«Հարսանիք է լինելու, փողին փող չեմ ասելու»

2
223

Մարդու կյանքում ամենատպավորիչ, անմոռանալի և, իհարկե, ամենածախսաբեր առիթը համարվում է հարսանիքը, որին, իհարկե, յուրաքանչյուրը պատրաստվում է յուրովի և իր կարողություններին համապատասխան:

Ծառայությունները բազմաթիվ են, ընտրությունները՝ անսահմանափակ, ուստի, եթե որոշել եք ամուսնանալ, ապա պետք է պատրաստ լինեք գրեթե կես տարի պատրաստվել այդ գեղեցիկ օրվան, որը, ինչպես ընդունված է ասել վայրկյանի պես թռնում է նորապսակների համար, բայց դրա հետ մեկտեղ կես տարի տարատեսակ խոսակցությունների թեմաներ է ապահովում ոչ միայն ներկա հյուրերի, այլև հարևանների ու ծանոթ-անծանոթ մարդկանց համար:

Փորձեցինք անցկացնել հարցում պարզելու համար, թե մեր համաքաղաքացիներն առհասարակ որքան ժամկետում են պատրաստվել իրենց օրվան և, առհասարակ, մտադիր են արդյոք մեծ գումարներ ծախսել ճոխ հարսանիք կազմակերպելու համար:

Հարցվածներից Ելենան, ով մեկ տարի է՝ ամուսնացած էր անկեղծացավ, որ երբեք էլ հարսանիքի էությունը չի տեսել ճոխության մեջ.

«Ինձ համար հարսանիքում կարևոր բաղադրիչը, որը պարտադիր պիտի լինի Աստծո օրհնություն ստանալն է, մնացածը ես, կներեք, համարում եմ ձևականություն և հարևաններին ուրախացնելու առիթ տալու ցանկություն: Ես իմ հարսանիքը կազմակերպել էի շատ նեղ շրջանակում և փոքրիկ հավաքույթ կազմակերպել»:

Հակառակ այս կարծիքի՝ Արեգը, ով նոր էր պատրաստվում ամուսնանալ, կարևորեց անմոռանալի հարսանիք կազմակերպելու գաղափարը.

«Ես շատ եմ սիրում հարսանիք ու չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր ասում են՝ դե լավ հա, առիթ ա էլի, մի երկու օր էլ պատրաստվես հերիքա: Յուրաքանչյուր մարդ, ըստ իս, երազում ա այդ օրը հեքիաթի վերածել ու առանց կողմնակի ճոխություններ թույլ տալու ես դա չեմ պատկերացնում, ուստի համամիտ եմ այն մարդկանց հետ, ովքեր տարեսկզբից էլ սկսում են մտածել ու զբաղվել իրենց հարսանիքի կազմակերպման աշխատանքներով»:

Այն հարցին, թե արդյո՞ք արժի մեծ գումարներ ծախսել, անգամ պարտքով վերցնել, եթե դրա կարիքը զգացվում է, Արեգը պատասխանեց.

«Բա, իհարկե, պարտքը կփակես, կանցնի, կգնա, բայց հարսանիքի օրը մեկ օր է, պիտի վայելես ու քեզ թույլ տաս ցանկացած բան, ինչը կգեղեցկացնի այն: Իմ հարսանիքը լինելու է շուտով ու ես փողին փող չեմ ասելու»:

Ականջալուր լինելով մեր համաքաղաքացիների կողմից հնչած բազմաբնույթ կարծիքներին՝ որոշեցինք երևակայորեն քայելել հարսի ու փեսայի ճանապարհով, հասկանալու համար, թե որքան է հարկավոր մարդուն միջին և ճոխ մակարդակով հարսանիք կազմակերպելու համար:

Ինչպես արդեն նշվեց Աստծո օրհնություն ստանալն ամենակարևորն է: Մի քանի եկեղեցու քահանաների հետ ունեցած զրույցից պարզ դարձավ, որ արարողությունը անվճար է և որևէ սահմանված գին չկա, բայց չշտապեցինք հեռանալ եկեղեցուց, փոխարեն գնեցինք մոմ և մոմավաճառի հետ զրույցի անցնելով՝ ստեղծեցինք մտերմիկ ու վստահելի դաշտ, որի արդյունքում մեզ հաջողվեց ճշտել, որ, ամեն դեպքում, 2500-3000 դրամ վճարելը պարտադիր պայման է:

Եկեղեցուց անմիջապես անցում ենք կատարում ԶԱԳՍ, իհարկե, նրանց համար, ովքեր ցանկություն են հայտնում գրանցել իրենց ամուսնությունը, որի համար իրենք պետք է պարզապես վճարեն պետական տուրքը՝ 1000 դրամ, բայց կան նաև այլ տարբերակներ ևս: Նորապսակների ցանկությամբ զագսավորման արարողությունը կարող է տեղի ունենալ նաև ԶԱԳՍ-ի աշխատավայրից դուրս, ինչը մեր օրերում հաճախ հանդիպող երևույթներից է, այդ դեպքում պատրաստ պիտի լինեն վճարել 51.000 դրամ:

Թերևս եկավ հարսանիքի ամենաքննարկվող և ամենաժամանակատար գործընթացի պահը՝ հարսի շորի ընտրությունը: Մեր քաղաքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել հարսանյաց սրահների, որտեղ հարսանյաց զգեստների առհելի տեսականի կա և ժամերով կարող ես խճճվել ընտրություն կատարելու մեջ: Միջին հաշվարկով պատկերը հետևյալն էր՝ 40 հազարից 2 միլիոն և ավելի կարող ես վճարել զգեստի համար կախված, թե որքան է ներում դրամապանակի պարունակությունը:

Զգեստն, իհարկե, ինչքան էլ շքեղ լինի ամեն դեպքում հարսն առանց վարսահարդման և դիմահարդարման լիարժեք գեղեցիկ տեսք ապահովել չի կարողանա:

Կախված, թե որ գեղեցկության սրահից կօգտվեք գները մոտավորապես տատանվում էին 20000-ից մինչև 70000 (գինը պայմանավորված է սանրվածքի բարդությունից):

Հարսին ամբողջապես պատկերացնելուց հետո անմիջապես անցում ենք կատարում դիզայներական ծառայություններ, որոնք իրենց ուսերին են վերցնում հարսի և փեսայի տան ձևավորումները, շքամուտքը, հարսանյաց սրահի ձևավորումը, այդ թվում նաև եկեղեցու կահավորումն ու շքեղ մեքենաների տրամադրումը:

Դիզայներական աշխատանքներ անցկացնող մի շարք ծառայություններ զանգահարելուց հետո պարզ դարձավ, որ վերը նշվածների գները այս պարագայում պայմանավորված է եղանակով, այսինքն օրինակ աշնանն ու ձմռանը տատանվում են 250.000-ից մինչև 300.000, քանի որ այդ ժամանակ համեմատաբար հարսանիքներն ավելի քիչ են լինում, իսկ ահա արդեն գարնանն ու ամռանը գները կբարձրանան հասնելով մինչև 450.000-ի:

Այնուհետև անցում կատարենք մեքենաների վարձույթին, որն էլ կախված է մակնիշից, որքան բարձր է մակնիշը, այնքան մեծ է վճարվելիք գումարը: Միջին պատկերով պիտի պատրաստ լինեն վճարեն մոտավորապես 50 հազար և կհասնի մինչև 250 հազար դրամ:

Եկավ երեկոյան խնջույքի կազմակերպման ծախսերը հոգալու ժամանակը, եթե սեղանին չեք ցանկանում դնել ճոխ ուտեստներ, որոնք հավելյալ գումար են իրենցից ենթադրում, ապա յուրաքանչյուր անձի համար կվճարեք 9-14 հազար դրամ կախված, թե որ ռեստորանային համալիրը կնախընտրեք: Սա իհարկե չի վերաբերվում յան ռեստորաններին, որոնց մեկ անձի վճարը տատանվում է 25-30 հազար դրամի սահմաններում, իսկ լի ճոխ ու տարատեսակ ուտեստների դեպքում գինը ակնհայտ կբարձրանա:

Այս ամենի մեջ թերևս պիտի իր համով առանձնանա և մեծ ուշադրության արժանանա հարսանեկան տորթը, որը մոտավորապես 120 հոգու համար կարժենա 200.000 և շատ ավելի. կախված դիզայնից կարող հասնել մինչև անգամ կես միլիոն դրամ:

Իհարկե հարսանիքում, հատկապես սրահում ներկաների տրամադրությունը բարձր պետք է ապահովեն հարսանիքի թամադան և երաժիշտները, եթե հայտնի մարդկանց նախապատվությունը չեք տալիս, ապա կվճարեք թամադայի դեպքում 100.000 դրամ, իսկ եթե հայտնի է, ապա 300.000 դրամ և ավելի կախված, թե ով կլինի:

Երեկոյի ամենասպասված ու գեղեցիկ պահերից է նաև հարսի պարը, որի համար ևս պետք է վճարեք, որ գնաց պարի դասընթացների, եթե, իհարկե,  մտերիմ պարուսույց չգտնվի, ապա կվճարեք 45.000-150.000 դրամ՝ արագացված տեմպերով պարել սովորելու համար: Դե, իհարկե այսքանն անելուց հետ բնականաբար այս ամենը կամփոփեն ու կանմահացնեն ֆոտո և վիդեո նկարահանող խումբը, որի համար էլ կվճարեք 100.000-ից մինչեւ անգամ 2 միլիոն դրամ՝ կախված ձեր ցանկություններից և, իհարկե, նկարահանող խմբի պրոֆեսիոնալիզմից:

Այս բոլոր ծախսերի ամփոփումը թողնում ենք ձեզ վրա, փոխարենը հիշեցնում, որ կարևորը երջանիկ լինելն է ցանկացած պարագայում 😉

2 Մեկնաբանություն

  1. … [Trackback]

    […] Find More on|Find More|Find More Informations here|Here you can find 66523 more Informations|Infos on that Topic: woman.am/հարսանիք-է-լինելու-փողին-փող-չեմ-ասել/ […]

Comments are closed.