Site icon woman.am

«Տոնական» հրապարակի սնափառությունն ու սահմանների թշվառությունը

Թվում է, թե պատարազմից հետո սահմանների ամրությունը պետք է լիներ պետական քաղաքականության կիզակետում։ Դա, սակայն այդպես չէ։

2020 թվականի նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ համաձայնագրից հետո բազմաթիվ էին ահազանգերը սահմաններում տիրող բարձիթողի վիճակի մասին։ Անտեսվում էին ահազանգերը, անտեսվում էին նաև թշնամի պետության զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացումը՝ Սև լճի շրջակայքում, Շուռնուխ գյուղում, Գորի-Կապան ճանապարհին, Գեղարքունիք մարզում ու այլուր։

Թշնամին գրավում էր ռազմավարական նշանակության տարածներ՝ ջրեր, արոտավայրեր, ճանապարհներ, ապա ահաբեկում դրանցից օգտվող Հայաստանի քաղաքացիների ու դուրս մղում նրանց այդտեղից։

Ադրբեջանական ոստիկանը ահաբեկում է Հայ երեխաներին Գորիս-Կապան ճանապարհին 2021թ, սեպտեմբերի 18-ին։
Պատերազմում նահատակված Գևորգ Վիրաբյանի քույր Տաթև Վիրաբյանին կոպտորեն բերման են ենթարկում

Այս ամենն արդեն հանրահայտ է, ու ցավոք, ոչ ոքի չի զարմացնում։ Չի զարմացնում Հայաստանում, բայց Ադրբեջանում անգամ զարմանում են հայերին անգիտակից պահվածքի վրա։ Նրանք լավ գիտեն թե ինչ են անելու ու անբնական է մեր կողմից նման պասիվ կեցվածքը։

Այս ամենի մեջ, թերևս, որպես պսակ, աչքի է ընկնում Սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնախմբությունը։

Նախապատրաստական աշխատանքներն այդ տոնախմբության արդեն իսկ արատավորվել էին թուրքական բրենդինգով ու համարներով մեքանայի կողմից սարքավորումների մատակարարմամբ։ Անկախ Հայաստանի կործանմանը ամենաշատը նպաստած երկրի մեքենան հանրապետության հրապարակում «տոն» է նախապատրաստում։

Սակայն դա այս ամենի մեջ, թերևս ամենաչնչինն է։ «Գունավոր տոնակատարությանը», ինչպես տեղի ունենալիք միջոցառումը անվանեց ՔՊ կուսակցության առաջին համարը, դեմ էին 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատները, գիտակից քաղաքացիներ։ Պատարազմում տրվել են հազարավոր զոհեր՝ դա անդառնալի հետևանք է ունենալու Հայաստանի վրա, կորսվել է Արցախի մեծ մասը, Հայկական բանակը ճգնաժամ է ապրում։ ՀՀ անկախությունը ըստ էության այս ամենի հետևանքով ձևական բնույթ է կրում ու ունի ոչ թե տոնի, այլ տքնաջան աշխատանքի միջոցով վերականգման կարիք։

Դրա փոխարեն, սակայն, հսկայական (ըստ մամուլում շրջանառվող տվյալների՝ մոտ երկու միլիոն դոլարի չափ) գումար է վատնվում մեկ երեկոյի համար։

Սա սուր հակադրության մեջ է մտնում ՀՀ սահմանների տիորղ թշվառության հետ, որտեղ զինվորները չունեն տարրական պայմաններ ապրելու համար ու նրանց մատակարման մի էական մաս տեղի է ունենում մասնավոր դրամահավաքների միջոցով, այդ թվում՝ սփյուռքից։

Հանրապետության հրապարակը ու ՀՀ սահմանները պահպանող Խնձորեսկի դիրքերը՝ սեպտեմբերի 19-ին, 2021թ։

ՀՀ սահմանների թշվառությունը ու ժանտախտի ժամանակ տոնախմբության նմանվող հրապարակի սնափառությունը գուցե և տեսանելի չլինեն ներսից որոշներին, բայց լավ տեսանելի են դրսից՝ Թուրքիայից ու Ադրբեջանից։

Ու երբ թշվառության ու սնափառության հետևանք թուլությունից օգտվելով՝ նրանք նորից հարձակվեն, սարսափելի է պարկերացնելն անգամ, թե ինչ արհավիրքներ են գործելու երկրում՝ ազատություն տալով դարավոր ատելության քաղաքականությանն ու թևավորված լինելով՝ մեր, որպես ամբողջություն, անբարոյական վարքագծով մեր երկրի ու մեր նահատակների նկատմամբ։

Կանգ առնել դեռ հնարավոր է։ Կանգ առնել ստիպված ենք լինելու, բայց որքան ուշ, այնքան ավելի ծանր կորուստներով։