Բոլորս էլ տեղյակ ենք նստակյաց կյանքի վատ հետևանքների մասին: Դիաբետից մինչև ավելորդ քաշ, խնդիրները կարող են բազմազան լինել:
Խնդրի էությունը հասկանալը մի հարց է, խնդրին լուծում տալը՝ մեկ այլ: 8-ժամյա նստակյաց աշխատանքը, մեքենայով կամ երթուղային տաքսով երկար երթևեկելը էապես ազդում են մեր առողջության վրա, իսկ մենք հաճախ անտեսում ենք այսպիսի իրադրությունը և ոչինչ չենք ձեռնարկում մեր մարմնին օգնելու համար:
Հենց այստեղ էլ երևան է գալիս պիլատեսը որպես նորարարական վարժությունների ամբողջություն՝ ուղղված թարմություն և ճկունություն հաղորդելու ձեր մարմնին և հոգուն:
Womenshealth ամսագիրը ներկայացնում է 4 վարժությունից բաղկացած օրակարգ, որը մի քանի րոպեում կվերականգնի ձեր լավ ինքնազգացողությունը: Ձգվելու և ֆիզիկական աշխատանքի համադրությամբ, այս վարժությունները կազդեն ձեր մեջքի, ազդրերի և ոտքերի վրա ու կվերականգնեն ձեր մարմնի կենսունակությունը երկար ու նստակյաց օրվանից հետո:
Փորձեք յուրաքանչյուր վարժությանը տրամադրել մեկ րոպե և անցեք հաջորդին: Անհրաժեշտության դեպքում կարող եք վարժությունների միջև 20 վայրկյանանոց դադարներ տալ:
Ողնաշարի մարզում (Spine Twist)

Նստեք դեմքով դեպի ոտքերը, ոտքերը բացեք ազդրերից լայն, ձեռքերը պահեք ուղիղ՝ հորիզոնական դիրքով, ինչպես ցույց է տրված նկարում: Մարմնի վերին հատվածով պտտվեք աջ, հետո՝ ձախ՝ ընթացքում ուղիղ պահելով ձեռքերը:
Մկրատ

Պառկեք մեջքի վրա, մի ոտքը բարձրացրեք վեր 90 աստիճան, մյուս ոտքը ուղղահայաց դիրքում է:
Գլուխը, ուսերն ու պարանոցը կտրեք հատակից և ձեռքերով բռնեք ոտքի կոճը կամ սրունքը: Դանդաղ մոտեցրեք ոտքը մարմնին (որքան որ թույլ կտա ձեր ծնկատակի ջիլը):Փոխեք ոտքը և կրկնեք նույնը մյուս ոտքի համար:
Սղոց
Նստեք դեմքով դեպի ոտքերը, ձեռքերը պահեք ուղիղ-կողք՝ հորիզոնական դիրքով: Թեքվեք առաջ և ձախ ձեռքով հասեք աջ ոտնաթաթին՝ փորձելով կրծքավանդակը բաց պահել: Ընդունեք ելման դիրք և նույն գործողությունը կրկնեք աջ ձեռքի և ձախ ոտնաթաթի միջոցով:
Ջրահարս

Նստեք Z դիրքով՝ մեկ ոտքը ծալված դեպի առաջ, մյուսը՝ ետ:
Մեկ ձեռքը պահեք ուղղահայաց, խորը շունչ քաշեք, այնուհետև բարձրացրեք վեր և տարեք դեպի մյուս կողմ՝ ընթացքում արտաշնչելով:
Ընդունեք ելման դիրք և նույն գործողությունը կրկնեք մյուս ձեռքով:



