Առողջության և էսթետիկայի նուրբ սահմանը. ինտիմ պլաստիկա

Ինտիմ պլաստիկան մեր ժամանակներում բավական տարածված էսթետիկ միջամտություն է։ Այս միջամտության արդյունքում կանայք հնարավորություն ունեն իրենց ցանկալի տեսքի բերել սերական շուրթերն ու հարակից հատվածքները։ Այս միջամտությունը թրենդային է։ Սակայն կարևոր է նկատի ունենալ միջամտության բուն բժշկական կողմը՝ իրականացնել գրագետ և անվտանգ։ Անվտանգության հիմնական գործոնը մինչև վիրահատությունը արվող հետազոտություններն են, ինչպես նաև՝ հետվիրահատական պատշաճ խնամքը։ Այս թեմայով ենք զրուցել Մարգարյան ծննդատան» վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ գինեկոլոգ Նարեկ Մանուկյանի հետ։

Ո՞ր դեպքերում է ինտիմ պլաստիկան ցուցում և ո՞ր դեպքերում է համարվում ցանկություն։
-Ինտիմ պլաստիկան կարող է ունենալ ինչպես բժշկական, այնպես էլ էսթետիկ նշանակություն։

Ցուցում են համարվում այն դեպքերը, երբ կան կոնկրետ օրգանական պատճառներ՝ միզարձակման և կղազատման հետ խնդիրներ, ցավ և դիսկոմֆորտ սեռական ուղիներում, ինչպես նաև սեռական օրգանների լայնացում և պատռվածքներից առաջացած դեֆորմացիաներ։

Ցանկություն է համարվում այն դեպքում, երբ կինը պարզապես անհարմարություն է զգում սեռական ուղիներում, բայց չունի որևէ լուրջ գանգատ, խնդիր։

Երկու դեպքում էլ մոտեցումն անհատական է, և միջամտությունն իրականացվում է բժշկի հետ մանրամասն քննարկումից հետո։

Ի՞նչ է իրականացնում բժիշկը՝ խնդրում ենք նկարագրել պրոցեսը։
-Առաջնահերթ խորհրդատվության ժամանակ պարզում ենք ցուցումները, քննարկում պացիենտի ցանկություններն ու առաջնահերթությունները, մոտիվացիան։ Այնուհետև, կատարվում է պացիենտների կլինիկոլաբորատոր և գործիքային քննություններ, որոշվում է ինտիմ պլաստիկայի ձևը։ Կարող է լինել լաբիոպլաստիկա, որը իրենից ներկայացնում է մեծ և փոքր սեռական շուրթերի ձևի փոփոխություն։ Վագինոպլաստիկա, որը հեշտոցի նեղացումն է և պերինեոպլաստիկա, շեքի միջին հատվածի վերակառուցումն է։

Վիրահատությունը սովորաբար կատարվում է տեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում։ Միջինում տևում է մի ժամից մինչև մեկուկես ժամ։ Հետվիրահատական շրջանում կինը հաջորդ օրը տուն է գնում՝ ելնելով բժշկական ցուցումներից։

Ի՞նչ է փոխվում կնոջ կյանքում ինտիմ պլաստիկայից հետո։
-Ինտիմ պլաստիկայից հետո կնոջ կյանքում, բացի օրգանական փոփոխություններից, սեռական կյանքը դառնում է ավելի վստահ, բարձրանում է կնոջ ինքնգնահատականը։ Բժշկական տեսանկյունից վերջնական արդյունքը կախված է բժշկի գնահատականից և կնոջ սպասումներից։

Ի՞նչ խնամք է անհրաժեշտ և արդյոք անհրաժեշտություն կա կրկնելու միջամտությունը։

-Հետվիրահատական խնամքը կարևոր է բարդություններից խուսափելու համար։ Շատ կարևոր է հատկապես խնամքի և հիգիենայի պահպանումը, ծանրության բարձրացման սահմանափակումը, սեռական հարաբերությունից զերծ մնալը մինչև երկու-երեք ամիս։

Կրկնելու անհրաժեշտություն լինում է, երբ արդյունքը կնոջը չի բավարարում, կամ առաջանում են ռեցիդիվներ՝ ոչ ճիշտ խնամքի և պահպանման արդյունքում։

Leave a Comment