Կյանքի որակ և էսթետիկա․ դիմածնոտային վիրաբուժության հմայքը

Բազմաթիվ ապաքինված հիվանդների, վիրահատությունների, իրար հաջորդող հերթապահությունների, կյանքի ու կյանքի որակի համար պայքարի հետևում պարզ մարդկային պատմություններ են։ Ժամանակի հոսքի, խելահեղ ընթացքի, հաջողություն-ձախողում հերթագայության ընթացքում դրանք անտեսվում, մոռացվում են։ Բայց միշտ էլ, հետ նայելով, երևում է այն մի հատիկ որոշումը, որից սկիզբ է առնում հետագան։ Ու «ծնվում» են իրավաբանները, գեղանկարիչները, դիվանագետներն ու ուսուցիչները, բժիշկները՝ ու «կրում» իրենց մասնագիտությունը գենետիկ կոդում։

Մեր զրույցը «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայի դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ Գուրգեն Մխիթարյանի հետ է։ 5 տարեկանում սկսելով գրքեր կարդալ՝ 6-ում հասել է Բժիշկ պապի մասնագիտական գրականությանը։ Ու կայացվել է որոշումը՝ դառնալ բժիշկ։ Իսկ այսօրվա գործունեության հիմքում տարիների աշխատանքն է, կատարելագործումը, բարեհաջող վիրահատություններից եկող էմոցիաները, որոնք ամրապնդում են երբեմնի որոշումը, ու տանում առաջ։

-Բժիշկ Մխիթարյան, ո՞րն է դիմածնոտային վիրաբույժի մասնագիտության հմայքը, ու ի՞նչ կա դրա հետևում։
-Դիմածնոտային վիրաբուժության միջոցով կարելի է բարելավել պացիենտի կյանքի որակը։ Հմայքը այն է, որ օգնում է մարդկանց վերականգնել դիմածնոտային շրջանի և ատամնածնոտային համակարգի ֆունկցիոնալ խնդիրները։ Նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում իրականացնել ռեկոնստրուկտիվ վիրահատություններ և ապահովել նաև էսթետիկ շտկումներ։
Իսկ այդ ամենի հետևում տևական կրթություն է, շատ աշխատանք, մասնագիտական որակի կատարելագործում։


-Ընդհանուր առմամբ դժվա՞ր է բժշկի կայացումը և երբ կարելի է այն համարել ավարտուն։
-Կարծում եմ հեշտ աշխատանք չկա առհասարակ, սակայն ցանկացած դժվարություն հաղթահարել կարելի է, եթե կա մեծ սեր և նվիրում։ Իմ կարծիքով կայանալը ավարտ չունի, պետք է ձգտել միշտ ավելին սովորել և կիրառել։

-Ո՞րն է Ձեզ համար լավագույն արդյունքը և ո՞ր կետում, ի՞նչ քայլերից հետո է այն հասանելի։
-Լավագույն արդյունքը համարում եմ պացիենտի բարեհաջող բուժումը և կյանքի որակի բարելավումը։


-Ինչպե՞ս է դիմածնոտային վիրաբույժը դառնում պլաստիկ վիրաբույժ և ո՞րն է այս երկու ուղղությունների սահմանը։ Որքանո՞վ են իրար լրացնում և ամբողջացնում։
-Այս երկու ուղղությունները բավական մոտ են իրար, ու հաճախ են լրացնում մեկը մյուսին։ Դիմածնոտային վիրաբուժությունն ինքնին ընդգրկուն ուղղություն է, չափազանց հետաքրքիր և աշխատատար։ Պլաստիկ վիրաբույժ դառնալու համար այլ վերապատրաստումներ ևս անհրաժեշտ են։ Ինչպես նաև՝ անվերջ կատարելագործում պրակտիկ դեպքերով։ Երբ «միաձուլվում» են մասնագիտություները, յուրաքանչյուր ուղղությունն ավելի հիմնավոր է դառնում։

Ինձ համար այս ճանապարհը ևս լի էր մասնագիտական բացահայտումներով, ունիկալ դեպքերով, որոնք բացառիկ էին թե՛ մասնագիտական առումով, թե՛ պացիենտի կյանքում որոշիչ ու ճակատագրական լինելու։

-Ի՞նչ նշանակություն եք տալիս կրթությանն ընդհանրապես, ու հատկապես շարունակական զարգացմանը։ Որքանո՞վ են հասանելի Ձեր մասնագիտական ոլորտում առկա համաշխարհային զարգացումներն ու նորարարությունները մեզ։
-Կրթությունը շատ կարևոր եմ համարում ցանկացած ոլորտում։ Հնարավորությունները մեծ են ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում։ Մեր մասնագիտությանը վերաբերող համաշխարհային զարգացումները բավական հասանելի են։ Միջազգային կոնֆերանսները, մաստեր կլասերը, բոլորը բաց են և ցանկացած մարդ կարող է մասնակցել։ Ունեցել ենք աշխարհի առաջատար մասնագետների այցելություն Հայաստան, որոնց հետ բախտ է վիճակվել հանդիպել, կիսել նրանց փորձը, ներդնել մեր աշխատանքում։


-Որո՞նք են Ձեր աշխատանքային հիմնական սկզբունքներն ու պացիենտների նկատմամբ մոտեցումը։
-Իմ աշխատանքում կարևորում եմ ազնվությունը, պատասխանատվությունը։ Շատ կարևոր է անհատական մոտեցումը յուրաքանչյուր պացիենտին, պացիենտի մանրակրկիտ հետազոտությունը, պատրաստումը վիրահատության և հետագա դինամիկ հսկողությունը։

Ամփոփելով՝ նշեք, խնդրեմ, թե որոնք են Ձեր գործունեության հիմնական ուղղությունները։

-Առհասարակ դիմածնոտային վիրաբուժությունը զբաղվում է հետևյալ ուղղություններվ՝ դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդություններ, դիմածնոտային շրջանի վնասվածքներ, քունքստործնոդային հոդի հիվանդություններ, դիմածնոտային շրջանի էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, դիմածնոտային շրջանի բարորակ և չարորակ ուռուցքներ, ատամնային իմպլանտացիա։ Իմ պրակտիկայում բոլոր ուղղությունները կիրառելի են։

Leave a Comment