Նորաձևության աշխարհը ձգում է գեղեցիկը սիրող և գնահատողին, բայց ոչ բոլորը կարող են գոյատևել այս մրցակցային ոլորտում:
Մենք ընտրել և առանձնացրել ենք այս ոլորտի այն գրքերը, որոնք կարդալով Դուք կհարստացնեք գիտելիքների Ձեր պաշարը և դրանով իսկ կհեշտացնեք Ձեր մուտքը նորաձևության աշխարհ:
Նորաձևության մասին գրքերը բազմազան են` պատմականից մինչ կենսագրական: Առաջարկվող գրքերը բնութագրում են նորաձևության բարդ համակարգի ընդգրկուն, ծավալուն կողմերը` սկսած պատմականորեն նորաձևության ոլորտի սկզբնաղբյուրից մինչ օրերս:
Սկսեցինք:
1. «Նորաձևության վերջը: Ինչպես մարքեթինգը հավերժ փոխեց նորաձևության ոլորտը», հեղինակ` Թերի Ագինս
“The End of Fashion: How Marketing Changed the Clothing Business Forever”, Teri Agins
Եթե որոշել եք կարդալ այս ցուցակից միայն մեկ գիրք, անշուշտ կարդացե’ք այս մեկը:
Այն հրապարակվել է 2000թ.-ին, հեղինակը երկար տարիներ աշխատել է ամերիկյան հայտնի The Wall Street Journal պարբերականում որպես նորաձևության լրագրող և ներկայացնում է ժամանակակից նորաձևության համակարգի ընդհանուր բնութագիրը, ընդլայնման շնորհիվ մարքեթինգի հաղթանակը դիզայնի նկատմամբ, պատմում է այնպիսի բրենդերի մասին, ինչպիսիք են` Tommy Hilfiger, Ralph Lauren և շատ ավելին:
2. «Դիորը Դիորի կողմից: Քրիսթիան Դիորի ինքնակենսագրականը», հեղինակ` Քրիսթիան Դիոր
“Dior by Dior: The Autobiography of Christian Dior”, Christian Dior
Այս գիրքը պարզապես ինքնակենսագրական չէ. այստեղ կգտնեք ոլորտին բնորոշ բոլոր քայլերը` էսքիզի առաջին ստեղծումից մինչև մոդելի`գլխավոր սրահում ցուցադրությունը:
3. «Աստվածներ և թագավորներ», հեղինակ` ԴանաԹոմաս
“Gods and Kings”, Dana Thomas
Alexander McQueen-ը, John Galliano-ն ցնցեցին նորաձևության աշխարհը 1990-ականներին` դառնալով Փարիզի կարևորագույն նորաձևության տների ղեկավարները` համապատասխանաբար Givenchy և Dior: Alexander McQueen-ը ղեկավարեց այն մինչ մահը /2010թ./, իսկ John Galliano –ն 2011թ.-ին հեռացվեց իր պաշտոնից` հակահրեական հայտարարությունների համար:
4. «Նորաձևության համակարգը», հեղինակ` Ռոլանդ Բարթես
“The Fashion System”, Roland Barthes
Գիրքը հրապարակվել է 1968թ.-ին, ունի բավականին խորը կոնտեքստ, համարվում է ոլորտի կարևորագույն գրքերից, քանի որ շատ դիզայներների աշխատանքների հիմքում հենց այս աշխատությունն է: Հեղինակը ստեղծել է ամբողջական համակարգ` ներկայացնելով հագուստի յուրաքանչյուր դետալի նշանակությունը:
5. «Հոլլիվուդի զգեստների դիզայնի դարը», հեղինակ` Դեբորահ Նադուլման
“A Century of Hollywood Costume Design”, Deborah Nadoolman
Եթե երբևէ ցանկացել եք իմանալ` ինչպես են ընտրում հագուստներ կինոֆիլմերի համար, ինչպես է սկսվում այդ բարդ գործընթացը, ապա այս գիրքը հենց Ձեզ համար է:
6. «Նորաձևության դիզայների փրկիչ ուղեցույցը», հեղինակ` Մերի Գեհլհար
“The Fashion Designer Survival Guide”, Mary Gehlhar
Այս գրքի շնորհիվ կիմանաք, թե ինչպես սկսել Ձեր լեյբլի(label) վրա աշխատանքը` սկսած բիզնես պլանի մշակումից մինչ տարատեսակ ռեսուրսների ընտրությունը նորաձևության շոուի համար:
7. «Գեղեցիկ աշունը. Lagerfeld, Saint Laurent, և Glorious Excess 1970թվականներին Փարիզում», հեղինակ Ալիսա Դրեյք
“The Beautiful Fall: Lagerfeld, Saint Laurent, and Glorious Excess in 1970s Paris”, Alicia Drake
Հեղինակը արձանագրում է երկու կարևոր, գերհայտնի դիզայներների կարիերաների` Yves Saint Laurent-ի և Karl Lagerfeld-ի պատմությունը: Եվ ոչ միայն արձանագրում է, այլև անում է դա անհավանական և սկանդալային մանրամասներով. այն աստիճան մանրամասներով, որ անգամ 2006թ.-ին Lagerfeld-ը դատի տվեց Դրեյքին` նման մանրամասներ անձնական կյանքից հրապարակելու համար:
Նշենք, որ այս գրքերը կարող եք ձեռք բերել ոչ միայն աշխարհահռչակ Amazon-ի նորաձևության հսկայական գրադարանից և այլ գրախանութներից, այլև փոխառել գրադարաններում: Հայկական «բարի» ավանդույթին համապատասխան՝ կարող եք նաև բեռնել ինտերնետից, հուսով ենք, անվճար: Փնտրե՛ք և կգտնեք:
