Site icon woman.am

Ինվեստ պատմություններ. Ինդիգամի

ինդիգամի

Երբեմն, թվում է՝ ելք չկա: Հարցականի տակ է ստեղծածի գոյությունը, արդյունավետությունը, ապագան: Սա 2020-ի ընթացքում հայերիս մոտ ամենից հաճախ նկատված մտայնությունն է: Շատերս կարողացանք հաղթահարել տարեսկզբի համավարակով պայմանավորված հոգեբանական ու ֆինանսատնտեսական ճգնաժամը, շատերս էլ հենց նույն ապատիկ վիճակում հայտնվեցինք տարեվերջյան պատերազմի ալիքի տակ:

Դժվար տարի էր՝ ինչ խոսք

Ադրբեջանաթուրքական պատերազմի սանձազերծումից մի քանի օր առաջ, ընդամենը, հանդիպեցի երկու գործարար կանանց: Նրանք մեծագույն ոգևորությամբ էին պատմում, թե ինչպես են կայացրել իրենց գործարար կյանքի թերևս ամենակարևոր ու բեկումնային որոշումներից մեկը՝ միավորել բազմաթիվ փորձություններ հաղթահարած ու կայացած սեփական բիզնեսները՝ ստեղծելով մեկը: Ինդիգամին Իրինա Փահլևանյանի և Նելլի Խաչատրյանի նոր նախաձեռնությունն է՝ հիմնված երկուսի՝ Ինդիգո և ԱՄԻ ակումբ զարգացման կենտրոնների վրա:

Մեր զրույցը նախապատերազմյան է: Բոլորս այնքան վստահ էինք, որ հաղթահարել ենք համավարակի մարտահրավերը և պատրաստ ենք նոր զարգացումների: Իհարկե, պատերազմը ստիպեց վերանայել առաջնահերթությունները և սահմանել նոր օրակարգ: Այս օրակարգի հենքը գիտելիքն ու կրթությունն է: Ուստի մեր օրերում չափազանց կարևոր եմ համարում որակյալ կրթության ու մոտեցումների մասին պարբերաբար բարձրաձայնելը, դրանք հղկելը, կատարելագործելը:

-Խնդրում եմ պատմել, ինչպիսի՞ն էր 2020-ի տարեսկիզբը Ձեր բիզնեսների համար, ու ինչպե՞ս առաջացավ բիզնեսների համատեղման գաղափարը:

Իրինա Փահլևանյան– Համավարակը շատ դժվար ժամանակահատված էր բոլոր բիզնեսների համար, իսկ մասնավոր մանկապարտեզի համար՝ առավել ևս: Մասնավոր մանկապարտեզի համար դեկտեմբերից սկսվում է դժվար շրջան՝ կապված երեխաների սեզոնային գրիպների վարակման, բացակայությունների հետ: Նախակրթարաններ, խնամքի ու զարգացման կենտրոններ երեխաները սովորաբար այս ընթացքում չեն հաճախում, կտրուկ անկում է ապրում մասնավոր հաստատության եկամուտը: Նոր-նոր էինք սկսել թոթափել այդ դժվար ժամանակահատվածի հետևանքները, երբ մարտից ստիպված էինք դադարեցնել աշխատանքները՝ համավարակով պայմանավորված: Մենք բազում խնդիրների առաջ կանգնեցինք՝ սկսած նրանից, որ չաշխատելով պարտավորված էինք վճարել տարածքի վարձակալության գումարը, աշխատավարձեր: Ու հենց այս ընթացքում էր, որ ես մտերմացա Նելլի հետ, ով նույն խնդիրների առաջ էր կանգնած՝ ճիշտ այնպես, ինչպես մեր շատ գործընկեր կազմակերպություններ:

Նելլի Խաչատրյան– Համավարակի ժամանակ մենք 4 տնօրեններով մեր շուրջ մոտ 70 տնօրենների համախմբեցինք, ու այդտեղից  սկսվեց մեր համագործակցությունը: Մասնավոր ոլորտը որևէ կերպ համակարգված չէր, մանկապատեզները աջակցության ոչ մի ծրագրի մեջ ներգրավված չէին և մեր աշխատակիցները, որոնք տարիներով հարկեր են վճարել, ոչ մի օժանդակման ծրագրով կամ միջոցառման մեջ չէին մտնում: Նախնական շրջանում աշխատեցինք ու հասանք նրան, որ ոլորտը ներկայացվեց, խնդիրները բարձրաձայնվեցին ու աշխատակիցները թեկուզ միանվագ, բայց աջակցություն ստացան: Դա եղավ իմ ու Իրինայի աշխատանքային համագործակցությունը:

Նելլի Խաչատրյան համահիմնադիր

Իրինա Փահլևանյան– Մեր կենտրոնները շատ նման էին աշխատանքային սկզբունքներով ու մոտեցումներով, կառուցվածքով, տարածքով: Շուկան բազմազան է, տարբեր կենտրոններ կան, բայց մենք նկատել էինք ընդհանրությունները: Հերթական հանդիպման ընթացում, օգոստոս ամսին,  ես առաջարկեցի Նելիին միավորվել, ինչը անակնկալ էր Նելիի համար: Այս գաղափարին թերահավատորեն էին վերաբերում նաև իմ ընտանիքի անդամներն ու շատ հարազատ մարդիկ: Բնականաբար, սա թռուցիկ խոսակցություն էր, և մենք պայմանավորվեցինք մեկ շաբաթ անց հանդիպել ու քննարկել՝ Նելիի դրական արձագանքի դեպքում, իհարկե:

Նելլի Խաչատրյան– Ես մանկավարժ հոգեբան եմ, Իրինան միջազգայնագետ է, խորհրդատվության ոլորտում է աշխատում միջազգային կազմակերպությունների հետ: Իրոք երկուսիս ռեսուրսները միմյանց օգնում են: Առաջարկներ եղել են նախկինում, բայց մինչև հիմա չեմ էլ ընդունել: Մենք բոլորս անհատներ ենք, սիրում ենք մերն ունենալ սեփականը: Բայց այս համավարակն ինչ-որ առումով դրական մի բան տվեց մեզ, քանի որ նոր լուծում ստացանք: Ե՛վ մարդկային առումով գտանք իրար, և՛ աշխատանքային: Ես հասկացա, որ վախենալ պետք չէ, և որ կիսել նշանակում է բազմապատկել, և ոչ թե կորցնել:

-Ընդհանրապես, կազմակերպությունների միավորումը բիզնեսում ընդունված է: Գործընթացի խելամիտ կազմակերպումը նոր հեռանկարներ է բացում, ի վերջո՝ կարելի է շուկայում ազդեցիկ խաղացող դառնալ, վերցնել այն:

Նելիի Խաչատրյան – Շուկան վերցնելու նպատակ չկա, բայց կա ավելի հզորանալու, ամրապնդվելու նպատակ: Որպես բիզնես այն շատ սպեցիֆիկ է: Ոլորտը շատ նուրբ է:  Մենք առաջինն ու միակն ենք, որոնք ոչ թե միասին են որոշել հիմնել որևէ բիզնես, այլ միավորել ենք արդեն կայացած բիզնեսները: Եվ ինչպես մեր ոլորտի կայացած մասնագետներից մեկը բնորոշեց՝  ‹‹ձեռնոց եք նետել, և դա հզորների ու բաց մտածողություն ունեցողների քայլ է››: Շատերն էլ հարցնում են, արդյոք չենք վախենում:

Իրինա Փահլևանյան – Այս սիներգիան նոր նշաձող կսահմանի ինչ-որ տեղ: Լավ օրինակ կլինի բիզնես ոլորտում. ընդունված է, որ կազմակերպությունը գնում է մեկ այլ կազմակերպություն, մենք պարզապես միացել ենք, միավորվել, պահպանում ենք մեր թիմերը, չեն տուժում աշխատակիցները, չենք անելու կրճատումներ: Եվ մեր հաջողության բանաձևը պիտի լինի այն, որ մենք չունենք ինքնահաստատման խնդիր: Ունենք ցանկություն, ունենք տեսլական, որ հզորանանք, բայց դա ոչ թե անձնական շահի ու հավակնության, ամբիցիաների համար է, այլ որ  զարգանա և ուժեղանա բիզնեսը՝ իր հետևից տանելով նաև ոլորտի զարգացումը, չկորի մեր տարիներով ստեղծածը: Այս պահին շատ խանդավառված ենք, լավատեսորեն ենք տրամադրված:

Իրինա Փահլևանյան համահիմնադիր

-Դուք բերել ու նոր՝ միավորված կառույցում պահպանել եք յուրաքանչյուրիդ ունեցածը, սակայն կարծում եմ համատեղ նորույթներ կլինեն: Ո՞վ է Ձեր ծառայությունների հասցեատերը:

Իրինա Փահլևանյան -Մեր աշխատանքի ձևաչափը շատ չենք փոխելու: Մեր թիրախը 1-6 տարեկաններն են նախադպրոցական տարիքը, ու նաև դպրոցահասակները, մինչև 12 տարեկաններ: Իրականացնելու ենք դպրոցահասկների դասապատրաստում, ամառային, ձմեռային դպրոցներ: Աշխատանքներ ենք նախատեսում ծնողների հետ: Մեր աշխատանքը միշտ եռակողմ է: Ծնողի հետ աշխատելը խիստ կարևորում ենք: Մեր միավորումը, նոր տարածքային պայմանները, մեծ թիմը հնարավորություն կտան ամենը պատշաճ իրականացնել:

-Ի՞նչ է ստանալու երեխան, ով հաճախում կամ հաճախելու է Ինդիգամի:

Նելլի Խաչատրյան- Ես որպես մանկավարժ, հոգեբան, քաղաքացի, կարծում եմ, որ երեխան պիտի լինի սիրված և ինքնուրույն: Տարբեր տարիքի երեխաների հետ աշխատելով՝ միշտ մտածել եմ, թե ինչն է մեզ պակասում: Մենք  գերխնամք ենք ապահովում, որը հետագայում լուրջ խնդրների է բերում: Մեզ  համար գերնպատակ է ստեղծել միջավայր, որտեղ երեխան ապահով, գնահատված ու երջանիկ կզգա: Կարևոր է զարգացնել արվեստի նկատմամբ սերը, որովհետև արվեստը ճանաչող, գնահատող ու սիրող մարդը, որպես կանոն, չի կարող լինել  դաժան, ագրեսիվ կամ հոռետես , ցանկացած բանում գեղեցիկը տեսնելու և ստեղծելու միջոցով դու այնքան որակներ ես տալիս երեխային: Ճանաչողական ոլորտը զարգացնելով՝ անպայման տալ երեխային ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն:

Իրինա Փահլևանյան – Մեր սկզբունքներից է, որ երեխան ոչ թե անոթ է, որը պետք է լցվի, այլ կրակ, որը պետք է վառվի: Մեր նպատակն է օգնել ծնողներին դաստիարակել երջանիկ երեխաներ՝ պահպանելով իրենց անհատականությունն ու մտքի ազատությունը:

-Շատ հաճախ ազատությունն ու ինքնուրույնությունը լղոզվում է անդաստիարակության հետ: Այդ սահմանն ինչպե՞ս եք կարողանում ճիշտ պահել: Ովքե՞ր են այն մասնագետները, որ կարող են մոտեցումները ճիշտ պահել՝ պահպանելով ազատության ու դրա սահմանների և արժեքային համակարգի հարաբերակցությունը: 

Նելլի Խաչատրյան – Մեզ մոտ բոլոր խմբերում հոգեբաններ ու նեղ մասնագետներ են աշխատում: Հաշվի ենք առնում յուրաքանչյուր երեխայի անհատականությունն ու առանձնահատկությունները: Երեխայի առաջին շփումը սոցիումի հետ նախակրթարանն է: Այստեղ է նա սովորում հարգել, մարդկանց հետ հարաբերվել, իրեն ճիշտ պահել: Այն ճանապարհը, որ  հոգեբանն է անցնում երեխայի հետ, շատ ավելի քիչ սթրեսային է ու ավելի արդյունավետ, քան ստանդարտ՝ կարելի ու չի կարելիները: Թիմի ու մասնագետների ընտրության ժամանակ մենք կարևորում ենք ոչ միայն նեղ մասնագիտական հմտությունները, այլև մարդկային որակները:

Երեխան ավելի շատ ժամանակ է անցկացնում մեզ մոտ, քան տանը, ծնողը պիտի համոզված լինի, որ այստեղ մարդիկ են, որոնք բացի մասնագիտականից, մարդկային առումով շատ բան ունեն տալու իրենց երեխային:

Եթե դու ընտրում ես այն մարդկանց, որոնք քո նման են մտածում, դու ունես համագործակցելու և ոչ թե վերահսկելու, քննարկելու և ոչ թե հրաման տալու հնարավորություն, Մենք փորձում ենք ընտրել  լավագույններին և տալիս ենք աշխատելու և ստեղծագործելու դաշտ

Իրինա Փահլևանյան– Մենք նաև մեծ նշանակութոյւն ենք դարձնում ֆիզիկական դաստիարակությանը: Շատ ծնողներ կենտրոնացած են ինտելեկտուալ զարգացմանի վրա՝ կարևորելով օրինակ մի քանի ավել բառ օտար լեզվով իմանալը, նոր բանաստեղծություն, բայց երեխան տուժում է ֆիզիկապես: Մինչդեռ, շարժախաղերը մեր կողմնորոշման հիմքն են: Մենք տարածքն ընտրելուց բակային պայմաններն էինք կարևորում, քանի որ մաքուր օդին խաղերը չափազանց կարևոր են հենաշարժողական համակարգի համար:

Նելլի Խաչատրյան– Մենք հպարտությամբ ենք ասում, որ հեռուստացուցյ չունենք, դրան ժամանակ չի մնում:

-Խոսենք նաև ներդրումների մասին: Փաստեցինք, որ այսպես կոչված նախակրթարանների բիզնեսի շուկան բազմազան է: Ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ ահռելի ներդրումներով նախակրթարաններ կան: Որքանով է մրցակցության հարցն ակտուալ Ձեզ համար:

Նելլի Խաչատրյան – Դաշտը բավական հագեցած է: Նա, ով գալիս է մեզ մոտ, երբեք չի գնա լավ գովազդած կենտրոն և նա, ում հետաքրքիր է անասելի ճոխությամբ կենտրոնը, չի կարող գալ մեզ մոտ: Ոչ Այս պարագայում ոչ միայն ծնողն է ընտրում մեզ, այլ ինչ-որ տեղ նաև մենք ենք ընտրում ծնողին: Երբ տեսնում ես, որ ծնողն ունի այլ մոտեցում ու պատկերացում, հասկանում ես, որ միասին ճանապարհ չեք կարող անցնել, նա չի կարող մտնել մեր ընտանիք, դառնալ մեր ծնողական համայնքի մի մաս: Կան հնարավորություններ, կա ընտրություն: Յուրաքանչյուր ծնող ընտրում է իրեն հոգեհարազատը:

Իրինա Փահլևանյան – Մեր հաջողության գրավականն այն է, որ մենք ունենք մեր հիմնական մասնագիտությունները, որով զբաղվում ենք, սա մեր հոբբին ու սիրելի զբաղմունքն է ուստի մենքմեծ ներդրում ենք արել և շարունակում ենք անել: Երբ դու գործը որպես եկամտի աղբյուր ես դիտարկում, սկսում ես ամեն ինչից կրճատել, ներդրումները պակասեցնել, որ շահույթդ  այդ պահին շատ լինի: Բայց մենք մեր կենտրոններին վերաբերվում ենք մեր երեխայի պես,, իսկ երեխային տալիս ես լավագույնը: Այդպես էլ մենք չենք խնայում ոչ մի բան՝ սնունդ, միջավայր, խաղալիքներ, օգտագործվող նյութեր և այլն…

-Այնուամենայնիվ, թույլ տվեք նկատել, որ ցանկացած ներդրում վերադարձ է ենթադրում:

Նելլի Խաչատրյան– Ներդրումների արդարացումը հնարավոր է միայն լավագույն որակ ապահովելով: Լավ համբավը չափազանց կարևոր է:

-Ինչպիսի՞ն էին անցնող ամիսները կենտրոնի համար:

-Վերջին երկու ամիսները շատ ծանր էին ինչպես ամբողջ երկրի , այնպես էլ մեր կենտրնի հանար։  Մեր աշխատակիցներից երկուսի ընտանքներում նույնպես զոհեր եղան։ Բայց մենք շարունակել ենք նույն նվիրումով և եռանդով աշխատել՝ փորձելով հնարավորինս օգնել ու ունենալ մեր ներդրումը այդ մարտահրավերների հաղթահարման գործում։ Հոկտեմբեր ամսին կազմակերպել ենք մի քանի միջոցառում Արցախից տեղահանված երեխաների համար։ Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կազմակերպել ենք նաև բարեգործական տոնավաճառներ և մեր գործընկերների ու աջակիցների շնորհիվ Համահայկական և Զինվորների ապահովագրության հիմնադրամներին փոխանցել ենք ընդհանւոր 726 000դրամ գումար։

-Ի՞նչ ենք անկնալում 2021-ից:

-Խաղաղություն, համերաշխություն և կայունություն, որպեսզի կարողանանք մեր աշխատանքով շենացնել մեր երկիրը և ստեղծել առողջ, ապահով և երջանիկ ապագա մեր երեխաների համար։

-Նույնն է արդյոք խանդավառությունը, որ կար սկզբում:

-Ավելին է, քանի որ գիտակցում ենք, որ այժմ անելիքնեը շատ ավելի շատ են ու մեզանից յուրաքանչյուրը պետք է իր գործին վերաբերվի ամենայն պատասխանատվությամբ, սրտացավությամբ և որակով, մանավանդ երբ խոսքը երեխաների և կրթության մասին է։

Լիահույս ենք, որ կկարողանանք իրականացնել մեր բոլոր նախաձեռնությունները և ունենալ կարևոր ներդրում երկրի հետագա զարգացման հարցում։

Սաթենիկ Մկրտչյան Ինվեստ ամսագրի հիմնադիր
Նախադպրոցական կրթությունը մարդու հետագա կյանքի ու զարգացման հիմքն է: Երբ այդ հիմքը ճիշտ է դրվում, մարդիկ կյաքում ավելի հեշտ են դիմակայում: Իսկ մարտահրավերները շատ են: Երբ դրանք պարզապես անտեսվում են, այլ ոչ լուծումներ ստանում, առաջանում է հասարակություն, որը պարզապես ի զորու չէ ձևավորել օրակարգ ու առաջընթաց ունենալ: Իսկ երբ պատշաճ է աշխարհընկալման ճիշտ դրված հիմքերը, զարգացման սկզբունքներն ու ավելի լայն կրթությունը, հասարակության, հետևաբեր երկրի, զարգացումն ու հաղթանակն անխուսափելի է:
Այսօր մեզ առավել քան երբևէ պետք է սոցիալական, էթիկական ու բարոյական, արժեքային ու տնտեսական առումներով հաղթող օրակարգ ձևավորող սերունդ: Հետաքրքիր է, որ այս գործառույթն իրենց ուսերին են վերցնում մասնավոր կրթական հաստատությունները: 
Մենք կարո՛ղ ենք ունենալ հաղթողի մտածողությամբ հասարակություն, երբ ցանկացած բիզնեսում ու գործում փողից բացի ու փողից շատ ներդրվի գաղափար ու տեսլական:
Սաթենիկ Մկրտչյան
Ինվեստ ամսագրի հիմնադիր