Մսով կարկանդակ

2029

Այսօր մսային կարկանդակ եմ առաջարկում: Ի՞նչ կասեք, անցնե՞նք գործի: Այդ հարցում այսօր ինձ օգնելու է Նելլի Մարտիրոսյանը: Նրա պատրաստած գեղեցիկ կարկանդակը խիստ ոգևորող է ու ախորժաբեր, այնպես չէ՞:

Մեզ անհրաժեշտ է

 

Խմորի համար

2 ձու

2 բաժակ մածուն

200 գ կարագ

1 ճաշխ գդալ շաքարավազ

½ թեյի գդալ սոդա

1 թեյի գդալ աղ

4-5 բաժակ ալյուր

 

Միջուկի համար

 

1 կգ աղացած միս

3 միջին չափսի գլուխ սոխ

Սև, կարմիր պղպեղ

Սխտոր կամ սխտորի փոշի

Համեմ

 

Անցանք գործի:

Խմորը պատրաստվում է  շատ հեշտ ու շատ արագ: Բաղադրիչները հերթով ավելացնում ենք իրար: Չմոռանամ ասել, որ կարագը պետք է լինի փափկեցված, ոչ լրովին հալված: Կարող եք նաև հալված օգտագործել, սակայն փափկեցված կարագով խմորը միշտ ավելի նուրբ է ստացվում: Հալեցված կարագով փափուկ կստացվի նույնպես: Ընտրեք ինքներդ:

Սոդան, աղն ու ալյուրը միասին խառնում ենք, մաղելով ավելացնում ու հունցում ենք փափուկ խմոր:

Թողնում ենք խմորը հանգստանա 10-15 րոպե, որից հետո կարելի է օգտագործել: ավել թողնել խորհուրդ չէի տա, սոդայով խմորները երկար հանգստանալու դեպքում լավ չեն բարձրանում, կորցնում են նաև փափկությունը:

Պատրաստում ենք միջուկը:

Կրկին շատ հեշտ է ու շատ արագ: Աղացած միսը տապակում ենք սոխառածով, ինչպես բլինչիկի համար միջուկն ենք պատրաստում, ավելացնում ենք մի քիչ ջուր ու եփում փակ կափարիչով, մինչ միսը եփված կլինի: Վերջում ավելացնում ենք համեմունքներ, խառնում, բաց ենք թողնում թավայի կափարիչը, եթե ավելորդ հեղուկ կա: Ամենավերջում ավելացնում ենք նաև  մանրեցված կանաչին ու անջատում կրակը: Ահա և մեր կարկանդակի միջուկն էլ է պատրաստ:

 

Մեր արդեն լավ հանգստացած խմորը բաժանում ենք երկու գնդի: Մեկը գրտնակով բացում ենք, փռում ջեռոցի մեջ տապակի մեջ, այնպես, որ ողջ մակերեսը փակի, վրան հավասար տարածում ենք միջուկը: Այնուհետև բացում ենք մյուս գունդն ու դրանով ծածկում խճողակը, ծայրերը անցկացնում ենք առաջին շերտի տակ, որ կոկիկ ստացվի: Երեսին քսում ենք հարած դեղնուց:

Ահա և վերջ: Թխում ենք 180-200 աստիճան տաքացված ջեռոցում մինչ կարմրելը:

Մեր կարկանդակն արդեն անուշ բուրում է, կարելի է վայելել:

Մեր նախորդ հանդիպումները փնտրեք woman.am-ի խոհանոցային էջերում, հետևեք նաև թարմացումներին:

 

Մինչ նոր համեղ հանդիպումներ:

Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)