Կոպերի պլաստիկա․ ընդգծելով հայացքն ու երիտասարդությունը

Տարիները, հոգսերը, հույզերը, տխրությունը, գերհոգնածությունը, սթրեսները «կուտակվում» են աչքերում։ Հիվանդությունները, օրգանիզմի նյութափոխանակային խանգարումները, ամենատարբեր խնդիրները ևս տեսանելի են հենց աչքերի շրջանում։ Ինչ-որ պահի անհնար է լինում շպարով թաքցնել այն ամենն, ինչ արտահայտում են աչքերը։ Օգնության է գալիս պլաստիկ էսթետիկ վիրաբուժությունը, և մեկ միջամտությամբ չեզոքացնում այտուցները, կախված պարկերը, ճմռթված մաշկը։ Փոխարենն ընդգծում է հայացքի խորությունը, և թույլ է տալիս տեսնել դրական հույզերն ու աչքերի փայլը։

Մեր հարցազրույցը Հերացի թիվ 1 հիվադանոցային համալիրի պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժ Գուրգեն Մխիթարյանի հետ է։

-Բժիշկ Մխիթարյան, ինչու՞ է արվում բլեֆարոպլաստկան։
-Բլեֆարոպլաստիկան կոպերի շրջանում կատարվող վիրահատություն է, որը կատարվում է տարբեր նպատակներով: Բլեֆարոպլաստիկայի գլխավոր նպատակն է վերացնել վերին կոպերի կախվածությունը, ստորին կոպերի շրջանում առաջացած պարկերը և կոպերի շրջանում կնճիռները:

-Սա տարիքի դեմ պայքարի, էսթետիկայի, թե ֆիզիոլոգիական խնդիրների լուծման համար է։
-Տարիքը ուղիղ համեմատականորեն կախված է բլեֆարոպլաստիկա կատարելու հետ, քանի որ վերը նշված փոփոխությունները առաջանում են տարիքի մեծացմանը զուգահեռ: Իհարկե,  լինում են դեպքեր, երբ պացիենտը ցանկություն ունի փոխելու հայացքը և ստանալ օրինակ «աղվեսի աչքեր» Foxy eyes կոչված էֆեկտը: Նշեմ նաև, որ այս վիրահատությունը թրենդ է և մեծ պահանջարկ ունի այժմ երիտասարդների շրջանում:

-Խնդրում ենք ներկայացնել, թե ինչ պրոցես է տեղի ունենում կոպերի պլաստիկայի ժամանակ։
-Բլեֆարոպլաստիկայի ժամանակ հեռացվում է մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի ավելորդ հատվածները վերին և ստորին կոպերի շրջանում: Որոշակի ցուցումներով երբեմն կատարվում է ստորադիր մկանների ձգում և ֆիքսում՝  լիարժեք էսթետիկ արդյունքի հասնելու համար:

-Խոսենք նաև հետվիրահատական խնամքի մասին։
-Հետվիրահատական շրջանում անհրաժեշտ է օգտագործել որոշակի դեղորայք, արևային ակնոցների կրում և բժիշկի դինամիկ հսկողություն: Սա կարևոր է արդյունքի ապահովման տեսանկյունից։

-Արդյոք ստորին կոպերի ճողվածքները նորից կարող են հայտնվել վիրահատությունից որոշ ժամանակ անց։
-Բլեֆարոպլաստիկայի արդյունքը զգալի նկատելի է լինում 1-2 շաբաթ անց: Մաշկի ճիշտ խնամքի արդունքում էֆեկտիվությունը բավական երկարատև է: Սակայն տարբեր գործոններից կախված հնարավոր է պրոցեսի կրկնություն:Եվ սա մեծամասամբ պայմանավորված է օրգանիզմի առանձնահատկություններով, ինչպես նաև՝ արտաքին ազդեցության գործոններով։

-Ընդհանուր առմամբ որքան ժամանակ է պահպանվում այս վիրահատության արդյունքը։
-Պրոցեսի երկարատևությունը կախված է մի շարք գործոններից: Ազդող վնասակար գործոններն են ծխելը, արևի տակ երկարատև մնալը: Սովորաբար ճիշտ խնամքի և վնասակար գործոններից զերծ մնալու պարագայում վիրահատոության երկարատև էֆֆեկտը նկատելի է միջինում 10 տարի:

-Կարելի է այն համադրել դեմքի շրջանում արվող այլ վիրահատությունների, ասենք, ռինոպլաստիկայի կամ ձգումների հետ։
-Բլեֆարոպլաստիկան կարելի է համադրել քթի պլաստիկայի և դեմքի ձգում վիրահատության հետ, սակայն հստակ ցուցումներով, քանի որ այդ ժամանակ վիրահատության ծավալը մեծանում է և գործողությունը տրավմատիկ կարող է լինել պացիենտի համար: Սովորաբար դա կատարվում է երկփուլ, երբեմն նաև եռափուլ տարբերակով:

Leave a Comment