Ինտիմ պլաստիկան մեր ժամանակներում բավական տարածված էսթետիկ միջամտություն է։ Այս միջամտության արդյունքում կանայք հնարավորություն ունեն իրենց ցանկալի տեսքի բերել սերական շուրթերն ու հարակից հատվածքները։ Այս միջամտությունը թրենդային է։ Սակայն կարևոր է նկատի ունենալ միջամտության բուն բժշկական կողմը՝ իրականացնել գրագետ և անվտանգ։ Անվտանգության հիմնական գործոնը մինչև վիրահատությունը արվող հետազոտություններն են, ինչպես նաև՝ հետվիրահատական պատշաճ խնամքը։ Այս թեմայով ենք զրուցել Մարգարյան ծննդատան» վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ գինեկոլոգ Նարեկ Մանուկյանի հետ։
–Ո՞ր դեպքերում է ինտիմ պլաստիկան ցուցում և ո՞ր դեպքերում է համարվում ցանկություն։
-Ինտիմ պլաստիկան կարող է ունենալ ինչպես բժշկական, այնպես էլ էսթետիկ նշանակություն։
Ցուցում են համարվում այն դեպքերը, երբ կան կոնկրետ օրգանական պատճառներ՝ միզարձակման և կղազատման հետ խնդիրներ, ցավ և դիսկոմֆորտ սեռական ուղիներում, ինչպես նաև սեռական օրգանների լայնացում և պատռվածքներից առաջացած դեֆորմացիաներ։
Ցանկություն է համարվում այն դեպքում, երբ կինը պարզապես անհարմարություն է զգում սեռական ուղիներում, բայց չունի որևէ լուրջ գանգատ, խնդիր։
Երկու դեպքում էլ մոտեցումն անհատական է, և միջամտությունն իրականացվում է բժշկի հետ մանրամասն քննարկումից հետո։
–Ի՞նչ է իրականացնում բժիշկը՝ խնդրում ենք նկարագրել պրոցեսը։
-Առաջնահերթ խորհրդատվության ժամանակ պարզում ենք ցուցումները, քննարկում պացիենտի ցանկություններն ու առաջնահերթությունները, մոտիվացիան։ Այնուհետև, կատարվում է պացիենտների կլինիկոլաբորատոր և գործիքային քննություններ, որոշվում է ինտիմ պլաստիկայի ձևը։ Կարող է լինել լաբիոպլաստիկա, որը իրենից ներկայացնում է մեծ և փոքր սեռական շուրթերի ձևի փոփոխություն։ Վագինոպլաստիկա, որը հեշտոցի նեղացումն է և պերինեոպլաստիկա, շեքի միջին հատվածի վերակառուցումն է։
Վիրահատությունը սովորաբար կատարվում է տեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում։ Միջինում տևում է մի ժամից մինչև մեկուկես ժամ։ Հետվիրահատական շրջանում կինը հաջորդ օրը տուն է գնում՝ ելնելով բժշկական ցուցումներից։
–Ի՞նչ է փոխվում կնոջ կյանքում ինտիմ պլաստիկայից հետո։
-Ինտիմ պլաստիկայից հետո կնոջ կյանքում, բացի օրգանական փոփոխություններից, սեռական կյանքը դառնում է ավելի վստահ, բարձրանում է կնոջ ինքնգնահատականը։ Բժշկական տեսանկյունից վերջնական արդյունքը կախված է բժշկի գնահատականից և կնոջ սպասումներից։
–Ի՞նչ խնամք է անհրաժեշտ և արդյոք անհրաժեշտություն կա կրկնելու միջամտությունը։
-Հետվիրահատական խնամքը կարևոր է բարդություններից խուսափելու համար։ Շատ կարևոր է հատկապես խնամքի և հիգիենայի պահպանումը, ծանրության բարձրացման սահմանափակումը, սեռական հարաբերությունից զերծ մնալը մինչև երկու-երեք ամիս։
Կրկնելու անհրաժեշտություն լինում է, երբ արդյունքը կնոջը չի բավարարում, կամ առաջանում են ռեցիդիվներ՝ ոչ ճիշտ խնամքի և պահպանման արդյունքում։

