Ժամանակակից արվեստ

Արվեստի աշխարհում մշտապես նոր ուղիների և արտահայտման միջոցների ձևեր են որոնվում: Այն, ինչ այժմ դասական է, նախկինում ժամանակակից էր համարվում և շփոթեցնում ժամանակի հայտնի արվեստագետներին: Անցյալում, հետևելով ավանդական ոճի առանձնահատկություններին, արվեստագետները չէին կարողանում իրենց տաղանդը ճիշտ ձևով դրսևորել և համեմատվել համաշխարհային արվեստի հայտնի ներկայացուցիչների հետ:

20-րդ դարի սկզբին արդեն նկատելի էին արվեստի նոր տեսակների դրսևորումները:
Արվեստագետները մեծ ուշադրություն էին դարձնում արվեստի գաղափարախոսությանը և իրենց աշխատանքներում օգտագործում էին այնպիսի նյութեր, որոնք այդ ժամանակաշրջանի համար նորություն էին:

Ժամանակակից արվեստը շեշտը դնում է ոչ միայն  արվեստի նկարագրության, այլև  ոճին բնորոշ գաղափարների, օբյեկտների և գործողությունների վրա:
Սովորաբար, արվեստի այս տեսակը կրում է քաղաքական և հոգևոր ուղերձներ:
Օրինակ՝ ժամանակակից արվեստի հայտնի ներկայացուցիչ Օտտո Դիքսն իր արվեստի միջոցով  քննադատում էր գերմանական կառավարությանը, մինչդեռ ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկին ժամանակակից արվեստի միջոցով ցանկանում էր հոգևոր իրականությունն արտացոլել:

Ժամանակակից արվեստն ուղղված է նոր և յուրօրինակ երևույթների բացահայտմանը:
Արվեստի այս ոճը հասկանալու և դրա խորությունն ընկալելու համար ներկայացնում ենք ժամանակակից արվեստի ամենահայտնի ներկայացուցիչներին և նրանց  աշխատանքները:

Պաբլո Պիկասո «Ավինոնյան կույսեր»

ժամանակակից արվեստ

Պաբլո Պիկասոյի «Ավինոնյան կույսեր» կտավը նրա առաջին կուբիստական աշխատանքն է: Նա նկարել է Բարսելոնայի մարմնավաճառներին, սակայն նրանց մարմինները և գլուխները պատկերել է  երկրաչափական պատկերների ձևով: Պիկասոյի արվեստը կայանում է նրանում, որ նա ընտրում է օբյեկտը, ուսումնասիրում և վերափոխում է այն: «Ավինոնյան կույսեր» նկարը ժամանակակից արվեստի հայտնի օրինակներից մեկն է:

Կազիմիր Մալևիչ, «Սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա»

ժամանակակից արվեստ

Ռուս նկարիչ Կազիմիր Մալևիչը 1915 թ-ին նկարել է ժամանակակից արվեստի ամենահայտնի կտավներից մեկը, այն է՝    «Սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա»:
Բոլոր գրաֆիկական տարրերը երկրաչափական պատկերներ դարձնելով և բաց գույներ օգտագործելով՝ Մալևիչը  ձգտում էր նկարչությունն ազատել քաղաքական և հասարակական ազդեցությունից:  Նա չէր ցանկանում իրականությունն արտացոլել, ուստի խուսափում էր խորհրդանիշներից:

Մարսել Դյուշան, «Շատրվան»

ժամանակակից արվեստ

20-րդ դարի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը Մարսել Դյուշանի «Շատրվան»-ն է: Ֆրանսիացի արվեստագետը համոզված էր, որ նկարիչը կարող է ընտրել յուրաքանչյուր օբյեկտ, որը գեղագիտական արժեք ունի, և  ստեղծագործությունը արվեստի գործ է դարձնում:

Ջեֆ Կունս, «Ճագարը»

ժամանակակից արվեստ

Ջեֆ Կունսը ամերիկացի նկարիչ է, ով հայտնի է քիտչի հանդեպ իր հետաքրքրությամբ: Նրա «Ճագարը» ստեղծագործությունն այնքան անթերի է, որ թվում է՝ մարդու կողմից չի ստեղծվել:
Այն մարմնավորում է հեղինակի ցանկությունները: Նկարիչն իր աշխատանքը նմանեցնում է քամելեոնի, քանի որ ճագարի գույները փոփոխվում են:

Թրեյսի Էմին, «Իմ մահճակալ»

ժամանակակից արվեստ

Թրեյսի Էմիննի ամենահայտնի աշխատանքը «Իմ մահճակալ»-ն է, որն արտահայտում է նրա երկարատև դեպրեսիան:
Օղու շշերը, ծխախոտի տուփերը, լուսանկարները և փափուկ խաղալիքը նույնն են մնացել. Թրեյսը ամեն բան  թողել է
այնպես, ինչպես իր ծանր օրերին էին: