Ի՞նչ է փոփոխությունը բիզնեսի համար և ինչպե՞ս է պետք այն կառավարել։ Զրուցում ենք Change Consulting ընկերության հիմնադիր և տնօրեն Աննա Գրիգորյանի հետ։
–Ի՞նչ է փոփոխությունների կառավարումը ընդհանուր առմամբ, և ո՞ր դեպքում է բիզնեսը կանգնում այդ խնդրի առաջ։
-Փոփոխությունների կառավարումը (Change Management) գործընթացների կառավարումն է, որը կազմակերպությունները կիրառում են՝ արդյունավետորեն իրականացնելու, կառավարելու և ինտեգրելու նորարարությունները, փոփոխությունները կամ բարեփոխումները: Այն ներառում է ոչ միայն կազմակերպական գործընթացների կամ տեխնոլոգիաների փոփոխությունը, այլև աշխատակիցների վարքագծի և մշակույթի ադապտացիան՝ նպատակ ունենալով ապահովել հաջողություն սահուն կերպով:
Փոփոխությունների կառավարումը դառնում է հատկապես կարևոր այն դեպքերում, երբ կազմակերպությունները բախվում են անկանխատեսելի իրադարձությունների, ինչպիսիք են շուկայական ճգնաժամերը կամ տեխնոլոգիական հեղափոխությունները, որոնք պահանջում են արագ արձագանք և ադապտացիա:
Ընդհանրապես կազմակերպությունները կարիք են ունենում անցնել այս գործընթացների, երբ տեղի է ունենում շուկայում փոփոխություններ, նորարարություններ կամ նոր տեխնոլոգիաների, պրոցեսների ներդրման կարիք, ինչպես նաև ռեսուրսների վերադասավորման ժամանակ։ Փոփոխությունների կառավարման համակարգերի ներդրման կարիք է լինում նաև այն դեպքերում, երբ մի ընկերություն գնում է նոր բիզնես և կարիք է լինում համապատասխանեցնել օրինակ՝ ընկերությունների մշակույթները։
Այս բոլոր իրավիճակներում փոփոխությունների կառավարումը կարևոր է, որպեսզի անցումը լինի առանց լարվածության և արդյունավետ:
–Ինչպե՞ս է պետք պատրաստվել փոփոխություններին՝ անցնցում անցնելու այդ փուլը։
-Փոփոխություններին պատրաստվելը պահանջում է ռազմավարական մոտեցում։ Հիմնական քայլերից մեկը նպատակների և տեսլականի սահմանելն է, որից հետո պլանավորելը ըստ քայլերի հերթականության։ Այդ տեսլականը պետք է լինի ոչ միայն կազմակերպական, այլև անհատական՝ ներգրավելով յուրաքանչյուր աշխատակցի՝ պատկերացնել իրենց տեղն ու դերը փոփոխությունների արդյունքում։
Փոփոխությունների ժամանակ կարևոր հանգամանք է թիմի հետ աշխատանքը, դասընթացների կազմակերպումը և հաղորդակցությունը, ինչպես նաև տեղեկությունների փոխանակումը, որպեսզի նախապես կանխվի թիմի կամ աշխատակիցների դիմադրությունները։
Այս ամենի հետ մեկտեղ՝ կարևորվում է նաև էմոցիոնալ աջակցության ապահովումը, քանի որ ցանկացած փոփոխություն կարող է ստեղծել անհանգստություն և սթրես աշխատակիցների մոտ։
–Որո՞նք են փոփոխությունների շրջանում ամենատարածված սխալները, որ հանդիպում են բիզնեսներում ու ի՞ն չհետևանքներ կարող են դրանք ունենալ։
-Փոփոխությունների կառավարման մեջ բիզնեսներում կամ նախագծերում հանդիպող ամենատարածված սխալներից է, օրինակ՝ տեսլականի բացակայությունը կամ անորոշությունը, որից բխում են հետագա խնդիրները։ Հաճախ քաոս է լինում աշխատակիցների մոտ, քանի որ չեն հասկանում, թե ինչի համար են իրականացվում փոփոխությունները։ Գրեթե բոլոր ասպեկտներում կարևոր է անդրադառնալ աշխատակիցների արձագանքներին, պահել հաղորդակցությունը բոլոր մասնակիցների հետ։
Կարևոր է նշել նաև, որ հաճախ ղեկավարությունը թերագնահատում է փոփոխությունների ազդեցությունը ներքին մշակույթի վրա, ինչը կարող է լրջորեն խաթարել թիմային ոգին և աշխատանքի արդյունավետությունը։
Փոփոխությունները կարող են ձախողվել նաև այն դեպքում, եթե ղեկավարությունը ոչ ադեկվատ է կամ չի աջակցում փոփոխություններին։ Պատճառները բազմազան են, բայց վերոնշվածները հաճախ հանդիպող տարբերակներ են։
Ինչպես կանխել այս սխալները
- Մշակել հստակ և հասկանալի ռազմավարություն:
- Աշխատակիցներին ներգրավել գործընթացի բոլոր փուլերում:
- Ապահովել բաց և պարբերական հաղորդակցություն:
- Կազմակերպել դասընթացներ և տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ:
- Հետևել փոփոխությունների ազդեցությանը՝ հավաքելով հետադարձ կապ:
- Մշտապես լինել ճկուն և պատրաստ՝ ուղղելու սխալները ճանապարհին:
Այս քայլերը կօգնեն խուսափել սխալներից և կապահովեն թիմային ոգու բարձրացումը, ինչը կարևոր է հաջողության համար։
Այս սխալներից խուսափելը կօգնի փոփոխությունները իրականացնել ավելի սահուն, արդյունավետ և առանց մեծ կորուստների:
–Ինչպե՞ս է պետք պատրաստվել փոփոխություններին և ի՞նչ մասնագետների է անհրաժեշտ ներգրավել։
-Նախ և առաջ փոփոխությունների պետք է պատրաստ լինի ցանկացած կազմակերպություն, և դեպի փոփոխություն գնալը պահանջում է մանրակրկիտ պլանավորում և իհարկե փորձառու մասնագետների առկայություն։
Բացի այդ, կարևոր է ներգրավել արտաքին փորձագետներ և ներքին առաջնորդներ, ովքեր կարող են ներշնչել վստահություն և աջակցություն թիմի ներսում։
Երբ ընկերությունը հասկանում է, որ անհրաժեշտ է փոփոխություն կամ սահմանում է նպատակներ, այնուհետև կարիք է լինում ռիսկերի գնահատման, ռազմավարության մշակման և այլ գործընթացներով։ Հաճախ խորհուրդ է տրվում փոփոխությունները նախ իրականացնել փոքր խմբում կամ մեկ բաժնում՝ արդյունքները գնահատելու համար, որից հետո շտկումներ իրականացնել, այնուհետև անցնել մեծամասշտաբ ներդրմանը։
Իսկ մասնագետները ցանկալի է լինեն տարբեր ոլորտներում փորձառու, աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար։
Փոփոխությունների կառավարման գործընթացների ներդրման համար հիմնականում անհրաժեշտ են փոփոխությունների կառավարման մասնագետ (հաճախ հրավիրում են արտասահմանից), Մարդկային Ռեսուրսների կառավարիչ, Ֆինանսների կառավարիչ, Ռիսկերի կառավարիչ։
Ճիշտ մասնագետների ներգրավումը և հստակ պլանավորմամբ գործընթացը ապահովում են, որ փոփոխությունները լինեն սահուն, կառավարվող և բիզնեսի համար շահավետ։ Ավելին, այս գործընթացներում արդյունավետ է նաև տեխնոլոգիական գործիքների կիրառումը, ինչպիսիք են տվյալների վերլուծության և նախագծերի կառավարման ծրագրերը։
Հիմնականում կարևոր է, որ ողջ թիմը՝ ղեկավարությունից մինչև աշխատակիցներ ներգրավված լինի այդ գործընթացում։
–Ի՞նչ ծառայություններ է առաջարկում Ձեր ընկերությունը։ Ի՞նչ են բերում դրանք բիզնեսներին։
-Չենջ Քոնսալթինգ ընկերությունը առաջարկում է փոփոխությունների և Նախագծերի կառավարման խորհրդատվական ծառայություններ և դասընթացներ, որոնք օգնում են ընկերություններին անցնցում և սահուն կերպով հասնել ռազմավարական նպատակներին։ Մենք աջակցում ենք ընկերություններին իրականացնել Փոփոխությունները, սահմանել նպատակներ, ներգրավել փորձառու մասնագետներ, ինչպես նաև բացառիկ դասընթացներ, որոնք իրականացվում են սերտիֆիկացված մասնագետների կողմից։ Մեր ծառայությունները ներառում են նաև թվային տրանսֆորմացիայի խորհրդատվություն, որը նպաստում է բիզնեսների ավելի արագ հարմարվելուն տեխնոլոգիական նորարարություններին և բարելավել ներքին գործառույթները։ Ուզում եմ նշել, որ մենք արդեն գրավել ենք մեր տեղը շուկայում և արդեն մեր հաճախորդներն են Հայաստանում խոշոր ընկերությունները, որոնք ներկայացնում են բանկային, տեղեկատվական, ապահովագրական, հեռահաղորդակցության և այլ ոլորտներ։ Չենջ Քոսալթինգ ընկերությունը օգնում է բիզնեսներին բարձրացնել արդյունավետությունը, հստակեցնել նպատակները, բարելավել գործընթացները, զարգացնել աշխատակիցների հմտությունները և ձեռք բերել մրցակցային առավելություն՝ ապահովելով կայուն աճ և զարգացում։ Մեր ընկերության փորձառու մասնագետների շնորհիվ փոփոխություններ ենք բերում, դրա վառ ապացույցը մեր հավատարիմ հաճախորդներն են, որոնց հետ իրականացնում ենք շարունակական համագործակցություն։
Բացի այդ, մեր ընկերությունը հաճախ կազմակերպում է փոփոխությունների կառավարման՝ միջազգային մասնագետների կողմից անցկացվող սերտիֆիկացված դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս հայաստանյան բիզնեսներին ծանոթանալ համաշխարհային լավագույն փորձին և ներդնել այն իրենց մոտ։
–Արդյոք սա ավարտուն և միանվագ պրոցես է, թե փոփոխությունների կառավարումը ենթադրում է տևական աշխատանք ու հետևողականություն։
-Փոփոխությունների կառավարումը ավարտուն և միանվագ պրոցես չէ, այլ շարունակական աշխատանք է, որը պահանջում է հետևողականություն և շարունակական վերահսկողություն։ Եթե ընկերությունները պարբերաբար փոփոխություններ չիրականացնեն և չհարմարվեն շուկայի փոփոխվող պահանջներին, նրանք կարող են կորցնել իրենց մրցունակությունը, դառնալ ոչ ակտուալ և ի վերջո դադարեցնել գործունեությունը։ Ժամանակի ընթացքում ցանկացած շուկա կամ ոլորտ ենթարկվում է տեխնոլոգիական առաջընթացի կամ նոր մրցակիցների հայտնվելուն։ Եթե կազմակերպությունը պատրաստ չէ արագ արձագանքելու այդ փոփոխություններին, նրա դիրքը շուկայում կարող է աստիճանաբար թուլանալ։ Օրինակ՝Կոդակը (Kodak)՝ երկար տարիներ եղել է ֆոտոարդյունաբերության առաջատարներից մեկը։ Սակայն, թվային ֆոտոխցիկների ի հայտ գալուն զուգահեռ, ընկերությունը չկարողացավ ժամանակին հարմարվել թվային տեխնոլոգիաների նոր պահանջներին։ Մինչդեռ շուկան ակտիվորեն անցում էր կատարում թվային ձևաչափի, Կոդակը կենտրոնացած էր ավանդական ֆիլմերի արտադրության վրա։ Արդյունքում՝ ընկերությունը կորցրեց իր առաջատար դիրքըև ծանր տնտեսական հետևանքների ենթարկվեց։ Ի հակադրություն՝ Նեթֆլիքսը (Netflix) հաջողվեց վերափոխել իր բիզնես մոդելը։ Սկզբում սկսելով որպես DVD վարձակալության ծառայություն, ընկերությունն արագ անցավ առցանց հոսքային ծառայությունների՝ կանխատեսելով շուկայի պահանջները։ Այս փոփոխությունների շնորհիվ Նեթֆլիքսը ոչ միայն մնաց մրցունակ, այլև դարձավ շուկայի առաջատար։ Այս երկու օրինակները ցույց են տալիս, որ փոփոխություններին չհետևելը կարող է հանգեցնել ընկերության անկմանը, մինչդեռ ճկունությունն ու առաջադեմ մտածելակերպը կարող են վերափոխել և վերասահմանել բիզնեսի հաջողությունը։
Կարևոր է նշել, որ ժամանակակից բիզնեսներում փոփոխությունների կառավարումը ներառում է նաև տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը՝ օգտագործելով AI և machine learning գործիքներ՝ կանխատեսելու և կառավարելու հնարավոր ռիսկերը։
Եվ այսպես, գալիս ենք այն մտքին, որ փոփոխությունների կառավարումը շարունակական և դինամիկ գործընթաց է, որը պահանջում է երկարաժամկետ մտածողություն և հետևողական աշխատանք: Այն բիզնեսի աճի և հարմարվողականության անբաժանելի մասն է և չի սահմանափակվում միայն մեկ նախաձեռնությամբ կամ ծրագրով:




