ հաստությամբ:
Միջուկը պետք է լինի համրյա այն չափսի, ինչ չափսի որ խմորի գունդն է, որի մեջ այն դրվելու է: Սա՝ իմերիթական ու աջարական խաչապուրիների կանոնների համաձայն:
Տեղավորում ենք ձեթոտ տապակի վրա, թողնում ենք 10 րոպե վերջնական հասունանա, մեջտեղում փոքրիկ անցք ենք բացում, որ գոլորշիները դուրս գան, որից հետո երեսին քսում ենք դեղնուց ու դնում 200-220 աստիճան տաքացված ջեռոցը՝ մինչ գեղեցիկ ոսկեգունի:
Ջեռոցից դուրս բերելուց անմիջապես հետո խաչապուրիների վրա քսում ենք մի կտոր կարագ:
Սառեցրեք ցանցի վրա դրված, որ տակի շերտը չխոնավանա:
Այսքանը: Համեղ խաչապուրին դեռ տաք է, փորձեք դիմադրել գայթակղությանն ու սպասել, որ սառի:
Woman.am-ի խոհանոցում ունիվերսալ խմորի այլ տարբերակներ ևս կան, փնտրեք դրանք և հետևեք թարմացումներին:
Մինչ նոր համեղ հանդիպումներ:
