Եթե դուք ամեն գիշերը ներխուժում եք խոհանոց, քանի որ ուտելու անդիմադրելի ցանկություն ունեք և չեք կարող անում ազատվել այդ ցանկությունից, ապա դուք անհանգստանալու լուրջ պատճառ ունեք:
Ընդհանրապես, մարդկային օրգանիզմը գործում է այնպես, որ քնելն ու ուտելն անհամատեղելի են, ինչը պայմանավորված է հորմոններով:
Քնի ժամանակ մեր օրգանիզմում արտադրվում է լեպտին, որն ազդում է ախորժակի վրա և առաջացնում հագեցվածության զգացողություն:
Մինչդեռ գրելինը, որը հայտնի է որպես քաղցի հորմոն, ազդարարում է սովի մասին:
Գիշերը ուտելու անդիմադրելի ցանկությունը կախված է նաև նախորդ օրվա գործողություններից, օրինակ՝ քնի խանգարումը, սնունդի ոչ բավարար քանակի ընդունումը կամ մեծ քանակությամբ կալորիաների այրումը:
Սակայն, եթե գիշերային քաղցը կրկնվում է մեկ շաբաթ շարունակ, ապա միգուցե կան խնդիրներ, որոնք արտահայտվում են այս ձևով:
Ամենից հաճախ այս երևույթը նկատվում է նրանց մոտ, ովքեր ունեն քաշի ավելցուկ, նյարդային խանգարումներ կամ օգտագործում են դեղամիջոցներ: Գիշերը ուտելու ցանկություն առաջանում է նաև այն դեպքում, երբ օրվա ընթացքում օրգանիզմը բավարար քանակությամբ սնունդ չի ստանում:
Այս դեպքում ստամոքսը դատարկ է, և ուտելու ցանկությունն առաջանում է անկախ մարդու կամքից: Իհարկե, ժամանակի ընթացքում մարմինը հարմարվում է այդ սննդակարգին, և գիշերային քաղցն անհետանում է:
Հետազոտությունները ցույց են տվել, որ գիշերը ուտելու սովորությունը կապված է նաև սթրեսային վիճակի հետ, հատկապես դեպրեսիա և անհանգստություն ունեցող մարդիկ ռիսկային գոտում են: Այս մարդիկ պնդում են, որ գիշերային ժամերին սնվելը թեթևացնում է սթրեսային վիճակը: Սա, իհարկե, լավ չէ, քանի որ ժամանակի ընթացքում դառնում է սովորություն:
Թեև, գիշերային ժամերին սնվելն օրգանիզմին սարսափելի վնասներ չի պատճառում, այնուամենայնիվ, գիշերային կանոնավոր սննդակարգը կարող է հանգեցնել առողջական խնդիրների, օրինակ՝ նվազեցնել արտադրվող ինսուլինի մակարդակը, ազդել քնի որակի, տրամադրության վրա և առաջացնել հուզական անհանգստություն:
Այս սովորությունից ազատվելու համար մասնագետներն առաջարկում են մի շարք տարբերակներ, օրինակ՝ գիրք կարդալ, ֆիլմ դիտել կամ մեդիտացիա անել:
Գիշերային ժամերին սնվելու փոխարեն դուք կարող եք զբաղվել ձեր սիրելի զբաղմունքով և մոռանալ ուտելու մասին:

