Մաշկաբանական հիվանդությունների արդյունավետ բուժման համար մեծ նշանակություն ունի հստակ և ճշգրիտ ախտորոշումը։ Հաճախ կլինիկական ախտանշաններն ու մարդու գանգատները բուն հիվանդության մասին շատ ինֆորմացիա են տալիս։ Սակայն գործիքային հետազոտությունները հաստատում ու բացահայտում են այն, ինչ ուղղակի աչքով տեսնելն անհնար է։ Մաշկաբանության մեջ հետազոտությունների, և հատկապես, դերմատոսկոպիայի դերի մասին ենք խոսել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մաշկաբան, դերմատոսկոպիստ Շուշանիկ Կարապետյանի հետ։
-Բժշկուհի, խնդրում ենք ներկայացնել, թե ինչ է դերմատոսկոպիան։
-Դերմատոսկոպիան մաշկի ոչ ինվազիվ զննման մեթոդ է։ Այս մեթոդով մենք, չխախտելով մաշկի ամբողջականությունը, կարողանում ենք օպտիկական պոլյարիզացիոն իմերսիոն ֆիլտրերի կիրառմամբ վիզուալիզացնել ներմաշկային կառուցվածքները։
Այս ստրուկտուրաները նեղ մասնագիտական գիտելիքների, ունակությունների ու հմտությունների պարագայում համապատասխանեցվում է ախտահյուսվածաբանական պրոցեսներին։ Այսպիսով, ըստ պրոցեսների վերլուծության որոշում ենք, թե ինչ հիվանդության հետ գործ ունենք։
Մաշկային ախտաբանությունները կլինիկորեն իդենտիկ են։ Այսինքն մեկ կլինիկական պատկերի դեպքում կարող ենք ունենալ մի քանի կլինիկական ախտորոշման վարկած։ Դրա համար շատ կարևոր է դերմատոսկոպի դերը տարերակիչ ախտորոշում իրականացնելիս։
-Ի՞նչ հիվանդություններ ու մաշկային ինչպիսի՞ փոփոխություններ է հնարավոր ախտորոշել դերմատոսկոպով։
-Դերմատոսկոպն առաջնահերթորեն ստեղծվել էր մաշկի չարորակ ուռուցքներից ամենածանր ընթացք ունեցող մելանոմայի վաղ ախտորոշման համար։ Բայց հետագայում պարզ դարձավ, որ այս մեթոդը սկսեց կիրառվել նաև այլ հիվանդությունների հայտնաբերման համար։ Մելանոմայի վաղ հայտնաբերման պարագայում հինգ և ավելի տարվա վերապրելության հավանականությունը հասնում է 90 տոկոսի։ Մելանոմայի ուշ հայտնաբերման դեպքում այս տոկոսները նվազում են։
Դերմատոսկոպը կիրառում ենք այլ տարբեր հիվանդությունների ախտորոշման համար՝ բորբոքային խնդիրներ, անոթային խնդիրներ, բարորակ ուռուցքներ, էպիթելային ախտահարումներ։
-Որքանո՞վ է հետազոտության ճշգրտությունը մեծացնում բուժման արդյունավետությունը։
-Արդյունավետ բուժումը կախված է ճիշտ ախտորոշումից։ «Ի՞նչ անել» հարցի պատասխանը կախված է «Ի՞նչ է սա» հարցի պատասխանից։ Եթե մենք ունենք հստակ ախտորոշում, արդեն հստակ ախտորոշմանը համապատասխան բուժման ալգորիթմը հասանելի է։
Կլինիկական ախտորոշման ճշգրտությունն ընդունված է համարել 40-70 տոկոս՝ տարբեր հիվանդությունների դեպքում։ Կլինիկական զննում պլյուս դերմատոսկոպիա՝ ճշգրտությունը գնահատվում է 60-90 տոկոս։ Բժշկության մեջ 20-30 տոկոսի տարբերությունն ահռելի ցուցանիշ է։
-Ի՞նչ մասնագիտացում է պետք սարքով ախտորոշում իրականացնելու համար։
-Սարքը կիրառում է մաշկաբանը, որն ունի հատուկ մասնագիտացումէ դերմատոսկոպիա իրականացնելու ուղղությամբ։
-Ձեր Կենտրոն կարո՞ղ են այցելել պացիենտներ, որոնք բուժում են ստանում այլ կլինիկաներում։ Կարո՞ղ են ուրիշ կենտրոններից մաշկաբանները հստակ ախտորոշում ունենալու համար ուղղորդել պացիենտներին Ձեզ մոտ։
-Պրակտիկորեն ես տիրապետում եմ բոլոր մասնագետների հետ, և այն մաշկաբանների համար, որոնք չեն տիրապետում դերմատոսկոպիայի մեթոդին, ես հանդիսանում եմ ախտորոշումը ճշգրտող մասնագետ, իրականացնում եմ հետազոտությունը, կազմում եմ հետազոտման եզրակացություն, որի հիման վրա բժիշկն իրականացնում է բուժումը։
-Որքա՞ն ժամանակ է պահանջվում հետազոտությունն իրականացնելու համար։
-Բուն հետազոտման պրոցեսը 5-10 րոպե է տևում։ Սակայն բուն վերծանումը տևում է մոտ 2 օր, քանի որ այն իրականացվում է մանուալ, չկա որևէ րագիրն, որն ավտոմատ կերպով կիրականացնի պատկերների վերլուծությունը։
-Որպես ամփոփում՝ ովքե՞ր ու ո՞ր պարագայում կարող են գալ հետազոտության։ Արդյոք պարտադիր է բժշկի ուղեգրումը, թե մարդիկ իրենք որոշակի անհանգստության դեպքում կարող են պարզապես գալ հետազոտման։
-Այն դեպքում, երբ նկատվում են կասկածելի գոյացություններ, խալեր՝ սկսած պուբերտատ տարիքից, կամ երբ դեռևս փոքր տարիքից առաջացած խալերը ենթարկվում են փոփոխությունների, կամ մաշկի վրա կան որևէ փոփոխություններ, կարող են մարդիկ գալ հետազոտման, նույնիսկ երբ դեռ մաշկաբանի չեն այցելել։




