Խմորը

Լավ ու համեղ Միկադո ստանալու համար 3-4 ձուն (կախված ձվի չափսից) հարում ենք մեկ լավ լիքը բաժակ շաքարավազի հետ, ավելացնում ենք կամ մեկ 250 գրամանոց տուփ փափուկ կարագ կամ 1.5 բաժակ ձիթայուղ, կրկին հարում ենք այս ամենը և ավելացնում մեկ մեծ տուփ թթվասեր (400 գ):
Առանձին ամանի մեջ իրար ենք խառնում 1 ճաշի գդալ կակաոն, 1 թեյի գդալ սոդան ու մի բաժակ ալյուրը, այս ամենը խառնում ենք, մաղելով ավելացնում խմորի զանգվածին ու խառնում:

Մի կարևոր դիտարկում. սոդայով խմորները երբեք շատ խառնել, հունցել չի կարելի: Երբ բաղադրիչները լավ խառնված լինեն, կրկին մաղելով ավելացնում ենք ալյուր այնքան, որ ստացվի լավ փափուկ, գրտնակելու համար հարմար խմոր: Խմորը բաժանում ենք 12 գնդի, սրբիչով ծածկում ենք, թողնում հանգստանա ոչ շատ տաք տեղում:

Ի դեպ, իմ մյուս բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group-ում:

Այնուհետև նախապես տաքացված ջեռոցում թխում ենք ամեն մի գունդը՝ տապակի չափսով շատ բարակ գրտնակած: Խմորը շատ բարակ է լինելու, եթե գրտնակելիս պատռվի, չվախենաք, վերջնական տեսքի վրա դա չի երևալու: Պատրաստի շերտերը իրար ենք միացնում կրեմով, վերջին շերտին քսում եք կրեմ ու վրան շաղ տալիս քերած շոկոլադ:

Կրեմ

2 տուփ եփած խտացրած կաթը հարում ենք 300 գ սենյակային ջերմաստիճանի կարագի հետ: Ցանկության դեպքում կարող եք մի տուփ եփած խտացրած կաթը փոխարինել եփած կրեմով:

Հ. Գ. Ինչպես նկատեցիք, սոդան թթվասերի հետ խառնած չենք ավելացնում խմորին: Սա կարևոր է իմանալ: Սոդան ոչ մի խմորի մեջ առհասարակ չպետք է նախապես մարել կաթնամթերքով կամ այլ թթվային բաղադրիչով, քանի որ այդպես կորցնում ենք սոդայի արդյունավետության մեծ մասը: