Բացառել և կենտրոնանալ․ մաշկային բիոպսիաներ

Օրգանիզմում տեղի ունեցող հիվանդագին վիճակները տարբերակելու և գնահատելու համար անհրաժեշտ է լիարժեք տիրապետել հյուսվածաբանական պրոցեսներին։ Մաշկային ախտահարումների դեպքում ևս շատ հաճախ օգնության է հասնում մաշկային բիոպսիան։ Թե ինչ է այն, պարզաբանում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մաշկաբան Գեղամ Բարսեղյանը։

– Բժիշկ, խնդրում ենք ներկայացնել ի՞նչ է իրենից ներկայացնում մաշկային բիոպսիան։
– Մաշկի բիոպսիան անվտանգ ամբուլատոր պրոցեդուրա է, որը կարևոր է թե՛ ախտորոշիչ, թե՛ գիտական առումով։
Մաշկի բիոպսիա կատարելիս մաշկի մի փոքր հատված հեռացվում է հատուկ բժշկական գործիքների միջոցով՝ հետագա հյուսվածաբանական հետազոտության համար:

-Ո՞ր հիվանդությունների դեպքում է այս ախտորոշիչ մեթոդը ինֆորմատիվ։
-Մաշկի բիոպսիան և բիոպսիայի հյուսվածաբանական հետազոտությունը անհրաժեշտ են մաշկային հիվանդությունների (էկզեմա, պսորիազ) կամ մաշկային դրսևորումներով համակարգային հիվանդությունների (մաշկային կարմիր գայլախտ), կամ մաշկի բակտերիալ կամ սնկային ինֆեկցիաների (պիոդերմա, ֆոլիկուլիտ, erysipelas, erythrasma, mycoses), կամ մաշկի քաղցկեղների (բազալ բջջային քաղցկեղ, թիթեղաբջջային քաղցկեղ, մելանոմա) ախտորոշման համար։

-Ինչպիսի՞ կասկածների դեպքում եք իրականացնում այն։
-Մաշկի բիոպսիան ցուցված է կասկածելի չարորակ նորագոյացության դեպքում մաշկի ուռուցքների հետազոտման կամ արդեն հայտնի չարորակ նորագոյացության բնույթը պարզելու համար (օրինակ՝ բազալբջջային կարցինոմա, տափակ բջջային քաղցկեղ, մելանոմա) նախքան խոշոր վիրահատությունը: Մաշկի բիոպսիան ցուցված է նաև մաշկային հիվանդությունների ախտորոշումը պարզաբանելու համար, երբ ախտանիշները երկիմաստ են և/կամ բուժումն անարդյունավետ է։

-Խնդրում ենք ներկայացնել, թե ինչ պրոցես է անցնում պացիենտը՝ բիոպսիայի դեպքում։
– Ընդհանուր առմամբ, նշեմ, որ բիոպսիան հազվադեպ է հակացուցված: Անհրաժեշտ նախազգուշական միջոցներ պետք է ձեռնարկվեն, եթե հիվանդը ալերգիկ է տեղային անզգայացնող միջոցներից կամ բիոպսիայի վայրում ակտիվ վարակի նշաններ ունի: Բիոպսիայից առաջ բժիշկը պետք է պարզաբանի (հիվանդը պետք է զեկուցի) վնասվածքների հետևանքով արյունահոսության հակման, հակակոագուլանտների ընդունման, որոնք կարող են ազդել արյունահոսության վրա, ցանկացած վիրահատությունից հետո արյունը դադարեցնելու հետ կապված խնդիրների մասին. այս ամենը կարող է վկայել մակարդման թաքնված գործոնների բացակայության մասին։ Այս իրավիճակը չի բացառում մաշկի բիոպսիան, սակայն դրա ավարտը կարող է ավելի երկար տևել:

Մաշկի բիոպսիան հատուկ նախապատրաստություն չի պահանջում, պրոցեդուրան տևում է 15-20 րոպե: Բժիշկը միջամտության տարածքը մշակում է հակասեպտիկ լուծույթով և կատարում տեղային անզգայացում: Հետո վերցնում է նյութը։
Բիոպսիան տեղադրվում է ֆիքսատիվ լուծույթի մեջ և ուղարկվում լաբորատորիա՝ միկրոսկոպիկ հետազոտության և պաթոլոգիական գործընթացի մորֆոլոգիական նշանների հայտնաբերման համար:Պրոցեդուրայից հետո բժիշկը կիրառում է ճնշումային վիրակապ (կամ կարում), փակում վերքը ստերիլ շղարշով և ամրացնում այն։ Վիրակապը կրելու տևողությունը որոշվում է բժշկի կողմից և կախված է կատարված բիոպսիայի ծավալից։

-Ի՞նչ հնարավորություն է տալիս բիոպսիան ախտորոշման տեսանկյունից և ինչքանով է օգնում բուժման արդյունավետությանը։
-Գոյություն ունեն ավելի քան 2000 գրանցված մաշկային հիվանդություններ, և դրանցից շատերն ունեն իրար շատ նմանվող ախտանիշներ։ Փաստորեն, բիոպսիան թույլ է տալիս բացառել մեծ թվով հիվանդություններ և կենտրոնանալ հստակ ախտորոշման հետ կապված բուժման և խնամքի վրա։

-Ի՞նչ հիմնական «միֆերի» եք հանդիպում, որոնք առկա են հանրության շրջանում կապված բիոպսիաների հետ, որոնք կուզեիք պարզաբանել։
-Մենք հաճախ ենք բախվում նման միֆերի, կամ չափազանցությունների։ Եվ դա բնական է, քանի որ ոչ մասնագետները, մեր այցելուները պարտավոր չեն բժշկական լայն գիտելիքների տիրապետել։ Հետևաբար, կարևոր է պատշաճ մասնագիտական բժշկական օգնությունը։

Համար 1-ին «միֆը», իհարկե, սա է․
Բիոպսիան կարող է քաղցկեղի տարածման պատճառ դառնալ:
Սա ճիշտ չէ. Բիոպսիան ընդամենը նմուշառում է մաշկից՝ վերջնական ախտորոշման համար քաղցկեղային բջիջների առկայությունը ստուգելու համար: Դրանք չեն դառնա քաղցկեղի տարածման պատճառ։
2–րդը, որ մաշկի քաղցկեղի զննման ժամանակ խալը ստուգելը պահանջում է վիրաբուժական հեռացում:
Սա ճիշտ չէ. Մելանոմայի ախտորոշման ավանդական մեթոդը նախկինում պահանջում էր խալի հեռացում, սակայն այժմ կարելի է փոքր նմուշ վերցնել և թեստավորել: Եթե նմուշները ցույց են տալիս մաշկի քաղցկեղ, մասնավորապես մելանոմա, ապա քննարկվում է հեռացման տեխնիկան՝ ապահովելու քաղցկեղային բջիջների արագ հեռացումը, որպեսզի դադարեցվի տարածման վտանգը:
3-րդն էլ այն է, որ մաշկի բիոպսիան ցավոտ պրոցեդուրա է։
Սա ճիշտ չէ։ Ինչպես սկզբում նշեցինք, բիոպսիան կատարվում է տեղային անզգայացմամբ։

Leave a Comment